Հայերեն   English   Русский  

Սևանա լճի վիճակը այս պահին լավ է, թափանցիկությունը հասել է 6,5 մետրի


  
դիտումներ: 60

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հետաքրքրվեց թե ինչ վիճակում է այժմ Սևանա լճի վիճակը:

«Այսօր Սևանի վիճակը բավական լավ է և այն թափանցիկության աստիճանը, որ հիմա կա, վերջին տարիների ընթացքում այսպես չի եղել՝ բավական լավ է որակական առումով: Թափանցիկությունը 6,5 մետրի է հասել, մինչդեռ 2017-2018 թվականներին այդ ցուցանիշը 2 մետր է եղել»,-ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը պարզաբանեց, որ կապտականաչավուն ջրիմուռների աճը մի քանի գործոնների հանրագումար է՝ և կեղտաջրերի հոսք, և ոչ պատշաճ մաքրված տարածքներ, և անասնապահություն, որոնց գումարվում են բնակլիմայական փոփոխությունները:

Նա նկատեց, որ շատ ջրավազաններում է նման իրավիճակ գրանցվել. «Բայց կեղտաջրերի նվազեցումը եւ ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն են: Այս պահին լավ է վիճակը»:

Էրիկ Գրիգորյան նշեց, որ ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել՝ միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խմ-ով ավելի, քան նախկինում եւ 40 մլն խմ ավելի պակաս տեղումներ ենք ունեցել:

«Նույնիսկ այս պայմաններում այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սեւանի լրացուցիչ ջրառի: Մոտ 10 մլն խմ ավել ջուր է եկել, քան նախորդ տարի: Նաեւ 36 մլն խմ ավելի քիչ ջուր ենք վերցրել Արարատյան դաշտի համար, քան անցյալ տարի այս օրը: Անգամ հայտից ավելի քիչ ջուր է վերցվել»,-ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի հուլիսի 1-ից մինչեւ այս օրը 4 սմ-ով Սեւանի մակարդակն իջել էր, իսկ այս տարի հուլիսին անգամ մեկ սմ-ով չի իջել. «Այս տարի ջրառը այս օրվա դրությամբ 50 մլն խմ է»:

Վարչապետը արձանագրեց՝ Սեւանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը եւ հիշեն այն սարսափելի տեսարանները, որոնց մասին հրապարակվում էր մամուլում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: