Հայերեն   English   Русский  

Պահանջում ենք՝ դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը. Սասնա ծռեր խմբի անդամները նշում են ապստամբության 3-րդ տարեդարձը


  
դիտումներ: 86

Այսօր՝ հուլիսի 17-ին լրանում է ՊՊԾ գնդի գրավման 3-րդ տարին: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում գունդը գրաված Սասնա ծռեր խմբի ներկայացուցիչները խոսեցին տարիներ առաջ իրենց սկսած ապստամբության, դրա պատճառների ու հետևանքների մասին:

Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նախ շնորհավորեց բոլորին «հուլիսյան ապստամբության 3–րդ տարեդարձի առթիվ», ապա ընթերցեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության հայտարարությունը։

«Մարտի 1-ից հետո ակնհայտ դարձավ, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմն ավարտին է հասցրել պետության ամբողջական զավթումը և բռնապետության ձևավորումը: Ապրիլյան պայմանավորված պատերազմից հետո ակինհայտ դարձավ, որ ռեժիմը նաև ռուսական կայսրությանը ծառայող դավաճանական, գաղութային վարչակազմ է: Հետագա իրադարձություններից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը կանգ չի առնում և պատրաստվում է ավելի լայնամասշտաբ դավաճանության, որի հետևանքով կլինեն հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ, ինչն ի վերջո կհանգեցներ պետականության կորստի, ապա նաև ցեղասպանության և վերջնական հայրենազրկման:

Աղետը կանխելու և բռնապետությունից ազատագրվելու նպատակով ապստամբությունը դարձավ անհրաժեշտ ու պարտադիր:

Հուլիսյան ապստամբությամբ «Սասնա ծռերը» կանխեցին աղետը, վիժեցրեցին Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեցին կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018թ. հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդության միջոցով վերջապես հեռացնել ռեժիմին, սակայն հետագայում իրադարձությունները զարգացան անհեթեթ և հակառակ տրամաբանությամբ։ Ռազմագերի ապստամբները դեռ ամիսներ մնացին բանտում, փոխանակ անմիջապես ազատ արձակվեին, այնուհետև ազատ արձակվեցին ընդամենը կալանքից, սակայն շարունակվում են, որպես ամբաստանյալներ դատվել նախկին իշխանության կողմից առաջադրված կեղծ մեղադրանքով, ավելին, նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դեռևս բանտում են և ռազմագերի են արդեն հեղափոխպական կոչվող Հայաստանում»,–հայտարարեց նա։

Այսպիսով խուսակցությունը գործող իշխանությունից պահանջում է վերջ տալ երկակի ստանդարտներին.

«Պահանջում ենք՝ դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է։ Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրինբերգի առաջ, իսկ հուլիսի 17–ը պաշտոնապես դառնալու է ագային տոն։ Զուգահեռաբար Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ընդունվելու է ապստամբության իրավունքն ուղիղ սահմանող նոր Սահմանադրություն և ստեղծվելու է ազգային ու ժողովրդավարական պետություն»,–հայտարարեց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Խմբի անդամներից ներկայումս կալանքի տակ են միայն ոստիկանների սպանությունների կատարման համար մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Նշենք, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին 3 ոստիկան է զոհվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: