Հայերեն   English   Русский  

​Գյումրին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարզական քաղաք է և իսկապես արժանի է մարզական մեծ համալիր ունենալու


  
դիտումներ: 852

Հուլիսի 16-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր,

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին (հունահռոեմական ոճի ըմբշամարտ), Աշխարհի, Եվրոպայի և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Կարապետ Չալյանին (հունահռոեմական ոճի ըմբշամարտ) և նրանց մարզիչներին:

Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական: Քաղաքապետն այնուհետ խոսեց մարզական ոլորտին առնչվող ծրագրերից՝ մասնավորապես առանձնացնելով Գյումրիում սպորտային համալիր ունենալու ծրագիրը, ապա խոսեց այդ և մի շարք այլ ուղղություններում առաջիկա անելիքների մասին:

«Ես հպարտանում եմ ձեզանով: Գյումրին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարզական քաղաք է. սա այն քաղաքն է, որ իսկապես արժանի է մարզական մեծ համալիր ունենալու»,- նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով մարզիչներին, որոնց ջանքերի շնորհիվ նույնիսկ տարրական պայմաններից զուրկ մարզադահլիճներում նման արդյունքներ են ստացվում: «Ես վստահ եմ, որ առաջիկայում ևս հաջողություններ կունենանք»,- հավելեց Սամվել Բալասանյանը:

Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար, խոսեցին սպորտի ոլորտում առկա խնդիրներից, քննարկեցին ու առաջ քաշեցին դրանց լուծման հնարավոր տարբերակներ, ապա նաև խոստացան հաջորդ մրցաշարերից ևս վերադառնալ մեդալներով:

Նշենք որ, Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց է կառուցվելու, հինը կվերանորոգվի 2020 թվականին:Օլիմպիական չեմպիոնը մարզադպրոցը գտնվում է մարզիկի հայրենի քաղաքում` Գյումրիում: Այն խարխուլ վիճակում է, որտեղ շարունակվում են մարզվել պատանի ըմբիշները:

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր[13][14] և աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։

2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև ՀՀ սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին։

2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։ Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Կիսաեզրափակչում նա պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ռեզաի Գասեմին (Իրան), բայց հետագայում, հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թվականների լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ:

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:

Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: 2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: