Հայերեն   English   Русский  

Կազմակերպվել է հանրային քննարկում՝ նվիրված Սահմանադրության փոփոխության հարցով ստորագրահավաքին


  
դիտումներ: 303

ԱՀ-ում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում այսօր կազմակերպվել է հանրային քննարկում՝ նվիրված հունիսի 4-ին քաղաքացիական նախաձեռնությամբ մեկնարկած ստորագրահավաքի՝ ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ կատարելու նպատակով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը «Հելսինկյան նախաձեռնություն-92», ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն», «Արցախի պառլամենտականների ասոցիացիա», «Հանուն Արցախի», «Ապառաժ երիտասարդական միություն» և «Հաղթանակած սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վերոնշյալ հարցի շուրջ հայտնել են իրենց տեսակետներն ու մտահոգությունները:

Նրանք այն համոզմանն են, որ Արցախում պետք է ամեն ինչ ընթանա ժողովրդավարական սկզբունքներով, և որևէ բռնություն չպետք է կիրառվի հասարակության շրջանում:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել քննարկմանը մասնակից փորձագետները:

Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանն իր խոսքում ասել է, որ ստեղծված իրավիճկում ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ է ստանալ իրավաբանական խորհրդատվություն:

Խոսելով Աահմանադրության փոփոխության նախաձեռնության մասին՝ Ա. Վաղարշյանն ավելացրել է. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է քննարկվի ոչ միայն ձևական և իրավական կողմերը, այլև դրա իրականացման քաղաքական,սոցոլոգիական, միջազգային և իրավական հետևանքները: Սահմանադրության 48-րդ հոդվածով կարգավորված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարաբերությունները: Մենք չպետք է դժգոհենք, որ ունենք երկու հանրապետոթյուն: Ազգային քաղաքական ներկայացուցչական համակարգի միասնությունը մեր ժողովրդի պատմության մեջ միշտ հանգեցրել է տխուր հետևանքների. միասնությունը պետք է լինի ծրագրերի իրականացման հարցում:Այս նախաեձռնությունը ժողովրդավարության վառ օրինակ կարող ենք համարել ԱՀ-ում: Պետք է բացատրական աշխատանքներ իրականացվեն ժողովրդի հետ, ԶԼՄ-ներով, որպեսզի հասարակությունը գիտակցի, որ նախաձեռնությունը չի ծառայում այն գաղափարին, որը գրված է ստորագրահավաքի բացատրական թերթիկի մեջ»:

Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի խոսքով՝ հանրային քննարկմանը բարձրացված հարցը տարողունակ է և բազմասպեկտ:

«Խնդիրն իր մեջ ներառում է քաղաքական, իրավական, բարոյական և մի շարք այլ հարցեր և ենթահարցեր: Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ըստ իս՝ սահմանադրաիրավական առումով բավական խնդրահարույց են: Մի դիտարկում ևս, որ սուբյեկտիվ իմաստով ընտրական իրավունքը ներառում է երկու անխզելի կոմպոնենտներ՝ ակտիվ ընտրական իրավունք, որի ներքո հասկանում ենք ընտրելու իրավունքը և պասիվ՝ ընտրվելու իրավունքը:

Այստեղ առաջնային է հետևյալ ասպեկտը՝ անձը չի կարող իրականացնել պասիվ ընտրական իրավունք՝ օժտված չլինելով ակտիվ ընտրական իրավունքով: Այսինքն չի կարող առաջադրվել, եթե անգամ բավարարի սահմանադրական մակարդակում առաջ քաշված համապատասխան ցենզերին (Նախագահի կամ պատգամավորության թեկնածուության համար)՝ չունենալով ընտրական իրավունք: Հակառակը միանգամայն հնարավոր է. այսինքն՝ եթե անձը չի բավարարում պասիվ ընտրական իրավունքի իրացման ցենզին, այդ պատճառով ընտրություններում հնարավորություն չի ստանում առաջադրել իր թեկնածուությունը, թեև հնարավորություն ունենում է մասնակցելու ընտրություններին»,-մասնավորապես ասել է Է. Շաթիրյանը:

Ըստ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանի՝ ստորագրահավաքն առհասարակ ժողովրդավարական գործընթաց է:

Ռ. Մելիքյանն ասել է, որ առաջարկվող փոփոխությունները լրջագույն խնդրահարույց կետեր ունեն, որը կարող է ազդել ժողովրդավարության ինստիտուտին: ԱՀ Սահմանադրության ինստիտուտի ներդրումը կարևորագույն առաջընթաց պետք է դիտվի ժողովրդավարության առումով:

Միջոցառմանը նա առաջ քաշել երկու ասպեկտ. առաջինը՝ ՀՀ և ԱՀ հարաբերությունների ասպեկտը և երկրորդ՝ այն շոշափելի վտանգները, որոնք առկա են միջազգային հարաբերություններում, մասնավորապես, մարդու իրավունքների եվրոպական դատարանում առկա վարույթները և բերել փաստարկներ:

Քննարկմանը ներկա էին նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք, ովքեր թեմայի վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկությունները և հանդես եկել հարցերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: