Հայերեն   English   Русский  

​Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն կտրամադրի Շիրակի մարզի կարկուտից առավել տուժած ընտանիքներին


  
դիտումներ: 67

Հուլիսի 23-ին՝ ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում,

որտեղ նրան ընդունեցին նախագահ Մխիթար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետը տեղեկացվեց, որ Շիրակի մարզում այս տարի հունիսի 24-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 960 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4300 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 35 215 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 151 424 500 ՀՀ դրամ)։

Աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու ամենախոցելի՝ բերքի 75 - 100 տոկոսը կորցրած ընտանիքները։ Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտելու և հստակեցնելու է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մարզում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող գործունեության ընթացքը և արդյունքները, Շիրակի մարզպետարանի հետ ներկա համագործակցությունն ու ապագա ծրագրերը։

Հավատարիմ մնալով իր մարդասիրական առաքելությանը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես արձագանքել է հանրապետությունում տեղի ունեցած խոշոր աղետներին՝ առավել տուժածներին տրամադրելով մարդասիրական օգնություն։ Մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում

  • 2013 թվականին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնության տրամադրեց Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու տրամադրվեցին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված էր բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները: 12 ընտանիք: Մարդասիրական օգնության համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի կողմից հատկացվել էր մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:
  • 2016թ օգոստոսի 9-ին և 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետևանքով տուժածներին:
    Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար ստացան 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք:
    Մարդասիրական օգնության համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի կողմից հատկացվել էր մոտ 20 881 908. ՀՀ դրամ կամ` 43 686 շվեյցարական ֆրանկ:

2017թ․ հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանի և քաղաքապետարանի հետ, պատահարից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ տուժածների առաջնային կարիքների արագ գնահատմանը:

Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորելով կենսական անհրաժեշտության պարագաների ցանկը, որպես արագ արձագանք, ՀԿԽԸ-ն այսօր տուժածներին տրամադրեց 1 ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ և տաբատներ, սպորտային հագուստ և խալաթներ:

  • 2018թՀԿԽԸ-ն մարդասիրական օգնություն տրամադրեց Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների օգոստոսի 17-ին և 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ 5012 մարդու, որոնցից յուրաքանչյուրն ստացավ 22 440 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։

————————————————————————————————————————————

ՀԿԽԸ-ն Շիրակի մարզում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր՝ աջակցելով միայնակ առավել խոցելի տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անհայտ կորածների ընտանիքներին, անապահով ընտանիքներին, խոցելի համայնքներին, տուբերկուլյոզով հիվանդներին։

Այդ գործունեությունն ընդգրկում է՝ աղետների ռիսկի կառավարում և համայնքների դիմակայունության բարձրացում, տարեցների տնային խնամքի և առողջ երկարակեցության մոդելի ներդրում, սոցիալ – հոգեբանական աջակցություն, մարդասիրական արժեքների տարածում։

Իրականացվող գործունեությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.redcross.am/branches/shirak-regional-branch.html։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում էՇարժմանհիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: