Հայերեն   English   Русский  

Իջևանում ոստիկաների կողմից եղել է ոչ համաչափ ուժի կիրառում. Ավետիք Իշխանյան


  
դիտումներ: 117

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Իջևանում ոստիկաների կողմից եղել է ոչ համաչափ ուժի կիրառում:

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, թեև իրենք դեպքի ժամանակ տեղում չեն եղել, սակայն մշտադիտարկում են իրականացրել համացանցով:

Իշխանության ներկայացուցիչների պնդումները, թե ոստիկանները բաց ձեռքերով են եղել, չեն ունեցել մահակներ, Ա.Իշխանյանի տարակուսանքն են հարուցում. «Դա ի՞նչ է նշանակում՝ ընդհանրապե՞ս ուժ չեն կիրառել, թե՞ համաչափ են կիրառել: Ես, ճիշտն ասած, իշխանության ներկայացուցիչների ասածը չեմ տեսել: Եթե ուժ կիրառված չլիներ, փողոցները մինչև հիմա փակ կլինեին: Այսինքն՝ ուժ կիրառվել է, հետևաբար՝ իշխանությունները հավանաբար նկատի ունեն, որ համաչափ է կիրառվել: Բայց մի հարց տամ՝ երբևէ ՀՀ որևէ իշխանության կողմից եղե՞լ է գնահատական, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումն անհամաչափ է եղել: Համենայն դեպս, ես գրեթե վստահ կարող եմ պնդել, որ որոշ դեպքերում անհամաչափ է եղել ուժի կիրառումը: Մարդկանց վկայությունները, գիշերվա ռեյդերը, երբ մարդկանց բավականին կոպտորեն բերման են ենթարկել, հուշում են, որ անհամաչափ ուժի կիրառում եղել է»Իշխանությունների պնդումներին, որ Իջևանում փողոցներ փակելը չի կարելի համեմատել հեղափոխության օրերին փողոցներ փակելու հետ, քանի որ այն ժամանակ փողոց փակվում էր օրինական պետություն կառուցելու նպատակով, իսկ իջևանցիները փողոց փակել են՝ հանուն ապօրինի ծառահատումների, Ա.Իշխանյանը պատասխանեց մի ձևակերպմամբ. «Հաղթողներին չեն դատում»:

Ըստ նրա՝ անտառահատումների, Սևանի հետ կապված իրադրությունը մեր երկրում ցույց է տալիս ընդհանրապես մեր ժողովրդի, հասարակության վերաբերմունքն իր երկրի նկատմամբ. «Մի կողմ թողնենք հայրենասիրական երգերն ու կենացները, իրականում բնության նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս, որ մենք մեր երկիրը չենք սիրում: Բնության մեջ ծառ, լիճ թե ինչ կլինի, մենք դրանում միայն տեսնում ենք անձնական շահ և բացարձակ չենք տեսնում հայրենիք ու գեղեցկություն: Սա է վկայում նաև համատարած աղբը Հայաստանում, որ կարելի է ասել՝ Հայաստանն աղբավայր է բաց երկնքի տակ:

Եվ երբ ես ասում եմ՝ հասարակություն, նկատի ունեմ բոլորիս՝ և՛ իշխանություն, և՛ ժողովուրդ: Եվ սա ամենամեծ ու կարևոր հարցերից մեկն է Հայաստանում, որը չգիտեմ, թե ինչպես պետք է լուծվի, որովհետև դրա համար հասարակության մտածողության փոփոխություն է պետք, որը պետք է սկսվի ընտանիքից, դպրոցից, բայց այդ միտումները ես չեմ տեսնում:

Եվ այս ամեն ինչը բերում է երկրի ավերմանը՝ հայրենասիրական կենացների ներքո: Այսինքն՝ առաջին՝ եթե դա լիներ միայն ինչ-որ մի խավի գործունեությունը, ապա Հայաստանը համատարած աղբի մեջ չէր լինի: Երկրորդ՝ եթե ՀՀ և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները իսկապես մտածեին Հայաստանի բնության պահպանության մասին, ապա դա ոչ միայն դաստիարակություն կլիներ, այլ նույն անտառամերձ շրջաններում բնակավայրերի համար էներգետիկ այլընտրանքներ կստեղծեին, զեղչ գներով գազ կմատակարարեին, և այլն: Բազմաթիվ մեթոդներ կան: Կամ՝ այս տարիների ընթացքում ամբողջ Հայաստանը պետք է լիներ կաթիլային ոռոգման տակ, ջրանցքները վերանորոգվեին, ոչ թե ամեն տարի Սևանից ջուր բաց թողնվեր: Մի խոսքով՝ սա լուրջ համակարգային խնդիր է, հեշտ է հայտարարություններ անելը, որ ամեն դեպքում պետք է արգելվի այսինչը կամ այնինչը, կարծես թե նոր իշխանությունները պատրաստ են անել, և պետք է նրանց աջակցել»:

Դիտարկմանը, որ, փաստորեն, սերունդների իրավունքներն են նաև խախտվում, իրավապաշտպանը պատասխանեց. «Իհարկե, բայց ոչ միայն սերունդների իրավունքն է խախտվում, Հայաստանն արդեն վերածվում է անապատի, և մեր ժողովրդի գիտակցության մեջ մտած է՝ այսօր այս ծառը կտրեմ, արտեզյան ջուրն անխնա օգտագործեմ, իսկ թե ինչ կլինի հետո՝ թքած, ես երեխաներիս հետ կգնամ արտասահման: Մենք մեր երկիրը չենք սիրում: Իսկ հայրենասիրությունն ամեն մի թուփն ու ծաղիկը սիրելն ու պահպանելն է, ոչ թե օրվա շահի համար անխնա ամեն ինչ ոչնչացնելը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: