Հայերեն   English   Русский  

​Կրոնա-աշխարհաքաղաքական գործընթացներն ու Վաշինգտոնի նախաձեռնությունը


  
դիտումներ: 685

Ընթացիկ շաբաթում կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում:

Աղոթքի միջազգային հանդիպում, կրոնական ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն:

Կրոնական տարազի տակ տարբեր ուղղություններ ներառած այս աշխատանքների բերումով Վաշինգտոնը համախմբել է հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ, որոնք կրոնական հետապնդումներից եւ հարձակումներից վերապրածների հետ քննարկում են ստեղծված իրավիճակների պատճառահետեւանքային խնդիրները:

Ճիշտ է, որ արծարծվում են տարբեր կրոնների եւ դավանանքների հետեւողների միջեւ հանդուրժողականության, համակեցության եւ վայրագության բացառման սկզբունքային մոտեցումների կիրառման հրամայականները, այսուհանդերձ ըմբռնելի է, որ հիմնական առաջադրանքը վերաբերում է Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ապրած ճգնաժամին եւ այդ պատճառով արձանագրվող զանգվածային արտահոսքին կամ ինչպես ընդհանրապես քաղաքագիտականորեն եզրաբանվում է` Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման գործընթացին:

Այս հիմնախնդրի առաջնայնությունը պարզաբանում էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, երբ զգուշացնում էր Միջին Արեւելքում մանավանդ քրիոստոնյաներին իրենց կրոնական համոզումների համար չհալածելու: Այստեղ մանավանդ քրիոստոնյաները շեշտադրումը բացատրում է օրակարգային թեժ կետը եւ պարզաբանում Վաշինգտոնի կողմից 115 երկրների ներկայացուցիչներ համախմբելու բուն շարժառիթը:

Զգուշացումը վերաբերում է այսօրվա իրավիճակին։ Վերապարածները վկայություններ են տվել իրենց ենթարկված հալածանքների մասին: Բոլորը շեշտել են անհետաձգելիությունը` վերջ տալու կրոնական-դավանական պատճառներից մեկնած ի գործ դրվող բռնություններին: Քաղաքականորեն սակայն պարզամտություն պիտի ենթադրեր զուտ կրոնական տարբերությունների հիման վրա այս ամբողջ գործընթացին բացատրություն տալը:

Կրոնական ծայրահեղականության անվան տակ տարածաշրջան թափանցած միջազգային ահաբեկչության նորագույն դրսեւորումը` աշխարհաքաղաքական ծրագրերի հետ առնչված վերահսկելի քաոսի տեսության գործնական կարեւոր բաժին էր: Շիա-սուննի դավանամիջյան բախումնային լարվածության առաջադրումից մինչեւ քրդերի, եզդիների, քրիսոտնյա փոքրամասնական ազգաբնակչությունների նկատմամբ կիրառված ցեղային զտումները ժողովրդագրական նոր քարտեզագծումների գործողությունների շղթայական օղակներ էին` ահաբեկչության պիտակով գործադրվող:

Այդ գործողությունների հետեւանքները սակայն միշտ չէ, որ մնում են վերահսկելի քաոս առաջադրողների ծրագրի սահմաններում եւ առաջացնում են անցանկալի իրավիճակներ:

Միջին Արեւելքում օգտագործվող ահաբեկչական գործոնը իր խաղաթղթային կարգավիճակը դեռեւ լրիվ չի սպառել: Ճշտվել են աշխարհագրական սահմանափակ գոտիները, որտեղ մեկտեղվել են այդ տարրերը, որոնք կոճակի սեղմումներով հանկարծ աշխուժանում են եւ ստեղծում ապահովական կացություն: Քնող-արթնացող ահաբեկչական բջիջների արմատական մաքրագործման գործողության ժամը դեռեւս չի հնչել։ Քաղաքական մեծ առեւտրի վերջնական գործարքը փաստորեն չի կայացել:

Մինչ այդ առաջադրվում է համեմատական խաղաղության հաստատման առընթեր փրկել կրոնական փոքրամասնությունների, ի մասնավորի քրիոստոնյաների մնացորդը տարածաշրջանում:

Հատկապես սիրիական պատերազմի թեժ օրերին միջազգային մամուլը անդրադառնում էր, որ տարածաշրջանում ազգային կրոնական փոքրամասնություններին եւ հատկապես քրիստոնյա զանգվածի նկատմամբ եվրոպական երկրները դեկլարատիվ-զորակցական կոչեր էին հնչեցնում, մինչ Մոսկվան գործնապես, ռազմական առումով տեր էր կանգնում նրանց: Հիմա, Վաշինգտոնը քաղաքական կարեվոր նախաձեռնությամբ միջազգային համախմբում է իրականացնում փրկելու համար այդ զանգվածների մնացորդը:Միանշանակ չի կարելի գնահատական տալ, թե այդ զանգվածի չհեռանալը որքանո՞վ է բխում նախաձեռնող կողմի շահերից. միաժամանակ անհրաժեշտ է մտածել, որ դա որքանո՞վ ձեռնտու չի այլ երկրների համար։ Հատկապես դրանց, որոնք սատարում էին ահաբեկիչների գործողություններին։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: