Հայերեն   English   Русский  

«Բրիտանական Թրամփը» 100 օր ունի brexit-ի համար


  
դիտումներ: 525

55-ամյա քաղաքական գործիչ Բորիս Ջոնսոնը, որին նաև բրիտանական Թրամփ են անվանում, այսօր կստանձնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

Պահպանողական կուսակցության շուրջ 164 հազար անդամները մասնակցել են կուսակցության առաջնորդի ընտրությանը։ Քանի որ Պահպանողական կուսակցությունը խորհրդարանում կոալիցիոն մեծամասնություն ունի, կուսակցության առաջնորդը դառնում է երկրի վարչապետ։ Բորիս Ջոնսոնի օգին են քվեարկել 90 հազարից ավել կուսակցականններ։

Ի՞նչ է առաջարկում Ջոնսոնը բրիտանացիներին

Ջոնսոնը կոշտ Brexit-ի կողմնակիցներից է։ Վարչապետի աթոռի համար պայքարում նա բազմիցս հայտարարել է, որ դուրս կբերի Մեծ Բրիտանիան ԵՄ-ից ինչ գնով էլ լինի։ Ավելի վաղ նա կառավարությանը կոչ էր արել համակերպվել առանց որևէ համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու հեռանկարին։ Իսկ 2018-ին նա հրաժարվեց ԱԳ նախարարի պաշտոնից, քանի որ դեմ էր brexit-ի հարցում Թերեզա Մեյի վարած քաղաքականությանը։

Ջոնսոնի պաշտոնավարման սկիզբը համընկնում է ԵՄ-ից դուրս գալու 100 օրվա հետհաշվարկին։ Մինչ այս brexit-ը երկու անգամ հետաձգվել է և վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 31-ը։ Թերեզա Մեյի և ԵՄ իշխանությունների փոխհամաձայնությամբ մշակված համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեք անգամ մերժել է։ Բնականաբար, Ջոնսոնը նույն փաստաթուղթը չի կարող ներկայացնել խորհրդարանին։ ԵՄ-ն բազմիցս մերժել է ԵՄ-ից դուրս գալու այլ պայմանների շուրջ բանակցությունները։ Ավելին, Ջոնսոնն այնքան էլ շատ ժամանակ չունի նոր բանակցություններ նախաձեռնելու և մինչև հոկտեմբերի վերջ նոր փաստաթուղթ ունենալու համար։ Այս պարագայում ավելի ու ավելի հավանական է դառնում առանց համաձայնագրի հեռացումը, որը բացասաբար կանդրադառնա թե ԵՄ, թե Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա։ Առանց համաձայնագրի brexit-ի սպասումների ֆոնին մի քանի օրվա ընթացքում բրիտանական ֆունտն արժեզրկվել է՝ հասնելով վերջին երկու տարիների նվազագույն մակարդակին։ Մասնագետների կարծիքով սրանք դեռ ծաղիկներն են, եթե ի վերջո brexit-ն առանց համաձայնագրի տեղի ունենա։

Ջոնսոնը խոստացել է հնարավորինս շուտ սկսել առանց համաձայնագրի brexit-ի նախապատրաստական աշխատանքները՝ հույս հայտնելով, որ այդպիսով ԵՄ-ն ավելի հավանական է, որ տեղի կտա ու նոր բանակցություններ կմեկնարկեն։

Ուշագրավ է, որ բրիտանացի խորհրդարանականները, այդ թվում և Ջոնսոնի համակուսակիցները, որոնք դեմ են առանց համաձայնագրի brexit-ին, հայտարարել են, որ պատրաստվում են դիմել թագուհուն, որպեսզի նա որպես երկրի ղեկավար Բրյուսելին խնդրի հետաձգել ԵՄ-ից դուրս գալու վերջնաժամկետը։ Նշենք, որ թագուհին իր գահակալության 67 տարիների ընթացքում երբևէ չի խառնվել քաղաքական գործերին և դա աննախադեպ երևույթ կլինի։

Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև վիճելի հիմնական թեման Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի սահմանի խնդիրն է։ Այն, փաստացի, դառնում է ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի ցամաքային սահմանը։ Համաձայնագրով ԵՄ-ն սահմանային այդ գոտում անորոշ ժամանակով լիազորություններ է ունենում։

Ինչևէ, brexit-ն արդեն Մեծ Բրիտանիային երկու վարչապետ է արժեցել․ հանրաքվերում ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների հաղթանակից հետո հրաժարական տվեց այն ժամանակվա վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ Նրան Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնում փոխարինեց Թերեզա Մեյը՝ հայտարարելով, «brexit, ուրեմն brexit»։ Բայց նա այդպես էլ չկարողացավ իրագործել իրեն վստահված գործը և երկիրը դուրս բերել ԵՄ-ից։ Նույն խոստումով պաշտոնը ստանձնում է Բորիս Ջոնսոնը։ Շատերի կարծիքով՝ նրա պաշտոնավարումը կսահմանափակվի հենց հարյուր օրերով, քանի որ նա նույնպես չի կարողանա ապահովել brexit-ը և երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կգնա։

Ո՞վ է Բորիս Ջոնսոնը

Ջոնսոնն ավելի շատ շոումեն է, քան քաղաքական գործիչ։ Նա հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով, տարբեր խմբերի, մի շարք երկրների ղեկավարների հասցեին հնչեցված ոչ պատշաճ արտահայտություններով, սիրուհիների և ապօրինի երեխաների հետ կապված սկանդալներով։ Սկանդալների պակասնա չի ունեցել նաև որպես լրագրող աշխատելու տարիներին։

Բայց նախ՝ սկզբից։ Ջոնսոնը ծնվել է 1964 թվականի հունիսի 19-ին, ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում։ Մինչև 2016 թվականը նա պահպանում էր ԱՄՆ-ի քաղաքացիությունը։ Նրա հայրն այն ժամանակ աշխատում էր համաշխարհային բանկում, ինչպես նաև Եվրախորհրդարանի անդամ էր։ Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետը սովորել է Իտոնում՝ Բրիտանիայի ամենահայտնի և պրեստիժային դպրոցում։ Ուշագրավ է, որ նա այդ դպրոցի 20-րդ շրջանավարտ-վարչապետն է։ Իսկ բարձրագույն կրթությունը նա ստացել է Օքսֆորդի համալսարանում։ Նա սովորել է Դասական գրականության ֆակուլտետում, անդամակցել Օքսֆորդի բանավեճի ակումբին, որը և դեպի քաղաքականություն տանող պլատֆորմ է եղել բրիտանացի շատ քաղաքական գործիչների համար։

1980-ականների վերջին նա սկսում է լրագրողի իր կարիերան The Times-ում, որտեղ նրան ընդունել էին իր գրող ազգականուհու շնորհիվ։ Որոշ ժամանակ անց, սակայն, նրան հեռացնում են, երբ պարզվում է, որ հորինել էր նյութում իր համար ցանկալի մեջբերումը։ Սկանդալը, սակայն, չի խանգարում նրա լրագրողական կարիերային։ Թղթակցում է նախ The Daily Telegraph, ապա The Telegraph, The Spectator պարբերականներին։ Աստիճանաբար ձեռք է բերում եվրասկեպտիկ լրագրողի համբավ, որն անխնա քննադատում էր ԵՄ-ն։ Նա դարձել էր ամենաճանաչված քաղաքական լրագրողներից մեկը, ինչն էլ նրան քաղաքական կարիերա սկսկելու միտք է տալիս։ 2001-ին նա իր առաջին քայլերն է նախաձեռնում քաղաքական ասպարեզ մտնելու ուղղությամբ։ 2008-ին նա ընտրվում է Լոնդոնի քաղաքապետ, ինչն էլ շրջադարձային է դառնում նրա կարիերայի համար։

Նշենք, որ նա շարունակում է սյունակ վարել անգամ Լոնդոնի քաղաքապետ եղած տարիներին՝ որպես վճար ստանալով տարեկան 250 000 ֆունտ։ Նրա աստղաբաշխական վարձատրությունը ևս ժամանակին սկանդալի և հանրային քննարկումների առարկա է եղել։

Քաղաքապետի պաշտոնում նա հատկապես հիշվել է հեծանիվների վարձույթի մշակույթը տարածելու շնորհիվ։ նա ինքն էլ պարբերաբար հանրությանը ներկայանում էր հեծանիվով։ Բայց, միևնույն ժամանակ, երբ քաղաքապետի պաշտոնում աշխատելու ընթացքում հրապարակայնացվեցին նրա ծախսերը, պարզվեց, որ տաքսիներին կլորիկ մեծ գումար է հատկացվել, ինչն էլ հերթական սկանդալի պատճառը դարձավ։

Իսկ քաղաքապետիպաշտոնում նա խոստացել էր պայքարելհանցավորության դեմ, կառուցել մատչելի բնակարաններ, բարելավել տրանսպորտային համակարգը։ Սակայն իր խոստումները պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ կյանքի չկոչեց։

2016-ին նա որպես պատգամավոր խորհրդարան է անցնում՝ ակտիվորեն քարոզելով brexit-ը։ Նա հույս ուներ, որ Քեմերոնի հրաժարականից հետո հենց ինքը կդառնա ՄԹ նոր վարչապետը, բայց դեպքերի բերումով այդ պաշտոնը ստացավ Թերեզա Մեյը, իսկ Ջոնսոնը նշանակվեց ԱԳ նախարար։ Պաշտոնավարման ընթացքում նա բազմիցս քննադատել է Մեյի վարած քաղաքականությունը, ըստ ԶԼՄ-ների, նրանց հարաբերություններում էլ որոշակի լարվածություն է առկա եղել։ Եվ ահա, Մեյի տապալումից հետո, բաղձալի պաշտոնը վերջապես Ջոնսոնինն է։

Ջոնսոնի արմատների մասին

Ջոնսոնը հորական կողմից արյունակից է արքայական ընտանիքին։ Նրա հոր տատիկը եղել է գերմանական Վյուտենբերգի Ֆրիդրիխ I ծոռնուհին։ Իսկ Ֆրիդրիխ արքան էլ իր հերթինեղել է Մեծ Բրիտանիայի Գևորգ II արքայի երրորդ սերնդի ժառանգներից։ Գևորգ II թագավորել է 18-րդ դարում և նրա դինաստիան է թագավորում մինչ օրս։ Սա նշանակում է, որ Ջոնսոնը ազգակցական կապեր ունի Եվրոպայի միանգամից մի քանի թագավորական ընտանիքների հետ։

Իսկ ահա մորական կողմից Ջոնսոնի կապերը Թուրքիա են տանում։ նրա մորական պապը եղել է թուրք քաղաքական և հասարակական գործիչ, լրագրող Ալի Քեմալը։ Նա եղել է հայտնի լրագրող, որը մամուլում հաճախ է քննադատել երիտթուրքերի կառավարությանը։ Իսկ երիտթուրքերի՝ իշխանությունից հեռանալուց հետո նա ընդգրկվել է նորակազմ կառավարությունում՝ կարճ ժամանակով զբաղեցնելով ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Քեմալականների՝ իշխանության գալուց հետո 1922-ին նա ձերբակալվում է անցումային ժամանակաշրջանում հակաթուրքական դիրքորոշում դրսևորելու համար և ամբոխի կողմից լինչի դատաստանի է ենթարկվում։Նա հայտի է եղել Արթին Քեմալ անունով իբրև թե հայամետ դիրքորոշում ունենալու համար, մինչդեռ հայկական թեման ընդամենը իշխանություններին քննադատելու միջոց էր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: