Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատական նիստը հետաձգվեց. դատախազները դատարան չէին ներկայացել


  
դիտումներ: 285

Այսօր՝ հուլիսի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ Դատախազության կողմից բերված բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ դատախազ Դոլմազյանը գրություն էր ուղարկել դատարան, որ այսօր նույն ժամին այլ դատական նիստ ունի և չի կարող ներկայանալ սույն դատական նիստին: Նա միջնորդել էր հետաձգել նիստը, որպեսզի մեղադրող դատախազները ևս կարողանան ներկա լինել:

Ռոբերտ Քոչարյանը, որ ներակ էր դատական նիստին, հայտարարեց, որ միտումնավոր չեն ներկայացել, որպեսզի նիստը ձգձգվի: Դատավորը, սակայն, որոշեց հետաձգել նիստը: Գործով հաջորդ դատական նիստը կգումարվի հուլիսի 24-ին՝ ժամը 12-ին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Սակայն գույքը կալանքից չէր ազատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: