Հայերեն   English   Русский  

«Պետք է վերանայենք կրթական ծրագրերն ու դասագրքերը». Արևիկ Անափիոսյան


  
դիտումներ: 1536

Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելով և խորանալով:

Այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 80 ուսուցիչ՝ 16 երկրից:

Արդյունքում՝ մասնակցում է 61 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա:

Այս տարվա ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվում է նախարարության սույն ծրագրով արդեն երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի այս տարվա մասնակիցներին:

Ողջունելով ուսուցիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ սփյուռքում կուտակված մասնագիտական ներուժի բացահայտումը կարևոր է ինչպես սփյուռքի, այնպես էլ Հայաստանի դպրոցների զարգացման և մրցունակության բարձրացման առումով:

Նրա խոսքով` սփյուռքում աշխատող ուսուցիչները կապող օղակ են` ճանաչելու սփյուռքի մասնագիտական ներուժը, նաև նրանց մասնակից դարձնելու այն կրթական բարեփոխումներին, որոնք այժմ նախաձեռնել է նախարարությունը:

Արևիկ Անափիոսյանը հավելել է, որ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակային վերանայումը ևս նախարարության օրակարգում է:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և խնդիրներ: Մասնավորապես հարց է բարձրացվել սփյուռքի մեկօրյա դպրոցների համար կազմել ավելի թեթև, բեռնաթափված կրթական ծրագիր, որը հնարավոր կլինի շաբաթական մեկ օր դասավանադելով` ամբողջությամբ կատարել:

Նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն այժմ գտնվում են ԿԳՄՍ նախարարության գործառույթների շրջանակում և այդ ուղղությամբ քննարկումներ արդեն եղել են.

«Պետք է վերանայենք կրթական ծրագրերն ու դասագրքերը` դրանց ներգրավելով նաև սփյուռքի մեկօրյա դպրոցների մասնագիտական ներուժն ու փորձը»,- նշել է Արևիկ Անափիոսյանը:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրասման ծրագրի փակումը տեղի կունենա հուլիսի 26-ին:

Հիշեցնենք, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում:

Նախորդ տարվա համեմատ մի փոփոխություն է տեղի ունեցել՝ այսուհետ բոլոր վերապատրաստումներն իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը. նախկինում այն բաշխվել էր նաև Սփյուռքի նախարարությանը: Սա թույլ կտա իրականացնել մեկ միասնական քաղաքականություն:

Այս տարի նախատեսված է վերապատրաստում հինգ ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, նկարչության և կիրառական արվեստի ուղղություններով: Նախատեսված էր նաև ճատրակի խումբ, որը, սակայն, չի համալրվել:

Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են «Մեկօրյա դպրոցում ուսուցման» և «Հայոց լեզվի և գրականության» խմբերում:

Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: