Հայերեն   English   Русский  

Զինվորական մասնագիտությունը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. Նիկոլ Փաշինյանը Արմավիրի զորամասում հանդիպել է կուրսատներին


  
դիտումներ: 78

Այսօր՝ հուլիսի 19-ին, Արմավիրի զորամասում կուրսանտների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր մեր պետությանը անհրաժեշտ է լինել ոչ միայն տարածաշրջանի ամենամարտունակ, այլև տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը:

«Համոզված եմ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել, որոնցից կարեւորը եղել է պատվով ու լավ ծառայելը հայրենիքին: Զինվորական ծառայությունը, զինվորական մասնագիտությունը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է: Մենք երբեմն զինծառայությունն ընկալելով որպես համազգեստի, կոշիկի, սննդի, նյութատեխնիկական հարցերի համատեքստում, որը շատ կարևոր է, քատ հաճախ չենք նկատում, որ զինվորական ծառայությունը, զինվորական գործը ամենաինտելեկտուալ գործերից մեկն է: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել դրա վրա:

Ընդհանրապես, ինչն է ժամկետային զինվորական ծառայության անցող զինվորի երկտարյա գործերից մեկը: Զինվորը մտնում է ուսումնական զորամաս, զորամաս եւ ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա սովորի զինվորական գործ:

Սա նշանակում է, որ բանակում դուք ստանում եք նոր գիտելիքներ, սովորում նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեռզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել՝ անկախ նրանից հետո զինվորական գործով կզբաղվեք, թե ոչ:

Զինվորի ծառայության ժամկետը ինչ-որ առումով նաեւ ուսումնառության ժամկետ է: Կառավարության առաջնահերություններից մեկն այն է, որ այդ շրջանը մաքսիմալ արդյունավետ օգտգործենք, որ զինվորը բանակից զորացրվելիս լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչեւ այդ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը կոչ արեց ուսումնական զորամասում ծառայելու առիթը բաց չթողնել. «Հարստացրեք ինքներդ ձեզ գիտելիքներով: Փորձեք հասկանալ, թե ինչ է զինվորական գործը: Սա շանս է սովորել, թե ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը: Իսկ ռազմավարական կամ մարտավարական մտածողությունը միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ: Զինծառայության ընթացքում ձեռք բերած հմտությունները ձեզ պիտի կարողանան օգնել ողջ կյանի ընթացքում: Հետեւաբար մեր հիմնական խնդիրն է, որ այդ հմտությունները ձեզ ամբողջ կյանքում ուղեկցի:

Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը: Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթելու տաղանդը:

Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այդ խնդիրը լուծելու համար ճանապարհը այն է, որ Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Իսկ դրա համար պետք է Հայաստանի հանրությունը լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, ՀՀ-ն պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը:

Հայրենիքին ծառայությունը ընդամենը երկու տարով ժամկետային զինծառայությունը չէ: Մեզնից յուրաքանչյուրը նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին՝ անկախ նրանից ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է: Չկա ավելի մեծ առաքելություն, քան հայրենիքին ծառայելու առաքելությունը, եւ չկա ավելի մեծ բերկրանք, քան հայրենիքի դրոշի ներքո կրած հաղթանակի բերկրանքը:

Ես տեսնում եմ, որ դուք հաղթող եք, հպարտ եք, դուխով եք, ուժեղ եք եւ դուք զինվոր եք»,- իր խոսքն ամփոփեց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: