Հայերեն   English   Русский  

Ինչու՞ է Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ծուխ առաջացել


  
դիտումներ: 69

Ռուսական «306» հեռուստաալիքը, հղում կատարելով ՌԴ ՔԿ-ին, տեղեկացնում է, որ «Հյուսիսային քամի» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանում ծուխն առաջ է եկել հիդրավլիկ հեղուկի և յուղի գոլորշիների՝ օդորակման համակարգում հայտնվելու պատճառով։ Նշվում է, որ այրվելու և հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել։ Ինքնաթիռը չի վնասվել։

Ինչպես ասել է չվերթի ուղեւորներից մեկը, սրահում իսկապես ծուխ է եղել, ինչից հետո մարդիկ սկսել են խուճապի մատնվել և գոռալ։

«Թռչում էինք Երեւան։ Ինքնաթիռն սկսեց թափ հավաքել։ Հանկարծ սրահում ծուխ առաջացավ։ Խիտ ծուխ էր։ Բոլորը խուճապահար եղան, սկսեցին գոռալ, բղավել։ Կեցցե օդաչուն, արագ կողմնորոշվեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը»,- ասել է երիտասարդը՝ հիշելով միջադեպի առաջին պահերը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվա-Երևան ինքնաթիռի միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր։ Ինքնաթիռի ուղևորների սրահում հենց թռիչքուղում ծուխ է առաջացել։ Դրա հետևանքով թռիչքը կանգնեցվել է, իսկ ուղեւորներին տարհանել են փչովի տրապով։ Հրդեհ չի եղել։ Արտակարգ իրադրության պահին ինքնաթիռում 173 ուղեւոր է եղել եւ անձնակազմի վեց անդամ։ Միջադեպի հետեւանքով տուժել է 8 մարդ։ Ուղեւորներին տարհանումից հետո տարել են F տերմինալ, եւ որոշ ժամանակ անց նրանք կարողացել են թռչել Հայաստան մեկ այլ ինքնաթիռով, բայց 28 մարդ հրաժարվել է թռչել պահուստային ինքնաթիռով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: