Հայերեն   English   Русский  

Սահմանադրական դատարանը ճիշտ լուծում է գտել` ՄԻԵԴ դիմելով. Հայկ Ալումյան


  
դիտումներ: 430

Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով այս գործընթացում հնարավոր զարգացումները, ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի Եվրոպական դատարանի կայացրած ակտը կրելու է բացառապես խորհրդատվական բնույթ և պարտադիր չի լինելու Սահմանադրական դատարանի համար։ Նա հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ի կարծիքը, այդուհանդերձ, շատ հեղինակավոր է։

«Երբ ներպետական ատյանը դիմում է ՄԻԵԴ, խնդիրը չի դրվում այսպես, թե արդյոք ինչ–որ մեկին պետք էր կալանավորել, թե ոչ, կամ մեր Սահմանադրության տեսանկյունից այս անձն անձեռնմխելի է, թե ոչ։ Խնդիրը դրվելու է այնպես, որ ՄԻԵԴ–ը մեկնաբանի եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք պետք է կիրառվեն տվյալ գործում» ,– ասել է Ալումյանը։

Նույն խորհրդատվական կարծիք ստանալու նպատակն է հետապնդում նաև Վենետիկի հանձնաժողովին դիմելը։ «Ես գտնում եմ, որ դա ճիշտ լուծում էր, քանի որ նպատակադրված արժեզրկվում են մեր դատական համակարգն ու դատական համակարգի կողմից կայացվող դատական ակտերը»,– ասել է Ալումյանը` հույս հայտնելով, որ միջազգային կառույցների կարծիքի հիման վրա կայացված դատական ակտն ավելի մեծ հեղինակություն կունենա հանրության շրջանում։

Թե ինչ որոշում կկայացնեն միջազգային ատյանները և ինչպես դրանք կազդեն ՍԴ–ի որոշման վրա, Ալումյանը կանխատեսումներ չի արել, բայց հարկ է համարել նշել, որ այդ որոշումները հետագայում կարող են հիմք ծառայել Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրոպական դատարանի որոշման համար։ «Օրինակ` եթե հիմա Եվրոպական դատարանը որևէ կարծիք արտահայտեց 300.1 հոդվածի հետ կապված, ապա հետագայում, եթե նույն խնդիրը ՄԻԵԴ–ում քննվի պարոն Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա, ապա ՄԻԵԴ–ն իր կարծիքը հազիվ թե փոխի»,– ասլ է Ալումյանը։

Ալումյանը հայտարարել է նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունն ու դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործում տանուլ են տվել, պետական այս կառույցներին չի հաջողվել հիմնավորել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ «Այդ է պատճառը, որ բոլոր լծակներն օգտագործելով` փորձում են հասնել նրան, որ Քոչարյանը պահվի կալանքի տակ»,- ասել է Ալումյանը։

Այս լծակների շարքում փաստաբանը մասնավորապես նշել է Քոչարյանի և մյուսների գործը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։ «Դավիթ Գրիգորյանի նկատմամբ արվածը մեսիջ է մնացած դատավորներին։ Բոլոր դատավորներին բաց տեքստով ասվում է՝ չհամարձակվեք Քոչարյանի օգտին որոշում կայացնել, այլապես կհայտնվեք Դավիթ Գրիգորյանի վիճակում»,- ասել է Ալումյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Հուլիսի 16–ին Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է անցկացվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: