Հայերեն   English   Русский  

Գլեդիս Բերեջիկլյանը հուսով է` Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը. հարցազրույց


  
դիտումներ: 702

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում:

Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ:

- Տիկին Բերեջիկլյան, 2019թ. մարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում դարձաք նահանգի հայազգի և կին առաջին վարչապետը: Նոր Հարավային Ուելսն իր մեծությամբ և բնակչության թվաքանակով միքանի անգամ գերազանցում է Հայաստանին, իր տնտեսությամբ գերազանցում է նաև միշարք առաջատար երկրների: Համագործակցության ի՞նչպիսի հեռանկարներ եք տեսնումՀայաստանի Հանրապետության հետ: Փոխգործակցության ծրագրեր ունե՞ք, որոնք այսանցի ընթացքում արդեն քննարկել եք Հայաստանի վարչապետի կամ նախագահի հետ:

- Ծրագրերը շատ լայն են, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք պաշտոնական մակարդակում հզոր կապեր ստեղծել, որովհետև ոչ պաշտոնական մակարդակում մեր սրտերը շատ մոտ են: Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքը շատ հզոր է: Հայ համայնքի անդամները միշտ ցանկանում են ոչ միայն այցելել Հայաստան, այլ նաև օգտակար լինել երկրին: Պաշտոնական մակարդակում հարաբերությունները խորացնելու հարցը շատ լուրջ քննարկեցինք թե՛ վարչապետի, թե՛ նախագահի հետ, և հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք մեր հարաբերություններին պաշտոնական կարգավիճակ տալ:

- Հայաստան այցելել եք նաև 2013թ.-ին՝ ավստրալական քաղաքական գործիչներիպատվիրակության կազմում։ Այդ այցից 6 տարի է անցել, ի՞նչ փոփոխություններ եք նկատումՀայաստանում և ի՞նչ տպավորություններ ունեք այսօր:

- Սա առաջին անգամ է, որ Հայաստան այցելում եմ որպես վարչապետ, բայց, ընդհանուր առմամբ, չորրորդ այցն է: Այստեղ ազգականներ ունեմ, և միշտ փորձում եմ գալ Հայաստան: Հայաստանում շատ փոփոխություններ եմ նկատել: Կարծում եմ` ժողովուրդն ավելի լավատես է, ապագայի նկատմամբ ավելի հույսով է լցված, շինարարությունն է բավական զարգանում, սակայն որոշ հարցեր կան, որոնք ապագայում պետք է լուծվեն: Բայց ես լավատես եմ Հայաստանի հետ կապված և զգում եմ, որ սփյուռքի հայությունը միշտ Հայաստանի կողքին կանգնած է:

- Հայաստանում ինչն է ձեզ առավել գրավել, և Նոր Հարավային Ուելսի զբոսաշրջիկներին ինչը կարող է գրավել, որպեսզի նրանք էլ այցելեն Հայաստան:

- Կարծում եմ` Հայաստանում կգրավեն անուշ պատմությունը, տեսարժան վայրերը: Հայաստանն ավելի լավ ձևով պետք է մատուցի իր հարստությունները, մանավանդ պատմական արժեք ներկայացնող կոթողները: Օրինակ` արևմտյան աշխարհը, եթե տեղեկանա, որ այստեղ գոյություն ունեն 4-5-րդ դարերի եկեղեցիներ, նրանց մոտ մեծ հետաքրքրություն կառաջանա:

- Նախորդ անգամ նաև Արցախ էիք այցելել, այս անգամ այդպիսի այց նախատեսո՞ւմ եք:

- Դժբախտաբար, ոչ: Այս անգամ այցը շատ կարճ է, միայն մեկ շաբաթով եմ ժամանել ընտանեկան հարցերով, պետք է մասնակցեմ հարսանեկան արարողության: Բայց ապագայում դարձյալ կայցելեմ Արցախ, երկու անգամ եմ այնտեղ եղել, և միշտ ընկերներիս հորդորում եմ, որ իրենք էլ գնան: Մոտ ապագայում Ավստրալիայից պատգամավորական այլ խումբ կժամանի, հուսով եմ, որ նրանք կգնան Արցախ:

- Հպարտորեն նշում եք, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի թոռնուհի եք, ձեր գործունեության ընթացքում բազմիցս Ավստրալիայի իշխանություններին կոչ եք արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ ձեզ՝ Ավստրալիան երբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչ հնարավորություններ կան դրա համար, և ինչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ:

- Մեր նահանգն արդեն 20 տարի է` ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Արցախի անկախությունը ճանաչում է: Մենք հուսով ենք, որ Ավստրալիան նույնպես կճանաչի, եթե Գերմանիան և որոշ երկրներ կարող են ճանաչել, և ես միշտ իմ խորհրդարանական ընկերների մոտ այդ հարցը բարձրացնում եմ: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Ավստրալիան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Բերեջիկլյան

- Հայաստանից դուրս բարձր պաշտոնների շատ քիչ թվով հայեր են կարողանում հասնել: Ի՞նչ խորհուրդ կտաք սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր դեռ նոր են պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ:

- Երկու բան է ինձ միշտ օգնել` հավատն ու աշխատասիրությունը: Եթե անընդհատ աշխատես, ամեն ինչ կարող ես անել: Ինձ միշտ հարցնում են, թե ո՞րն է գաղտնիքը, ասում եմ` գաղտնիք չկա: Գիշեր-ցերեկ պետք է աշխատես, և պետք է միշտ լավատես լինես, այդ երկու բաները շատ կարևոր են:

Բերեջիկլյան

- Ապագայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ծրագրեր ու նպատակներ ունե՞ք:

- Ոչ, իմ վարչապետի պաշտոնը բավական է: Սակայն 17 տարի առաջ, երբ խորհրդարանի անդամ դարձա, բնավ չէի պատկերացնում, որ մի օր պետք է վարչապետ լինեմ: Բայց կամաց-կամաց, երբ մեկ հաջողություն գրանցում ես, հասկանում ես, որ մյուսին ևս կարող ես հասնել: Այդպես հասա այս պաշտոնին:

- Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: