Հայերեն   English   Русский  

Կառավարության հետ որևէ մեկը շանտաժով չի կարող խոսել. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանում տեղի ունեցած բախումների մասին


  
դիտումներ: 74

Այսօր՝ հուլիսի 18-ին, Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երեկ երեկոյան իջևան քաղաքում տեղի ունեցած բախումներին՝ ոստիկանների ու փայտ վերավաճառողների միջև:

Փաշինյանը նշեց, որ իրենք դեռ մեկ տարի առաջ էին հայտարարել, որ վճռականորեն պետք է կասեցնեն ապօրինի ծառահատումների գործընթացը. «Երբ մենք էկրանների առաջ ամբիոններից հայտարարություններ ենք անում, մարդիկ էկրանների առաջ մեզ նայելով քմծիծաղ են տալիս և 2-3 օր դադարից հետո նույն գործողությունները շարունակում են: Կարող է տպավորություն լինել, թե Տավուշում, Լոռիում բոլորը զբաղված են փայտ կտրել ու վաճառելով: Բոլորովին այդպես չէ: Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որը երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց և այսօր գործ ունենք այդ ցանցի հետ:

Ես չեմ բացառում, որ այս գործողությունները թիկունքից, հետնաբեմերից կառավարվում են պոտենցիալ այն մարդկանց կողմից, որոնք անխուսափելիորեն կրելու են պատասխանատվություն: Ես ուզում եմ հստակ լինել՝ ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու եւ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգերի առաջ, այստեղ իրավապահ համակարգի գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործողության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Կառավարության հետ որեւէ մեկը շանտաժով չի կարող խոսել, և սա կյանքի կոչելը իրավական համակարգի խնդիրն է»,-ասաց վարչապետը:

Նա նաև նկատեց, որ մարդիկ պետք է հասկանան, որ անտառը չկտրելով՝ նրանք ավելի կարող են հարստանալ, քան կտրելուց եւ նկատեց՝ այն մարդիկ, ովքեր 30 տարի շարունակ արել են այդ սեւ գործը՝ կտրելով ծառերը, շարունակում են մնալ աղքատ. «Նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվել, ոնց եղել են՝ խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են: Սա նշանակում է, որ մենք գնում ենք սխալ ճանապարհով»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարներին ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի ընթացքում բախում է եղել և ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կա 13 ձերբակալված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: