Հայերեն   English   Русский  

Արարատի մարզում արագիլներն աղետալի վիճակում են. մեղավորներին փնտրում են


  
դիտումներ: 452

Մասնագետներն աղտոտման աղբյուր են փնտրում Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշին համայնքին հարող ջրերում։

Ուսումնասիրվում են տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերը։

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում օրեր առաջ հայտնաբերված յուղոտված փետուրներով արագիլը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու, թե ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Facebook-ի պաշտոնական էջում այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Օրեր առաջ Արարատի մարզում արագիլների աղտոտման մասին ահազանգել էր Հայաստանի թռչունների պահպանման ՀԿ–ի նախագահ Մամիկոն Ղասաբյանը` հրապարակելով աղտոտված թռչունների լուսանկարները։

Իսկ Կենդանաբանության ինստիտուտի աշխատակցուհի Լյուբա Բալյանը Facebook-ում հայտնել էր, որ ինստիտուտի տարածք բերված արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ «փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ»:

Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի աշխատակիցներն ու Հայաստանի թռչունների պահպանման միության հետ այցելել են Արարատի մարզ և Հովտաշեն գյուղում մեծ թվով աղտոտված արագիլներ հայտնաբերել։

«Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետները ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ` պատճառը ավելին քան ակնհայտ է. ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացման և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ»,– գրում է մասնագետը:

Այս դեպքի առաջին ահազանգից անցել է շուրջ 1 ամիս, բայց պատճառներն ու մեղավորները դեռ հայտնաբերված չեն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով:

Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: