Հայերեն   English   Русский  

Ստամբուլյան կոնվենցիան և ՀՀ օրենսդրությունը (մաս 2)


  
դիտումներ: 1807

Նախորդ հրապարակումով մենք անդրադարձանք կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված «գենդերային պատկանելություն» և «գենդերային ինքնություն» հասկացություններին և խոստացանք պարզաբանել, թե ինչից է ծագում շփոթն ու խուճապը, ինչ նպատակներ է հետապնդում, ինչ հետևանքներ կարող է ունենալ և այլն: Եվ այսպես:

Ինչի՞ց է ծագում շփոթը

Բանն այն է, որ մինչ այս կանանց ու տղամարդկանց հավասարության հարցերին նվիրված այլ փաստաթղթերում և գրականության մեջ միշտ էլ օգտագործվել են «գենդեր» եզրույթն ու դրանով կազմված բառակապակցությունները: Առնվազն 1968 թվականից, երբ ամերիկացի գիտնական Ռոբերտ Ստոլլերն առաջարկեց այդ եզրույթը փոխառնել անգլերենի քերականությունից և «սեռի» (sex) փոխարեն գործածել այն դեպքերում, երբ խոսում ենք կանանց և տղամարդկանց մասին որպես սոցիալական էակների մասին, հասարակության մեջ նրանց ունեցած դիրքի, դերի, վարքի նորմերի, իրավունքների, նրանց փոխահարբերությունների մասին: Այդ է պատճառը, որ հաճախ գենդերը բնորոշում են որպես «սոցիալական սեռ»: Բայց այն անքակտելիորեն կապված է, ավելի ճիշտ՝ պայմանավորված է կենսաբանական սեռով: Եթե հակիրճ ձևակերպենք, գենդերն ավելի ընդգրկուն հասկացություն է, քան կենսաբանական սեռը, քանի որ բացի կնոջ և տղամարդու կենսաբանական բնութագրերից, ներառում է նաև սոցիալ-մշակութային բնութագրերը, տվյալ հասարակությունում ձևավորված պատկերացումներն իսկական կամ տիպար կնոջ և տիպար տղամարդու մասին: Բայց գենդեր ասելով հասկանում ենք կա՛մ տղամարդ, կա՛մ կին, ուրիշ ոչինչ:

Շփոթը գալիս է նրանից, երբ մասնագետներն ասում են, որ այն ձեռքբերովի է: Ինչո՞ւ, որովհետև երբ մարդը ծնվում է կին կամ տղամարդ, դեռ չգիտի, թե ինչպես պիտի դրսևորի իրեն որպես այդպիսին, ինչն է իրեն կարելի, ինչը ոչ, ինչ նորմերի պիտի հետևի և այլն: Այդ ամենը ծնված օրից նրան սովորեցնում են ծնողները, շրջապատը, ուսուցիչները, բոլոր այսպես կոչված սոցիալական գործակալները: Սա է այդ «ձեռքբերովի» բառի իմաստը:

Երբ 2013 թվականին մեզանում ընդունվում էր «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, մեծ իրարանցում առաջացավ հենց այդ բառի պատճառով, ընդդիմախոսները պնդում էին, որ այդ բառի տակ կարելի է հասկանալ նաև սեռափոխությունն ու միասեռականությունը: Եվ օրենքը մշակողները ստիպված էին մեծ ճիգ ու ջանք գործադրել, որպեսզի հասարակությանը հանգամանորեն բացատրեին այն, ինչ շատ սեղմ շարադրեցինք վերը: Բայց այժմ տեսնում ենք, որ ժամանակին արտահայտված մտահոգություններն այնքան էլ անհիմն չէին:

Հետևանքները

Ամբողջությամբ մեջբերենք խնդրո առարկա կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետը. «Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից»: (Ընդգծումը մերն է:)

«Սեռական կողմնորոշում» ասվածը բոլորի համար հասկանալի է, իսկ ինչ վերաբերում է «գենդերային ինքնությանը», արդեն նշել ենք՝ կոնվենցիայի մեկնաբանություններում բացատրված է, որ «սեռական ինքնություն» ասելով՝ պետք է նկատի ունենանք այն մարդկանց, որոնց սեռը, որով նրանք նույնականանում են, չի համապատասխանում նրանց ծննդաբերության ժամանակ ստացած սեռին. տրանսգենդերներ, տրանսվեստիտներ և այլ խմբեր: Փաստորեն խոսքը ԼԳԲՏ մարդկանց մասին է:

Բացեք կանանց և տղամարդկանց հավասարության կամ սեռի հատկանիշով անխտրականությանը վերաբերող ցանկացած այլ կոնվենցիա, որոնցից ամենակարևորները մենք վավերացրել ենք, այսպիսի բան չեք տեսնի, չկա կենսաբանական սեռից զատում, չկա սեռական կողմնորոշում, խոսքը կին-տղամարդ բնական միասնության մասին է:

Բայց այժմ պարզ երևում է, որ միտումնավոր խաղ է տարվում՝ կենսաբանական սեռը «աննկատ» կտրելով գենդերից և սեռի հատկանիշով անխտրականության սկզբունքը տարածելով նաև այն մարդկանց վրա, որոնք հրաժարվում են իրենց կենսաբանական սեռից կամ իրենց սեռական կյանքը վարում են ոչ ավանդական ձևով: Մի՞թե սեռերի ուսումնասիրության ոլորտում հայեցակարգային այսպիսի բեկումնային փոփոխություն է տեղի ունեցել: Համենայն դեպս և՛ այն մասնագետները, որոնք զբաղվում են գնդերային հարցերով, և՛ սույն կոնվենցիան ընդունած կառույցը պետք է պատասխան տան այս հարցին, որպեսզի մեր հանրությունն իր անելիքն իմանա:

Թե ինչ նպատակով է Եվրոպայի խորհուրդը կոնվենցիան անվանել պայքար կանանց և ընտանեկան բռնության դեմ, իսկ դրա դրույթներում խցկել սեռական փոքրմասնությունը, կարելի է միայն ենթադրություններ անել, բայց և կարելի է վստահ ասել, որ սա չի համապատասխանում ո՛չ մեր հանրության ըմբռնումներին, ո՛չ մեր Սահմանադրությանը, ո՛չ էլ օրենքներին: Եթե խոսքը սոսկ այդ փոքրամասնության նկատմամբ բռնությունն արգելելու մասին լիներ, իհարկե կարելի էր չանհանգստանալ: Ո՞վ կարող է դեմ լինել բռնություն չգործադրելուն: Բայց երբ կոնվենցիայում խոսվում է որոշակի միջոցառումների մասին, անհանգստությունը վերածվում է սարսափի:

Այսպես, կոնվենցիայի 12-րդ հոդվածը պարտավորեցնում է. «Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»:

Համանման հոդված գոյություն ունի նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում, բայց մենք ժամանակին հանգիստ խղճով վավերացրել ենք այն, քանի որ այդ կոնվենցիայում խոսվում է միայն կնոջ և տղամարդու մասին, հասկացել ենք, որ խոսքն այն սովորույթների մասին է, որոնք կանանց համար արգելքներ են սահմանում (դեմքը ծածկել, ուրիշների ներկայությամբ չխոսել, հանրային աշխատանք չկատարել և այլն): Բայց եթե խոսքը նաև սեռական փոքրամանությունների մասին է, ի՞նչ իմանանք, թե ինչ է նշանակում արմատախիլ անել սովորույթներն ու ավանդույթները, գուցե այն, որ ընտանիք ասելով՝ չհասկանա՞նք միայն կնոջ և տղամարդու միասնություն, ամուսիններ ասելով չհասկանա՞նք միայն կին և տղամարդ, այն, ինչ տեսնում ենք այսօր Արևմուտքում: Փաստորեն, ըստ այս կոնվենցիայի, եթե վաղը միասեռ ամուսնության օրենք պահանջեն, պիտի ընդունենք, այլապես դա կդիտվի ճնշում նրանց նկատմամբ:

Կամ կոնվենցիայի 14-րդ հոդվածով պարտավորեցվում են կրթական միջոցառումներ՝ կրթական բոլոր մակարդակներում ուսումնական նյութեր պաշտոնական ուսումնական ծրագրերում: Ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ բռնության դեմ պայքարի անվան տակ չի տարվի ոչ ավանդական սեռական հարաբերությունների պարզ քարոզչություն և դաստիարակություն:

Սա արդեն, ներեցեք, այս կամ այն հասկացության շուրջ անմեղ գիտական բանավեճ չէ, այլ ազգային անվտանգության խնդիր: Սույն կոնվենցիայով առաջադրվող մոտեցումներն ու միջոցառումները պարզապես կարող են աղետալի հետևանքներ ունենալ մի ժողովրդի համար, որը և՛ ժողովրդագրական, և՛ սահմանին թշնամուն դիմակայելու լուրջ, շատ լուրջ խնդիրներ ունի:

Հանգերգի պես կրկնում ենք՝ մենք դեմ ենք սեռական փոքրամասնության նկատմամբ բռնությանը, բայց և խիստ դեմ ենք նրանց քարոզչությանը: Ինչպես վերջերս պատասխանեց Վլադիմիր Պուտինը Էլթոն Ջոնին, թող Աստված բոլորին ողջ և առողջ պահի, բայց չի կարելի դիպչել երեխաներին, թողեք մեծանան, հասունան և իրենք որոշեն, թե ով են, ինչ են:

Հասարակության աղմուկն ու իշխանությունների լռությունը

Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի կարող ընդունվել որևէ իրավական ակտ, եթե չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Եթե ժամանակին ընդունվել է, ապա փոփոխվում է և համապատասխանեցվում: Բայց քանի որ միջազգային համաձայնագիրը հնարավոր չէ միակողմանիորեն փոփոխել, ապա պարզապես այն չի վավերացվում կամ վավերացվում է վերապահությամբ, եթե տվյալ համաձայնագիրը նման հնարավորություն տալիս է: Իսկ համապատասխանության հարցը, ըստ Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, որոշում է Սահմանադրական դատարանը: Ըստ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ կետի էլ, այդ հարցով Սահմանադրական դատարան է դիմում կառավարությունը: Դատարանի դրական որոշումից հետո է միայն կառավարությունը փաստաթուղթը ներկայացնում Ազգային ժողովի քննարկմանը:

Մենք դիմեցինք Սահմանադրական դատարան և հետևյալ պատասխանը ստացանք. «Ի պատասխան Ձեր 11.07.2019 թ. հարցման տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարան առ այսօր Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որևէ դիմում չի մուտքագրվել»:

Ուրեմն ինչի՞ց է առաջացել հասարակությունում այս իրարանցումը: Գրեթե ամեն օր թեժ քննարկումներ են ծավալվում, առանձին մասնագետներ հանդես են գալիս մեկնաբանություններով, համացանցում ստորագրահավաք է սկսվել, արդեն 2000-ից ավելի մարդ է ստորագրել, մինչդեռ կառավարությունը քար լռություն է պահպանում: Ո՞վ և ինչու է հրապարակ նետել այն տեղեկությունը, թե Եվրոպայի խորհուրդը պարտադրում է մեր կառավարությանը վավերացնել այդ կոնվենցիան, և մեր կառավարությունն էլ խոստացել է վավերացնել: Մեր կառավարության ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է առիթ-անառիթ համացանց մտնել և հաղորդակցվել իր սիրելի ժողովրդի հետ, ինչո՞ւ է լռում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: