Հայերեն   English   Русский  

Զինվորը դատարկ գյուղը պահի՝ անունը ի՞նչ դնի


  
դիտումներ: 360

Բացի հարկային մեկ-երկու արտոնությունից սահմանային բնակավայրերը լուրջ ներդրումների անհրաժեշտություն ունեն:

Սահմանապահ գյուղերը կամաց-կամաց ծերանում են ու դատարկվում:

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղում փաստացի 832 բնակիչ կա, մոտ 30-ը դպրոցում է աշխատում, 4-ը գյուղապետարանում, 1-ը բուժկետում, ոստիկանությունում, սահմանապահ զորքերում ու զինված ուժերում են ծառայում: Ուրիշ զբաղվածություն չկա, առավել վատ է, երբ գյուղացին գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվել չի կարող՝ վտանգավոր է հենց իրենց կյանքի համար, հայրենի կառավարությունն անտարբեր է, հակառակորդը՝ նենգ:

- Ինչ էլ որ մշակվում է, մարդկանց ռիսկի հաշվին է: Կարող է յուրաքանչյուր պահի իրենց հետ մի բան պատահել, բայց մարդիկ որ ապրում են՝ պիտի աշխատեն: Ադրբեջանական կողմում ցորենը շուտ են հնձնում, հետո դաշտը վառում են ու կրակը գալիս է, լրիվ հրդեհի ճարակ է: Կոմբայնը մտնում է դաշտ՝ գնդակի տակ է: Քիչ չեն դեպքերը, երբ կրակում են կոմբայնի վրա: Նման իրավիճակներում հող մշակել, ցուցանիշ տալը...., -

Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանն է ներկայացնում սահմանին հող մշակելու դժվարությունները: Բայց արի ու տես, որ սահմանամերձ բոլոր գյուղերի վարելահողների ու այգիների գերակշիռ մասը հենց սահմանագոտում է՝ հակառակորդի նշանառության տակ:
Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը պատմում է, որ գյուղի 120 հա սեփականաշնորհված հողատարածք գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, 2014 թվականին այդ հողերից մի հատվածում աշնանացան ցորենը հնձելու ժամանակ հակառակորդը կրակել ու վառել է դաշտերը, տնտեսական վնաս պատճառելու դիտավորությամբ:

Հակառակորդը հատուկ դիտավորությամբ գնդակոծում է հայկական գյուղերը և կրակի տակ պահում գյուղի ճանապարհը, որ փախնել պատսպարվելու հնարավորություն մարդիկ չունենան:
Այստեղ հակառակորդի գնդակից խուսափելու համար մարդիկ վարկ են վերցրել արագ ապահով վայր հասնելու հնարավություն ունենալու համար: Գայանե Մադաթյանի բազմանդամ ընտանիքում փոքրիկները խուճապի են մատնվում կրակոցից՝ լինեն տանը, թե բակում.

- Վարկ ենք վերցրել, մեքենա առել, պետք է շատ: Կրակոցների ժամանակ գոնե երեխաների հետ կկարողանանք մի տեղ փախնել: Մենք էլ սահմանին շատ մոտիկ ենք, սաղ տունը ասկոլկեքի տեղ է:
Նվարդ Միքայելյանը Բաղանիսի դպրոցում է աշխատում, պատմում է, որ խաղաղ ժամանակ հաճախ է գյուղը կրակոցների ենթարկվում, հիմնական թիրախում դպրոցն է, բնակելի տները.

- Գյուղում պատահական կրակոցներից 11 մարդ է զոհվել, մեկը իր մեղուները պահելիս է եղել, էն մեկը ջահել հարս էր, 3 փոքր երեխա ուներ, էրեխեքին տուն էր հրել, դուրս եկել սկեսուր-սկեսրայրին կանչելու՝ դռան շեմքին իրեն խփեցին: Միշտ ապրել ենք ահուդողով: Դպրոցի վրա են շատ կրակում ու չգիտես՝ դաս պարապես, թե զգոն սպասես, որ երեխաներին հասցնես ապաստարան տանես:

Կրակոցներն էլ, եթե մարդկային կյանքեր չեն խլում, ապա ծնելիության ցուցանիշի վրա հաստատ ազդում են: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասում է՝ 2014-16 թվականներին Բաղանիսում կիսապատերազմական վիճակ էր, հենց մթնում էր՝ կրակում էին մինչև առավոտ.

- 2014-15թթ. կրակոցներ էին, ծնելիությունը պակասեց. հենց սահմանը լարվեց, անմիջապես էդ մինուսը ցույց տվեց՝ 14-15 թվի էրեխեքը շատ քիչ են: Բաղանիսում 100 աշակերտ կա՝ 60 տղա է, 40-ը աղջիկ: Մանկապարտեզում 22 սան է, 17-ը՝ տղա: Դա պատերազմական բոլոր երկրներին բնորոշ է. պատերազմից հետո տղաների ծնունդը աճում է: Իսկապես աղջկա խնդիր կա լուրջ:

Գյուղի երիտասարդ տղաները զինվորական պայմանագրային ծառայության են անցել, բոլորն էլ ամուսնանալու տարիքի են, բայց բնակարանի խնդիր կա, չեն ամուսնանում, ասում է գյուղի վարչական ղեկավարը:

- Այստեղ պետք է կառավարությունը քայլեր անի, պետք է գենպլանով մի թաղամաս հիմնվի, մարդուն պարտավորեցվի՝ էս տունը կտանք քեզ՝ դու ամուսնացիր: Հատկապես սահմանամերձ գյուղերում դա ռազմավարական խնդիր է, եթե էստեղ անընդհատ բնակչությունը պակասի, զինվորը դատարկ գյուղը պահի՝ անունը ի՞նչ դնի:

Մարդուն իր բնակավայրում պահելու համար նաև նրան աշխատանքով ապահովել է պետք: Սահմանամերձ տարածքում որևէ արտադրություն հիմնել ներդրողները չեն ուզում, ռիսկային է, հատկապես, երբ հայրենի կառավարությունն էլ է զգուշանում ու նրանց հետ չի կիսում այդ վտանգը:

- 2014 թվականին մի կազմակերպություն ուզում էր էստեղ բիզնես դնել՝ սնկի ջերմոցային տնտեսություն կառուցել, ուր մոտ 40 մարդ էր աշխատելու: Բյուջեն ընդհանուր 300 մլն էր, 150-ը պատրաստ էր ինվեստրը դնել, 150-ն էլ կառավարությունից էր խնդրում կամ անտոկոս վարկ, կամ 3 տոկոսով վարկ: Ասում էր, եթե ես գալիս եմ սահմանին փող եմ դնում, դու էլ արի իմ հետ մտի էդ <բեռի տակ>: Սահմանամերձ գոտի է, մեկ էլ տեսար մի բան էղավ, դու էլ էդ ռիսկը կիսի իմ հետ: Բայց 3 կառավարություն փոխվեց՝ գործը տեղից չի շարժվում, - ասում է Նարեկ Սահակյանը:

Նոյեմբերյան համայնքի ղեկավարը չի զարմանում, որ մարդիկ այստեղ բիզնես հեռանկար չեն տեսնում և չեն ուզում իրենց փողերը վտանգել, ասում է՝ շատ մեծ ջանքերի գնով են կարողանում ընդհանուր հայտարարի գալ կազմակերպությունների ու անհատների հետ նույնիսկ գյուղերում լուսավորություն անցկացնելու նպատակով աջակցության ստանալու հարցում.

- Եթե սահմանյին գյուղում լուսավորություն է լինում՝ երևում է, որ այդտեղ բնակչություն կա, մարդիկ են ապրում, իսկ մթնեց, լույսերը հանգեցին՝ ամայի տարածություն է երևում: Այստեղ նաև հոգեբանական պահը կա: Անվտանգության խնդիր էլ է լուծում. եթե փողոցային լուսավորություն կա՝ դրսում գտնվող մարդը երևում է, տեսնում են՝ նա գյուղից է, թե ոչ: Գիշերով ցանկացած պահի էլ կարող են մտնել գյուղ, մարդկանց տները: Սահմանին լույսը առաջնային է. ինչպես ջուրը կյանքի համար ամենախիստ անհրաժեշտ պայմանն է, լույսն էլ անվտանգության առումով շատ կարևոր է:
Ոչ խաղաղության մեջ գտնվող, ոչ էլ պատերազմող Բաղանիսում, այնուամենայնիվ, շատ խնդիրներ լուծում են ստացել: Ասում են՝ ֆիզիկական անվտանգությունն առաջնային է, բայց երբ խաղաղ է լինում, կարողանում են մտածել նաև տնտեսական զարգացման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: