Հայերեն   English   Русский  

Եթե նույնը կատարված լիներ ԱՄՆ-ի քաղաքացիների հետ, հիմա պատերազմ էին սկսել. ինչու՞ են Հայաստանի 9 քաղաքացիները ապօրինաբար կալանավորված Ռուսաստանում


  
դիտումներ: 547

«Հայաստանի 9 քաղաքացիներ կալանավորված են, 1-ը՝ հետախուզվում է ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեցին Ռուսաստանից ժամանած փաստաբանները, որոնք գործով մեղադրվող հայերի պաշտպաններն են:

Փաստաբան Կարեն Ներսիսյանը նախ ներկայացրեց թե իրականում ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուքը, որի ժամանակ էլ սպանվել է նախկին հատուկ ջոկատայինը:

«Հունիսի 1-ին՝ ուշ երեկոյան, Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանի «ԲիրՀաուս» բարի մոտ է տեղի ունեցել վիճաբանությունը, որի ժամանակ էլ մահացու վիրավորում է ստացել նախկին հատուկջոկատայինը: Դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ երկու ռուս քաղաքացի իրենց անվայել են պահել բարում, որտեղ հայազգի քաղաքացիները ծնունդ են նշելիս եղել: Այնտեղ տղամարդկանցից բացի եղել են նաև կանայք և երեխաներ: Ռուսների անվայել պահվածքի համար մեր քաղաքացիները խնդրել են նրանց դուրս գալ բարից և չխանգարել: Դրսում ռուս քաղաքացիները ազգային հողի վրա վիրավորանքներ են սկսել հնչեցնել, սակայն մեր քաղաքացիները զսպվածության կոչ են արել: Այդ պահին փողոցով անցել է ռուս նախկին հատուկջոկատայինը, որը, իր անձի առանձնահատկությունից ելնելով և տեսնելով, որ այլազգիները փորձում են կարգի հրավիրել ռուսներին, հանում է ատրճանակը ու կրակում օդ: Հայերը փորձում են հանգստացնել նրան, ասել, որ փոքր վեճ է և ատրճանակի կարիք չկա, սակայն նա սկսում է կրակել մարդկանց ուղղությամբ: Կրակոցները կպել են այն մարդուն, որը, համաձայն մեր վարկածի, վիրավորվելուց հետո դանակահարել է ռուս հատուկջոկատայինին: Վիրավորը մարմնի 3 տարբեր հատվածներում հրազենային վնասվածք է ստացել: Կարելի է պնդել, որ վիրավորում ստանալուց հետո նա ինքնապաշտպանության է դիմել, պաշտպանել է իրեն և մյուսներին՝ դանակահարելով հատուկ ջոկատայինին»,- ասաց Ներսիսյանը:

Փաստաբանը նշեց, որ դեպքից հետո ոչ թե ռուս իրավապահներն են ձերբակալել Հայաստանի 9 քաղաքացիներին, այլ նրանցից 7-ն ինքնակամ են ներակայացել բաժին:

«Ձերբակալել երևի ճիշտ չի լինի ասել, քանի որ կալանավորված անձանցից 7-ն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն: Ինքնակամ ներկայանալու առիթը այն է եղել, որ գործի հանգամանքներից կարելի էր ենթադրել, որ պատիժը մեղմ կլինի: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նման ծանր հոդվածներ են կիրառվելու: Բայց նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց սպանության, սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով: Դրանք ամենածանր հոդվածներն են: Այդ հոդվածներով կարող են դատապարտվել մինչև ցմահ ազատազրկման»,-ասաց Ներսիսյանը:

Գործով ներգրավված փաստաբանները նշում են, որ ի սկզբանե՝ նախաքննության փուլից սկսած, գործը ոչ օբյեկտիվ քննության է ենթարկվել:

«Կարծում եմ, որ դրա հիմնական պատճառն այն է, որ նախաքննության մարմինը և մամուլը միանգամից այդ գործին տվել էին գնահատական, թե իբր խեղճուկրակ ռուս քաղաքացիներին եկել են այլազգիները նեղացնում են, սպանում են, իսկ մեր իշխանությունները լոյալ վերաբերմունք են ցույց տալիս, ոչինչ չեն անում: Կարծում եմ այս պահին, երբ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն վիճակում չեն, գործին նման բնույթ տալը ճիշտ չէ: Իմ անձնական կարծիքով ազգային խտրականության տարրեր կան գործում: Ի սկզբանե սպանության մեջ սկսվեց մեղադրվել Սերգեյ Խոջայանը, սակայն մեր ուսումնասիրություններով պարզել ենք, որ մահացու վիրավորում ռուս ջոկատայինին հասցրել է Հովհաննես Հայրապետովը»,- նշեցին փաստաբանները:

Վերջիններս ասում են, որ այն, ինչ գրված է քրեական գործում, իրականությանը չի համապատասխանում, մեղադրանքները շինծու են, հատուկջոկատայինին սպանել է ոչ թե Սերգեյ Խոջայանը, որ հիմա մեղադրվում է, այլ Հայրապետովը, որ հետախուզվում է, և այդ ամենի մասին շատ լավ գիտեն քննիչները, սակայն քննչական ծառայությանն այս պահին ձեռնտու չէ Հայապետովի հանձնվելը, քանի որ իրենք արդեն իսկ ապօրինություններով գործ են կազմել, մեղադրանքներ են առաջադրել ու այդ ամենը հրամցրել են հասարակությանը:

Փաստաբան Կարեն Ներսիսյանը նշում է, որ այս պահին Հայրապետովը հետախուզվում է գործի շրջանակներում, բայց նրա հարազատների միջոցով իրենք կարողացել են կապ հաստատել նրա հետ և փորձել համոզել ներկայանալ քննչական ծառայություն:

«Հովհաննեսը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ պատրաստ է ներակայանալ ու ինքնախոստովանական ցուցմունք տալ, եթե վստահ լինի, որ դրանից հետո բաց կթողնեն 9 ձերբակալվածներին: Բայց մենք նրան ասացինք, որ նման երաշխիքներ չենք կարող տալ իրեն, այդ պատճառով ճանապարհի կեսից նա հետ գնաց, քանի որ վստահ չէ, որ իր հանձնվելով ինչ-որ բան կփոխվի»:

Փաստաբանները նշում են, որ իրենք էլ հստակ չեն կարող ասել՝ ինչ կլինի, եթե Հայրապետովը հանձնվի:

Գործով մեկ այլ փաստաբան՝ Նարեկ Կոստանյանը, որ խուլիգանության մեջ մեղադրվող Ռուդիկ Մանուկյանի պաշտպանն է, նշում է, որ կան տեսագրություններ, որոնցում պարզ երևում է, որ Մանուկյանն իր ընկերոջ հետ մի կողմում կանգնած հետևում է վիճաբանությանը և ընդհանրապես չի մասնակցում վեճին, սակայն նրան ևս մեղադրանք է առաջադրվել խմբակային խուլիգանության հատկանիշներով և նա այս պահին կալանավորված է:

Գործի հետ կապված արդեն 1 ամսից ավելի է փաստաբանները փորձում են Ռուսաստանում և Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների ու պատկան մարմինների ուշադրությունը գրավել անօրինությունների վրա, սակայն անօգուտ:

«Մենք դիմել ենք և Ռուսաստանի դատախազություն, և Ռուսաստանի քննչական կոմիտե, և Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, և Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն, սակայն ոչ մի օգուտ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանը երբևէ չի հետաքրքրվում իր քաղաքացիների ճակատագրով, որոնք կալանավայրերում են: Դեպքից հետո ոչ մի անգամ մեր դեսպանն իր աթոռից վեր չի կացել, չի այցելել կալանավորված հայերին, չի ծանոթացել նրանց վիճակին: Եթե այս դեպքը կատարված լիներ ԱՄՆ-ի կամ մեկ այլ երկրի քաղաքացիների հետ, հիմա պատերազմ էին սկսել Ռուսաստանի դեմ: Բայց մեր քաղաքացիների մեջքին ոչ ոք չկա կանգնած: Ոստիկաններն էլ լավ գիտեն, որ պետությունն իր քաղաքացիներին չի պաշտպանում, դրա համար էլ ինչ ուզում անում են»,- ասաց Ներսիսյանը:

Այս պահին գործով ներգրավված փաստաբաններ Կարեն Ներսիսյանն ու Նարեկ Կոստանյանը Հայաստանում փորձում են Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպել, բայց ինչպես նրանք են նշում, այդ հանդիպումը չի ստացվում: Փաստաբանները սույն գործով դիմելու են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և փորձելու են ամեն ինչ անել, որ իշխանություններն օգնեն կալանավորվածներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: