Հայերեն   English   Русский  

Նախարարությունում քննարկվել են հայ-բրիտանական կրթական համագործակցության զարգացման առաջիկա քայլերը


  
դիտումներ: 1158

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բրիտանական խորհրդի կրթության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Էվերիտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացված ծրագրերն ու համագործակցության զարգացման առաջիկա քայլերը:

Կարևորելով ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի շարունակական համագործակցությունը` նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն անդրադարձել է 2019 թվականի հունվարին տեղի ունեցած Կրթության համաշխարհային ֆորումի շրջանակում քննարկված մի շարք հարցերի: Մասնավորապես առանձնացվել է Հայաստանի 9 դպրոցներում անգլերենի ուսուցման ակումբների ծրագիրը, որը ներառում է դպրոցներում ակումբների բացում, կահավորում, համապատասխան ուսումնական նյութերի ապահովում, ինչպես նաեւ այդ ակումբներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստում:

Բրիտանական խորհրդի հետ հետագա համագործակցության համատեքստում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական կրթական կապերի ընդլայնմանը` կրթության բոլոր մակարդակներում: Մասնավորապես քննարկվել է համատեղ ֆորումի կազմակերպման հարցը, որի ընթացքում ստեղծարար արդյունաբերության եւ կրթության ոլորտների ներկայացուցիչները կհամախմբվեն մեկ պլատֆորմի շուրջ` հնարավորություն տալով տնտեսվարողներին և գործատուներին մասնակից դառնալ բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում աշխատաշուկայի կարիքներին միտված պահանջների ձեւավորմանը: Նախատեսվում է նաեւ Հայաստան-Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն կրթական երկխոսության կազմակերպում, որի շրջանակում կքննարկվեն ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: