Հայերեն   English   Русский  

Բժիշկները հետազոտելու համար կայցելեն Մանվել Գրիգորյանին


  
դիտումներ: 83

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործով դատական հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթից։

Դատաբժշկական փորձաքննության կատարելու համար բժիշկները կայցելեն ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի ժամանակ ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

«Բժիշկները Մանվել Գրիգորյանին կայցելեն հուլիսի 25–ին, ժամը 12–ին»,– նշեց դատավորը։

«Պաշտպանական խմբի ներկայացրած փորձագետներին չենք կարող ընդգրկել դատաբժշկական փորձաքննության խմբում, քանի որ նրանք դատարան չեն ներկայացել ու բժշկական որակավորման մասին փաստաթղթեր չեն ներկայացրել։ Իսկ դատարանը պարտավոր է ողջամիտ ժամկետում քննել գործը, այդ պատճառով մենք շարունակելու ենք վարույթը»,–ասաց նա։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 30–ին, ժամը 13–ին։ Դրանից հետո դատավորն արձակուրդ կմեկնի, ու դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20–ին, ժամը 12–ին։

Մանվել Գրիգորյանը ներկա չէր այսօրվա նիստին։

Հիշեցնենք` հուլիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին։

Նույն օրը դատական նիստն ընդհատվել էր Գրիգորյանի առողջության կտրուկ վատանալու պատճառով։ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկների հսկողության տակ է գտնվում մինչև օրս։

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: