Հայերեն   English   Русский  

Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զոհված զինծառայողի հոգեվիճակը. Դավիթ Տոնոյան


  
դիտումներ: 86

Այսօր՝ հուլիսի 22-ին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Նախիջևանի սահմանից Հայաստանի ուղղությամբ արձակված կրակոցների և զինված ուժերում առկա բացթողումների մասին:

«Սահմանին՝ որոշ հատվածներում կան լարվածություններ, բայց անհանգստանալու խնդիր չունենք: Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել: Նախիջևանից կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաեւ կապ է հաստատված Նախիջեւանի Հանրապետության հարեւանների հետ, որ չկրկնվեն այդ դեպքերը»,-ասաց Տոնոյանը:

Նախարարը հստակեցրեց, որ կապ հաստատելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապի միջոցով է. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Այսինքն նորմալ, շատ դրական գործընթաց է»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

Խոսելով զինված ուժերի ներկա վիճակի մասին Տոնոյանն ասաց, որ տարվա կտրվածքով միջադեպերի նվազում կա:

«Այս դեպքում վիճակագրությունն ամենաանշնորհակալ մոտեցումն է, որ կարելի է ցուցաբերել, որովհետեւ ցանկացած մեկ զինծառայողի, գործընկերոջ մահը անվերականգնելի է եւ բարոյապես բոլորի վրա ազդում է: Կարող եմ ասել, որ ունենք որոշակի նվազում, բայց նաեւ ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու տվյալ զինծառայողի հոգեվիճակը: Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են, ավելին չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում»,-ասաց Տոնոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: