Հայերեն   English   Русский  

Մասնագետները փորձում են լուծել Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու կայծակից ճաքած գմբեթի նորոգման հարցը


  
դիտումներ: 556

Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի հյուսիսային նիստերը 2018 թվականի սեպտեմբերի 9-ի կայծակի ուժգին հարվածից վնասվել են։

Գմբեթի վրա մաքրման աշխատանքներ կատարելիս մասնագետները հայտնաբերել են, որ ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել են ու լայն ճեղքեր առաջացրել։ «ՀՀ»-ի թղթակցին այս մասին հայտնեց Գանձասարի վանահայր տեր Սահակ վարդապետ Շաքարյանը. «Փորձում ենք լուծել այս կարեւոր հարցը։ Մաքրման աշխատանքներ կատարելիս արձանագրեցինք, որ քարերն ամբողջությամբ վնասվել են։ Սա թերեւս եկեղեցու խնդիրներից ամենաառաջնայինն է։ Գանձասարը օծման օրվանից առ այսօր հինգ անգամ հիմնանորոգվել է։ Վերջինը՝ 1992 թվականին, եւ մինչ օրս աշխատանքներն ընթանում են»։

Ինչպես տեղեկացրեց հայր սուրբը՝ եկեղեցու 777-ամյակին ընդառաջ Գանձասարում վերանորոգվել են շենքերի տանիքներն ու ծածկերը, կանաչապատվել է տարածքի ահռելի հատված, վերանորոգվել են միաբանական խցերն ու քառուղիները։ «2017 թվականին մենք մեծ հանդիսությամբ նշեցինք եկեղեցու օծման 777-ամյակը։ Տոնակատարությունների նախաշեմին կյանքի կոչեցինք տարբեր ծրագրեր՝ հրատարակչական, բարեկարգման աշխատանքներ՝ շնորհիվ նաեւ մեր հավատավոր հայորդիների։

Հուրախություն օտարերկրյա զբոսաշրջիկների՝ 11 լեզվով լույս ընծայեցինք Գանձասար վանքի համառոտ պատմությունը ներկայացնող նկարազարդ գիրքը։ Ուշագրավ մի ժողովածու լույս տեսավ Արցախի թեմի մասին՝ արխիվային փաստաթղթերի հիման վրա, վերահրատարակեցինք նաեւ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի աշխատություններից մեկը, որը վերջին անգամ տպագրվել էր 1895թ. Բաքվում»,-պատմեց տեր Սահակը։

Ասաց, որ մեծ ծրագրեր ունեն նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի առիթով։ «Կունենանք գրքերի տպագրություններ, միգուցե նաեւ գիտաժողով։ Ծրագրին դեռ պիտի սրբազանն իր օրհնությունը տա, այս պահին մանրամասնել չեմ կարող։ Նաեւ նկարազարդ պատկերներով գիրք պիտի լույս ընծայենք անցնող 30 տարվա ընթացքում թեմի տարածքում վերանորոգված եւ կառուցված եկեղեցիների մասին»,—նշեց տեր հայրը։

Անդրադառնալով Գանձասարի պատմությանն ու հոգեւոր նշանակությանը՝ տեր Սահակը շեշտեց՝ եկեղեցին եղել եւ մնում է ոչ միայն արցախահայության, այլեւ համայն հայության խորհրդանիշներից մեկը։ Նրա խոսքով՝ վանքի մասին հիացմունք են հայտնել ոչ միայն հայ, այլեւ բազում օտարազգի գիտնականներ։ Օրինակ՝ Ա. Յակոբսոնն ասել է՝ «Գանձասարի վանքը ոչ միայն ինքնատիպ է եւ իր կատարելության մեջ ինքնուրույն, այլեւ բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այսպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»։

Մեկ այլ նշանավոր գործիչ՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բյուզանդագետ Շարլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարում է Գանձասարը՝ Աղթամարի եւ Հռիփսիմեի տաճարներից հետո. «9-րդ դարից Գանձասարի այս բարձունքը եղել է Ջալալյան իշխանական տոհմի ընտանեկան դամբարանը։ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թթ. Խաչենի Հասան Ջալալ-Դոլա իշխանի միջոցներով։ Եկեղեցու շինարարական աշխատանքներն իշխանն ավարտեց ուղիղ 22 տարում։ Տաճարի խորանի տակ՝ 6 մետր խորության վրա, գտնվում է Ս. Հովհաննես Մկրտչի գլուխը։ Այստեղ ժամանակին շատ են եղել համաքրիստոնեական սրբերի մասունքներ, որոնք, ցավոք, մոնղոլական արշավանքների ընթացքին օտարները կողոպտել, տարել են։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր։ Վարդավառի տոնը Գանձասարի ուխտի օրն է համարվում, քանի-որ 1240 թվականի հենց այդ օրն օծվեց եկեղեցին»։

Պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության համաձայն՝ եկեղեցու օծմանը ներկա են եղել Աղվանքի կաթողիկոս Տեր-Ներսեսը՝ բազմաթիվ եպիսկոպոսներով, մեծ փիլիսոփա ու վարդապետ Վանականը՝ շատ ուսուցիչներով, բարձրաստիճան հոգեւորականներ՝ Հայաստան աշխարհի տարբեր գավառներից։ Գանձակեցին ասում է. «Եվ, երբ եկեղեցին օծումով մկրտվեց, մեծ ճաշկերույթ սարքեց Ջալալը։ Ինքն իր իսկ ձեռքով մատուցեց նստածներին եւ յուրաքանչյուրին, նրա պատվին համապատասխան, առատությամբ նվերներ տվեց ու ճամփու դրեց...»։

Տեր Սահակը ընդգծում է՝ Գանձասարի եկեղեցին ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ հայ ազգային-ազատագրական պայքարի կենտրոնը։ «1701թ. Իսրայել Օրին իր գաղտնի ժողովը Գանձասարի եկեղեցու գավթում է գումարել։ Գավիթը ավելի ուշ է կառուցվել։ Հիմնադրվել է 1261թ.՝ Հասանի եւ նրա կին Մամքանի կողմից, ավարտել է նրանց որդին՝ Աթաբեկը՝ 1266թ.։ Ճարտարապետական բարձրարժեքությամբ այն համարժեք է եկեղեցուն, ու միասին կազմում են զարգացած միջնադարի հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը»,-նշեց Գանձասարի վանահայրը։

Խաչագմբեթ եկեղեցիների տիպին պատկանող Գանձասարի այս հոյակերտ կառույցի արտաքին ճարտարապետության ողջ հարստությունը կենտրոնացված է գմբեթի բազմանիստ թմբուկի վրա։ Թմբուկի քանդակազարդ սյուները կրում են Ադամի եւ Եվայի, մանուկ Քրիստոսը բարուրած Աստվածամոր, Քրիստոսի, ծնկաչոք լուսապսակավոր երկու սրբերի, եկեղեցիների, ցուլերի գլուխների, թեւատարած արծվի բարձրաքանդակներ։ Ըստ ավանդույթի՝ Գանձասարի վանքը կառուցվել է Հովհաննես Մկրտչի մասունքների վրա։ Պատմիչ Մ. Կաղանկատվացու հիշատակությամբ՝ բազում դեգերումներից հետո Մկրտչի գլուխն ի վերջո հայտնվում է Արցախի իշխան Ջալալ Դոլայի եղբոր մոտ։ Երբ վերջինս հրաժարվում է իշխանին տալ սրբի գլուխը, Ջալալ Դոլան բռնի խլում է եղբորից եւ Գանձասար տանելով ամփոփում հողում։

Նույն տեղում հրաշակերտ այս եկեղեցին է կառուցում՝ անվանելով այն Գանձասարի Ս. Հովհաննես։ «1988թ. արցախյան ազատագրական պայքարի օրերին ադրբեջանցիները ամեն կերպ փորձել են ճեղքել այս հատվածը, բազմիցս ռմբակոծել են՝ ձգտելով ավերել, կործանել եկեղեցին, բայց Աստծո հրաշքով եւ իր հավատավոր զավակների աղոթքի շնորհիվ եկեղեցին կանգուն է մնացել։ Սա նաեւ խոսում է Գանձասարի՝ իր մեջ ունեցած մեծ զորության մասին»,-ընդգծում է Գանձասարի վանահայրը։

Ի դեպ, 2015թ.-ից Գանձասարում գործում է Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որտեղ պահպանվում եւ ցուցադրվում են պատմական Արցախ եւ Սյունիք նահանգներում գրված հարյուրավոր ձեռագիր մատյաններ, փրկված ձեռագրեր, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: