Հայերեն   English   Русский  

​Նիկոլ Փաշինյանը Գյումրիում. նվերներ և բողոքներ


  
դիտումներ: 169

ՀՀ վարչապետ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Քաղաքում նաև էքսպո–ցուցահանդես է կազմակերպվել, որտեղ ավելի քան 60 ընկերություն ու անհատ ձեռներեց առանձին տաղավարներով ՀՀ վարչապետին ու Գյումրի այցելած հյուրերին ներկայացրել են իրենց արտադրանքը, իսկ Շիրակում գործող տուրիստական ընկերությունները` իրենց զբոսաշրջային հիմնական ուղղությունները:

Տաղավարներից մեկում Փաշինյանը կոշիկ է նվեր ստացել «Տավրոս» ընկերությունից։

«Հաճույքով կհագնեմ,– ասել է վարչապետը,– այս պահին իմ հագին, փողկապից բացի, ամեն ինչ տեղական արտադրության է, այնպես որ հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրվածը»։

Գյումրիում գործող LITTLE ANI ընկերությունն էլ վարչապետի կերպարով ու «դուխով» գլխարկով տիկնիկ է նվիրել նրան:

Տաղավարներից մեկի մոտ էլ վարչապետը փորձել է երկաթյա իր պատրաստել և խոստացել է մասնակցել Գյումրու խորհրդանիշներից մեկը համարվող հոլի մրցաշարին:

Սակայն մինչ տաղավարներով շրջելը տհաճ միջադեպ է տեղի ունեցել. 2 կին, փորձելով մոտենալ վարչապետին իրենց նամակները փոխանցելու համար, հանդիպել են ոստիկանների դիմադրությանը և սկսել են բղավել: Կանանցից մեկն ուշաթափվել է, մյուսը շարունակել է բղավել. «Իրանք դուբայները կհանգստանան, մենք բանկի վարկերի պատճառով սոված կմեռնինք»։ Վարչապետը նկատել է կնոջը, մոտեցել նրան, լսել վարկերի հետ կապված բողոքն ու իր օգնականին հանձնարարել է զբաղվել հարցով:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է մարզում գործող բանկային համակարգերի ծառայություններին, որպես առաջին այցելու` գրանցվել ՇԵՄՄ-ի՝ Հայաստանում առաջին օնլայն հաշվապահական կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: