Հայերեն   English   Русский  

«Ուզում ես հայ մնալ, պիտի ապրես Հայաստանում»․ հայրենադարձության ևս մեկ նախաձեռնություն Հայաստանում


  
դիտումներ: 5191

Օրեր առաջ Երևանի «Բուրժ համուդ» լիբանանյան ռեստորանում էին հավաքվել մի խումբ երիտասարդ հայրենադարձներ։

Նրանց մեկտեղելու գաղափարը հայրենադարձության ոլորտում մոտ մեկ ամիս առաջ ստեղծված Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի պատասխանատուներինն էր։ Նպատակը տարբեր բնագավառների հայրենադարձ մասնագետներին միմյանց հետ ծանոթացնելը, հայրենիքում նրանց կապերի ամրապնդումը, փոխօգնությունը և ամենակարևորը՝ հայրենիք վերադառնալ ցանկացողների համար իրատեսական և հաջողված օրինակների վրա հենված դրական որոշումների կայացումն է։

«Նախևառաջ մենք ուզում ենք համախմբել մարդկանց, որոնք արդեն վերադարձել են Հայաստան, հաղթահարել են որոշ դժվարություններ և գտել են իրենց ճանապարհը»,-ասում է կազմակերպության համահիմնադիր, լիբանանահայ Ժիրայր Բեջեկյանը, որը նույնպես հայրենադարձ է, ապրել է Լիբանանում, Հունաստանում, Միացյալ Նահանգներում, իսկ այժմ ապրում է Հայաստանի Քասախ գյուղում։

Ասում է՝ այս մեկ ամսվա ընթացքում իրենց արդեն հասցրել են դիմել ամենատարբեր հարցերով, և իրենց նպատակն է խորհրդատվություն ապահովել այն մարդկանց համար, որոնք նոր են վերադարձել Հայաստան և նրանց համար, ովքեր ուզում են վերադառնալ, բայց չգիտեն ինչից սկսել։ Հիմնական հարցերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիություն ստանալուն, գույքն ու անձնական իրերը Հայաստան տեղափոխելուն, աշխատանքային գործունեության հնարավորություններին և այլն։ Կազմակերպությունում վստահ են, որ կամաց-կամաց իրենց գործունեության մասին կիմանան բոլորը, և իրենք կկարողանան լուրջ ներդրում ունենալ հայրենադարձության խթանման գործում։

***

Ժիրայր Բեջեկյան

Ժիրայր Բեջեկյանը նախ հայրենիք է տեղափոխվել 1989 թվականին։ 1993-ին ստիպված է եղել վերադառնալ Լիբանան։ Պատճառների մասին չի ուզում շատ խոսել։ Բայց երբ պատմում է, որ 1989-ին Հայաստան էր տեղափոխվել Հայ Հեղափոխական Դաշնակցության «Դեպի երկիր» ծրագրով, պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում դժվար թե Դաշնակցության կազմակերպած հայրենադարձության ծրագիրը հաջողություն ունենար։

Ինչևէ, 2012-ի նոյեմբերին Ժիրայր Բեջեկյանն ընտանիքով կրկին վերադառնում է Հայաստան։ Այժմ աշխատում է «Թումո» կենտրոնում, տեխնոլոգիաների բաժնի պատասխանատուն է։

Ո՞րն է այն առանցքը, որի շուրջ հայրենիքը համախմբում է աշխարհի ամենատարբեր անկյուններից վերադարձած հայերին։ «Նախ պատկանելության զգացումը, ապահովությունը, հանգստությունը»,-թվարկում է Ժիրայրը ու ընդգծում՝ խոսքը սոսկ ֆիզիկական զգացողությունների մասին չէ։

«Երբ ապրում էինք Բոստոնում, երեխաներս սովորում էին մի դպրոցում, որտեղ 1020 աշակերտի մեջ ընդամենը 20 հայ կար։ Ի՞նչ հավանականություն կար, որ երեխաներս այնտեղ հայ կմնան։ Եթե ես երեխաներիս պարտադրել էի հայ մնալ, ուրեմն պիտի համապատասխան միջավայր ստեղծեի։ Իսկ այնտեղ այդ միջավայրը չկար։ Ուզում ես հայ մնալ, պիտի ապրես Հայաստանում»։

Ժիրայրը Հայրենադարձության խորհրդատվական գրասենյակի ստեղծման նախաձեռնողներից է, բայց գաղափարը կյանքի է կոչվել ՀՅԴ Գերագույն մարմնի շնորհիվ։

«Սա թիմային աշխատանք է, մենք նոր ենք սկսել, բայց Հայաստանում 2012 թվականից գործում է նաև «Վերադարձ Հայաստան»-ը, և մենք նաև նրանց հետ ենք համագործակցում։ Պետք է մեկս մյուսին օգնենք, սա համընդհանուր գործ է»,-հավելում է կառույցի համահիմնադիր Սիմոն Քաֆալյանը։

Սիմոնը Հայաստան է վերադարձել 1998 թվականին Լիբանանից։ Մինչ այդ, 1989-ին, երբ Շարժումը սկսվել էր, Դաշնակցության կողմից ինքն ու մի խումբ դաշնակցականներ «գործուղվել են» էին հայրենիք Հայաստանում ու Արցախում զինվորական գաղտնի մարզումներ անցկացնելու նպատակով։ Երիտասարդները, որոնց հետ մարզումներ էին անցկացնում, հետագայում պիտի դառնային Արցախյան պատերազմի հերոսներ ու նահատակներ՝ Թաթուլ Կրպեյան, Պետո, Կարո, Հրաչ և ուրիշներ։

Սիմոն Քաֆալյան

Դրանից հետո աշխարհի տարբեր անկյուններում ապրող դաշնակցականները ՀՅԴ «Դեպի երկիր» ծրագրով տեղափոխվում էին Հայաստան։ Դա նորանկախ Հայաստանի լավագույն ծրագրերից էր, որը ցավոքքաղաքական դրդապատճառներով կիսատ է մնում։ «Երբ մարդիկ գալիս էին, Դաշնակցությունը նրանց համար նաև հող, բնակարան էր գնում։ Ափսոս, այդ ծրագիրը փչացավ։ Ընդհանրապես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Սփյուռքին տեղ չտրվեց։ Իսկ եթե ժամանակին հայրենադարձության հարցը պետության կողմից ճիշտ հիմքերի վրա դրվեր, այսօր շատ հարցեր լուծված կլինեին»։

Այժմ, երբ կրկին հայրենադարձության գործընթացն օրակարգային է, իրենց նպատակն է կրկին թափ հաղորդել այդ գործին, հորդորել աշխարհի բոլոր հայերին վերադառնալ Հայաստան․ «Մենք անշահախնդիր պատրաստ ենք ծառայել ամեն հարցում, ինչի կարիք որ կունենան վերադարձողները։ Կոչ ենք անում բոլորին անվա՛խ վերադառնալ Հայաստան։ Անլուծելի խնդիրներ չկան, կա միայն չիմացության և տեղեկատվության պակասի խնդիր»,-ամփոփում է Սիմոն Քաֆալյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: