Հայերեն   English   Русский  

Արդեն 11-րդ օրն է՝ նախկին զինվորականը անժամկետ հացադուլ է սկսել Կառավարության շենքի առաջ. ի՞նչ են ասում պատկան մարմինները


  
դիտումներ: 193

Արդեն 11-րդ օրն է նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը հացադուլ է սկսել Կառավարության շենքի առաջ՝ պահանջելով Պաշտպանության նախարարությունից իրեն վճարել հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։

Սա վերջին մեկ ամսում զինվորականի արդեն երկրորդ հացադուլի փորձն է։ Օրեր առաջ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել էր, ոստիկանները շտապ բուժօգնության աշխատակիցներին էին կանչել, սակայն նախկին զինվորականը հրաժարվել է օգնությունից:

«Ես հրաժարվել եմ հիվանդանոց տեղափոխվելուց, քանի որ նպատակահարմար չեմ գտել, հրաժարվել եմ նաև ներարկումներից: Ինչի՞ համար պետք է լավացնեն իմ ինքնազգացողությունը, նույն տրամաբանությամբ ես կարող էի նստել տանը, եթե ես եկել եմ ու դիմել եմ այս ծայրահեղ միջոցին, ուրեմն այն նպատակային է»,-այսօր մեզ հետ զրույցում ասաց նախկին մայորը:

Խաչատրյանը նշում է, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հացադուլի օրերին այցելել են իրեն, առաջարկել են խնդիրը քննարկել նախարարությունում ու որևէ լուծում գտնել:

«Մենք խոսեցինք, քննարկեցինք ամեն ինչ: Թեև տեսականորեն 15-ապատիկի փոխհատուցումը պետք է տրվի, սակայն գործնականում առայժմ ոչինչ չի արվում: Ես 2015 թվականից դատական գործերի մեջ եմ՝ ՊՆ-ի դեմ, այս տարիներին շատ խոստումներ եմ լսել, սակայն ոչ մեկը չի իրագործվել: Այս անգամ էլ գնացի նախարարություն, իրենք իրենց դիրքորոշումը հայտնեցին, որ պատրաստ են ամեն ինչ անել, իրենք էլ են ցանկանում, որ խնդիրը լուծում ստանա, սակայն ես հիմա ոչնչի չեմ հավատում»:

Ցոլակ Խաչատրյանը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու նպատակով դիմել է դատարան, հաղթել առաջին ատյանում, սակայն ՊՆ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։

«Իմ պահանջն այն է, որ ՊՆ-ն կատարի իր պարտավորությունները։ Այս տարվա մարտի 14-ին ՄԻՊ-ի կողմից հերթական որոշումն է կայացվել՝ կապված իմ խախտված իրավունքների հետ։ Առաջին անգամ երբ հացադուլ էի հայտարարել, ես ՄԻՊ-ի որոշումը և իմ դիմումը ներկայացրել եմ կառավարություն, վարչապետի օգնականն ինձ հետ խոսեց, հորդորեց դուրս գալ հացադուլից, քանի որ բոլոր հարցերը լուծվելու են օրինական ճանապարհով։ Հետո իմացա, որ հունիսի 19-ին վարչապետը խիստ հանձնարարական է իջեցրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և սահմանել աշխատանքային տասնօրյա ժամկետ՝ հարցին լուծում տալու համար: Բայց այդ ժամկետը սպառվելուց հետո իմացա, որ նախարարությունում ոչինչ չի արվել»,- ասաց Խաչատրյանը։

Նախկին մայորը նշում է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ իր փոխհատուցումը կտրվի կառավարության կամ Պաշտպանության նախարարության կողմից:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի կարող անել, եթե օրենսդրությամբ նախատեսված չէ փոխհատուցում տրամադրել:

«Պաշտպանության նախարարությունը չի որոշում չգնացած արձակուրդի համար տա՞լ փոխհատուցում, թե՞ ոչ: Եթե օրենսդրությամբ նախատեսված է, ապա կստանա, եթե ոչ, ուրեմն մենք ապօրինի փոխհատուցում չենք կարող տալ»,-ասաց Հովհաննիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: