Հայերեն   English   Русский  

Կապուտաչյա գեղեցկուհու մասին մտածում են բոլորը, սակայն լճի խնդիրները նվազելու փոխարեն ավելանում են. ի՞նչ է ֆիքսել մեր տեսախցիկը՝ տեսանյութ


  
դիտումներ: 169

Սևանա լճի խնդիրը կարծես մնում է օրհասական. լիճը կանաչում է, ավելանում են կանաչ ջրիմուռներն ու թունավոր քիմիական տարրերը,

Առողջապահության նախարարությունը հորդորում է լճում չլողալ, Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է, որ վտանգավոր ոչինչ չկա, որ իրենք սկսել են մաքրման աշխատանքներն ու առաջիկա 2-3 տարում ջրի վիճակը կկայունանա, ափամերձ հատվածների շահառուները պահանջում են հերքել տարածվող ապատեղեկատվությունն ու թույլ տալ աշխատել:Կարծես Սևանի ջրի մակարդակի բարձրացման ու որակի լավացման խնդրով մտահոգված են բոլորը, սակայն ջրի քանակի ու որակի խնդիրները լուծելուց զատ պետք է մտածել նաև հարակից ափամերձ հատվածները մաքրելու մասին:

Սևանա լճի ափամեձ այն տարածքները, որոնք մասնավորի կողմից սեփականաշնորհվել են, քիչ թե շատ մաքուր են, սակայն նույնը չենք կարող ասել հանրային լողափերի մասին, որոնք վարձակալված չեն: Մենք եղանք Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակայքում գտնվող մի քանի հանրային լողափերում, որտեղ սանիտարական վիճակին գնահատական տալը թերևս դժվար կլինի. ամենուր աղբ էր ու ուրիշ ոչինչ: Մեր այցի ընթացքում մարդիկ մոտենում էին, նայում լողափին ու մի երկու վիրավորական խոսք ասելով պատասխանատուներին՝ հեռանում:

Բայց այստեղ հարց է առաջանում. ովքե՞ր են պատասխանատուները, արդյո՞ք միայն պետք է մեղադրել այս կամ այն գերատեսչությանը՝ գործ չանելու համար:

Իհարկե չարդարացնելով որոշ մարմինների թերի աշխատանքը՝ պետք է նկատել, որ լճում հանգստացողները տարիներ շարունակ օգտվել են քիչ թե շատ մաքուր ջրից ու տարածքից, սակայն իրենց իսկ վարքագծով, իրենց հետևից թողած ամեն մի պոլիէթիլենային տոպրակով նպաստել են, որ լիճն ու հարակից տարածքը դառնա այն՝ ինչ կա այսօր:

Սևանը սիրում են բոլորը, Սևանա լճի մասին անհանգստանում են բոլորը, սակայն կապուտաչյա գեղեցկուհին մարդկային անտարբերության, անգործության ու եսասիրության արդյունքում կորցնում է իր նախկին փայլը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: