Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո


  
դիտումներ: 107

Հարց. Պարոն նախարար, հանդիպումներ եք անցկացրել Ձեր վրացի գործընկերոջ և Վրաստանի վարչապետի հետ: Եթե կարելի է, կներկայացնե՞ք քննարկված հարցերի շրջանակը և, մասնավորապես, հունվար-փետրվար ամիսներին խոսվում էր վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի մասին: Արդյոք սա օրակարգո՞ւմ է Հայաստանի և Վրաստանի, նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Զոհրաբ Մնացականյան. Ճանապարհների վերաբերյալ Ձեր կողմից բարձրացած հարցի առնչությամբ. այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և վստահ եմ` Դուք էլ հետևել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են: Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք բնականաբար դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա:

Հարց. Դա մոտ ապագայի՞ խնդիր է, պարո՛ն նախարար:

Զոհրաբ Մնացականյան. Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետև բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել:

Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցին, թե ինչ օրակարգով ենք աշխատում` չափազանց լայն օրակարգ է: Նկատի առեք, որ ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև, մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում և հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու և որևէ սահմանափակում չունենք որևէ պահի և ցանկացած ձևով շփվելու առումով:

Այս պաշտոնական այցի շրջանակներում մենք նորից անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են մեր երկու երկրների անվտանգային համակարգերին և այն մարտահրավերներին, որ առնչվում են մեր անվտանգային համակարգերին: Նաև ընդգծեցինք այն, ինչ շատ բնական համատեղ շահագրգռվածություն է՝ զարգացնելու հարաբերությունները այն ուղղությամբ, որոնք ներդրում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Այդ առումով մեր երկու երկրները ունեն շատ ընդգծված հետաքրքրություն և շահագրռգվածություն:

Մենք շատ բավարարված ենք այդ բավական ակտիվ դինամիկայով, որ գոյություն ունի մեր երկկողմ հարաբերություններում այս տարվա ընթացքում: Գիտեք` որքան հանդիպումներ են եղել բոլոր մակարդակներով, վարչապետների մակարդակով հարաբերությունները բավական ակտիվ են, նախագահների մակարդակով այդ ակտիվ հարաբերությունները և շփումը կան, կա խորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես բավական ակտիվ աշխատանք է տարվում:

Մենք փորձում ենք էլ ավելի քաջալերել բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների շփումները, համատեղ աշխատանքը բոլոր մակարդակներով: Սա նույնպես բնականաբար այն հարցերից է, որին մենք անդրադարձել ենք և՛ Վրաստանի նախարարի, և՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Եվ մեզ համար աշխատելու շատ մեծ հիմք են Երևանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որոնց ծավալը բավական մեծ է: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի՝ ենթակառուցվածքներից մինչև տնտեսության, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ ոլորտներին: Բավական ծավալուն են հարաբերությունները և ծավալուն է օրակարգը, որը ձևավորվել է մեր կառավարությունների միջև և արտահայտվել է միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում: Դրա հարցերը, և որոշ հարցերին անդրադառնալը, որոնք բխում էին միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներից, նույնպես այսօր մեր օրակարգային հարցերն էին և արտահայտվել են թե՛ արտգործնախարարի, թե՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումներ ժամանակ:

Պետք է ասեմ, որ ես իսկապես շատ զգացված եմ և շատ շնորհակալ եմ, որ բավական ջերմ ընդունելության արժանացա այստեղ` Վրաստանում, շատ բարեկամական մթնոլորտում աշխատում ենք միասին, և նաև շատ տպավորիչ էր այն, որքան անմիջապես Վրաստանի վարչապետը իր ներդրումն է ունենում այն աշխատանքին, որ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը:

Հարց. Պարոն նախարար, այստեղ համայնքի հետ հանդիպմանը ևս բարձրացվեց այդ հարցը, հայկական եկեղեցիների հետ կապված, որտեղ Հայաստանի թեմը պարտվել է դատը: Հայաստանի Հանրապետությունը արդյո՞ք բարձրացնում է այս հարցը Վրաստանի հետ հարաբերություններում, և ինչպե՞ս է ՀՀ պատկերացնում հարցի լուծումը:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, ես ճիշտն ասած Ձեր այդ հարցին հիմա շատ ընդարձակ չեմ պատասխանի, որովհետև այստեղ մի քանի դերակատարներ կան։ Մեզ համար շատ էական է, որ մենք պահպանենք այս հարցի հանգուցալուծումն այնպես, որ մեր երկխոսության շրջանակներում թույլ չտանք որևէ զարգացում, որը խնդիրներ ստեղծի, խորացնի կամ բարդություն դառնա մեր ժողովուրդների հարաբերությունների մեջ։ Այստեղ, իհարկե մենք ունենք դերակատարություններ, որ ավելի լայն կոնտեքստում մեզ անհրաժեշտ է ուղղակի իմանալ՝ ինչպես կառավարել խնդիրները, որպեսզի մենք կարողանանք պահպանել ժողովուրդների և պետությունների միջև երկխոսությունը` առանց խորացնելու որոշ բարդություններ։

Հարց. Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ Մամեդյարովը հանդիպումից հետո խոսում էր կոնկրետ փաստաթղթերի մասին։ Առաջիկայում հանդիպում սպասվու՞մ է։

Զոհրաբ Մնացականյան. Այս հարցին անդրադարձ արդեն իսկ եղել է:

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առաջիկա հանդիպման մասին՝ արդյո՞ք հայտնի է օրը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք այս տարվա մեջ բավական աշխատել ենք, և հանդիպումները շարունակական են։ Մի բան կա, որ մենք շատ հետևողական ենք, և մենք հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով և այստեղ մենք հավատարիմ ենք այդ մոտեցմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: