Հայերեն   English   Русский  

​Հովանավորչություն նորարարության ժապավեններով


  
դիտումներ: 4446

Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հատկացրել է 117 մլն դրամ, և անմիջապես հետևեցին բացասական արձագանքները:

Աղմուկը՝ «Բլեյան հեռացիր»

Որոշման հենց հաջորդ օրվանից տեղի ունեցան բողոքի ցույցեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարևան թիվ 181 դպրոցի բակում, այնուհետև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և կառավարության շենքերի մոտ, որոնց մասնակիցները Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 թաղամասի բնակիչներն ու տվյալ դպրոցի աշակերտների ծնողներն էին:

Պարզվեց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինությունը նախագիծ է մտահղացել՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում», որի նպատակն է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թիվ 181 հիմնական դպրոցը և հարակից թիվ 76, 93 և 95 մանկապարտեզները միավորել մեկ ընդհանուր տարածքում՝ մի անհասկանալի ձևակերպմամբ («ձևավորել սոցիալական նոր միջավայր, խնամված կանաչ՝ որպես ամբողջական ներառական բնակելի արվարձանի հանրակրթական միջավայր»)։ Եվ որքան էլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և՛ ցուցարար բնակիչներին, և՛ լրատվամիջոցներին հավատացնում էր, որ իր նպատակը սոսկ ընդհանուր ոռոգման համակարգի ստեղծումն է, բողոքող բնակիչները վերոհիշյալ ծրագրում թիվ 181 դպրոցի տարրական դասարանները և մանկապարտեզները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից կլանվելու հեռահար նպատակ էին տեսնում:

Բարեբախտաբար, ի պատասխան «168 ժամ» թերթի հարցումին, Երևանի քաղաքապետարանը պատասխանել է, որ կրթահամալիրի տվյալ առաջարկի վերաբերյալ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության միջնորդությունները մերժվել են: Դրանից հետո կրքերը կարծես թե հանդարտվել են:

Սակայն մեր հետաքրքրության տեսանկյունից ուշագրավ է այն, որ բողոքող ծնողների ամենամեծ մտավախությունն այն էր, որ հիշյալ կրթօջախների միավորման հետևանքով իրենց երեխաները ստիպված կլինեն կրթություն ստանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծրագրերով ու սկզբունքներով: «Բլեյան հեռացիր» պաստառնելով զինված ցուցարարները պաշտոնական հայտարարություն էին պահանջում այն մասին, որ իրենց դպրոցի աշակերտներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագիրը չի պարտադրվի։ Աշոտ Բլեյանը դարձյալ ստիպված եղավ հանդարտեցնել նրանց: «Այդպիսի որևէ մտադրություն ես չունեմ, ավելին՝ որևէ փաստաթուղթ իմ գիտությամբ դրա վերաբերյալ չկա։ Մեր կրթահամալիր կարող են ընդունվել միայն այն մարդիկ, ովքեր գիտակցված, ինքնուրույն և կամավոր կընտրեն մեր կրթական ծրագրերը»,- հայտարարել է նա։

Իսկ լրատվամիջոցների մեծ մասը, մեկնաբանելով տվյալ կրթահամալիրին պետական աջակցություն տրամադրելու որոշումը, ակնհայտ շահերի բախման մասին թափանցիկ ակնարկներ արեց՝ նշելով, որ այդ դպրոցում են սովորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաները, այժմ էլ սովորում է մի աղջիկը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Աշոտ Բլեյանը քավոր-սանիկական մտերիմ հարաբերությունների մեջ են: Մինչդեռ Աշոտ Բլեյանը հավատացնում է, որ և՛ վարչապետը, և՛ ներկայիս կրթության նախարարն այս պատմության մեջ որևէ դեր չունեն, քանի որ կառավարությունից իր կրթահամալիրը պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորում է ստացել ամեն տարի՝ սկսած 2005 թվականից:

Ո՞վ է իրավացի

Աշոտ Բլեյանն իրավացի է, երբ ասում է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ամեն տարի պետական բյուջեով միևնույն «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում» ծրագրի համար դրամաշնորհ է ստացել առանց մրցույթի, 94-125 մլն դրամի սահմաններում, նայած տարի: Բայց դա չի նշանակում, որ այդ մոտեցումը սրբություն է, մանավանդ նոր՝ հեղափոխական կառավարության համար, որը հակված է գրեթե ամեն ինչ անել նախկին կառավարությունների որոշումներին հակառակ՝ ամեն ինչի մեջ կոռուպցիոն ռիսկեր փնտրելով: Ուստի Բլեյանն իրավացի չէ, երբ ասում է, որ ներկայիս կառավարությունը դեր չունի իր դպրոցին աջակցելու գործում: Բոլորս հիշում ենք նոր կառավարության ձևավորման հենց հաջորդ օրվանից կրթության նախարարի արշավը «Այբ» դպրոցի դեմ, քանի՜ ամիս էր քննարկվում այն հարցը, թե ինչու է պետությունը դրամական միջոցներ հատկացրել այդ դպրոցին: Սակայն նույն այդ մոտեցմամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը երբևէ ուշադրության առարկա չդարձավ:

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» 1515-Ն որոշման մեջ սահմանված է, որ « 2019 թվականի ընթացքում իրավաբանական անձանց դրամաշնորհների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքում»:

Այդ իսկ պատճառով կրթահամալիրին տրամադրվելիք դրամաշնորհն այս տարի բաժանվել է երկու մասի: Մի մասը տրվել է նախկին կարգով՝ առանց մրցույթի, 2018-2019 ուս. տարին ավարտելու համար: Իսկ նոր ուսումնական տարվա համար կրթահամալիրը դրամաշնորհը ստանալու էր մրցույթով: Սակայն կառավարության հունիսի 6-ի որոշմամբ վերոհիշյալ 1515-Ն որոշման համապատասխան հավելվածում «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման կատարողի անվանման տողը փոփոխվել է, «Մասնագիտացված կազմակերպություն, Մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինվել են «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ» բառերով»: Այսինքն՝ բացառություն անելով՝ շարունակվել է խնդրո առարկա կրթահամալիրին առանց մրցույթի դրամաշնորհի հատկացումը: Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչություն: Հետևաբար ավելի քան իրավացի են ընդդիմախոսները, որոնք կրթության ներկայիս քաղաքականության մեջ խտրական մոտեցումներ են նկատում:

Ի՞նչ է «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացումը հանրակրթությունում»

Այսուհանդերձ, մեր կարծիքով, այս պատմության մեջ ամենակարևոր հարցն այն է, թե ինչի համար է նշված գումարները տրամադրվել, անկախ այն հանգամանքից, թե ով ում բարեկամն է: Որևէ բովանդակային վերլուծություն գտնելու մեր որոնումները, սակայն, հաջողությամբ չպսակվեցին:

Կարդանք հիշյալ հունիսի 6-ի՝ «ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման հիմնավորումը. «...Կառավարության որոշման նախագիծը բխում է բնույթով եզակի գործառույթներ իրականացնող «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կողմից «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից»: (Ընդգծումը մերն է:) Նշվում է, որ կրթահամալիրը պետական աջակցություն է ստանում, քանի որ այստեղ իրականացվում են պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության ծրագրեր, որոնք 2019 թվականի պետական բյուջեում ստացել են «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի մշակում և իրականացում՝ անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ՝ ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում» անվանումը: Այնուհետև այդ ամենը ներկայացվում է կետ առա կետ. հեղինակային կրթական ծրագրերի ստեղծում և լրամշակում, մեդիագրադարանի շարունակական լրացում, փորձի փոխանակում և տարածում, անհատի օժտվածության զարգացման բաց համակարգի ստեղծում, մանկավարժների վերապատրաստում, լրացուցիչ կրթության ծրագրերի իրականացում և այլն:

Սակայն հիմնավորման մեջ որևէ գիտական հաստատության և գնահատման ընթացակարգի հղում չկա, թե ովքեր և ինչպես են որոշել, որ այս ամենը եզակի է, օգտակար, անհրաժեշտ, տարածման արժանի և այլն: Որպես նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ և անձինք նշված են միայն ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցները: Փաստորեն գիտական հիմնավորման մասին խոսք լինել չի կարող, որոշումները կայացնում են չինովնիկներն իրենց հայեցողությամբ կամ աչքաչափով, այն էլ այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում, ինչպիսին կրթությունն է:

Ուստի ստիպված ենք մի քանի հարց ուղղել տվյալ կրթահամալիրին անընդմեջ պետական աջակցություն հատկացնելու մասին որոշում կայացնողներին՝ և՛ նախկին, և՛ ներկայիս իշխանություններին:

Հնարավոր է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական կազմը իրոք եզակի, բացառիկ ուսումնական ծրագրեր է կազմել և դասավանդման իրոք նորարարական, բեկումնային, հանճարեղ մեթոդներ է հղացել, բայց հնարավո՞ր է դա անել ամեն տարի, հնարավո՞ր է ամեն տարի նորարարություն համարել այն, ինչ նշվում է որպես մշակված ծրագրերի լրամշակում կամ գործունեության բնականոն շարունակություն:

Տվյալ նորարարությունը և դրա համար հատկացվող պետական աջակցությունը ցուցաբերվում է հանրապետության ընդհանուր կրթական համակարգի՞, թե՞ միայն մի կրթօջախի գործունեության բարելավման համար: Ինչպե՞ս է չափվում տվյալ ծրագրի օգտակար գործողության գործակիցը: Քանի՞ դպրոցներում է ներդրվել տվյալ նորարարությունը, եթե որոշ դպրոցներ, ինչպես տեսնում ենք, մերժում են այդ նորարարությունը, եթե տվյալ կրթահամալիրի տնօրենն էլ հավատացնում է, որ իրենց կրթահամալիր կարող են ընդունվել միայն այն մարդիկ, ովքեր գիտակցված, ինքնուրույն և կամավոր կընտրեն իրենց կրթական ծրագրերը:

Հայաստանի հարկատուները, որոնց համար կրթության ներկայիս անմխիթար վիճակը չափազանց ցավոտ թեմա է, իրավունք ունեն իմանալու, թե կրթության համար նախատեսված խիստ սուղ միջոցներն ում և ինչի համար են օգտագործվում: Ընդամենը:

Անահիտ Հարությունյան






Մեկնաբանություններ - 2

Սուսան     23.07.2019 Անմեղ բա՞ն է, որ նորից գրում եք. «Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հատկացրել է 117 մլն դրամ», երբ Ձեր նշած նյութերում չէիք կարող տեսած չլինել, որ խոսքը այս դեպքում 49 մլն-ի մասին է։ Ինչո՞ւ է եք շարունակում տարածել ապատեղեկատվությունը։

Սուսան     23.07.2019 Կրթահամալիրին «անընդմեջ պետական աջակցություն հատկացնելու մասին որոշում կայացնող» նախկին և ներկայիս իշխանություններն առաջնորդվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, որով որոշված են հանրակրթական ծրագրերը, այդ թվում՝ նաև պետական այլընտրանքային, հեղինակային կրթական ծրագրերը։
Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացվող նախադպրոցական կրթական ծրագիրը շարունակական է, ինչպես հանրապետության ցանկացած այլ համայնքային մանկապարտեզում։ Կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթությունը շարունակական է, ինչպես հանրապետության մյուս՝ պետական աջակցություն ստացող արտադպրոցական հաստատություններում, քանի դեռ տարատարիք սովորողներ ընտրում են իրականացվող կրթական ծրագրերը։
Անհատի օժտվածության բաց համակարգի գործունեությունը շարունակական է. անհատներն են փոխվում, գործիքները զարգանում, լրացվում, հետաքրքր դառնում։
Կրթահամալիրում ստեղծվող մեդիագրադարանը, մանկավարժական պարբերականը, հեղինակային կրթական ծրագրով ուսումնական ծրագրերի, նյութերի ստեղծումը շարունակական են, ինչպես դրանք շարունակական է պետական կրթական ծրագրով նյութերի մշակումը, հրապարակումը։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: