Հայերեն   English   Русский  

Քոչարյանի աջակիցներից 4 հոգու ոստիկանության աշխատակիցները երեկ գիշեր բերման են ենթարկել


  
դիտումներ: 72

Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որ բողոքի ակցիա էին սկսել Կառավարության շենքի առաջ, հայտարարեցին, որ Քոչարյանի աջակիցներից 4 հոգու ոստիկանության աշխատակիցները առանց որևէ հիմնավորման երեկ գիշեր բերման են ենթարկել Երևանի Ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Գիշերը ժամը 3-ին չորս անձի բերման են ենթարկել անհիմն, բիրտ ուժ կիրառելով, Մաշտոց- Թումանյան փողոցների խաչմերուկից: Ըստ էության, նրանք մեզ ճանաչում էին, հետևում էին, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին մեզ վրա, ուժ կիրառեցին, այնուհետև մոտեցան ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները և հատուկջոկատայինները, որոնք մեզ մեքենա նստեցրին և բերման ենթարկեցին: Երբ մենք խնդրեցինք ներկայացնել բերման ենթարկելու իրավական հիմքերը, ոչ մի բացատրություն չտվեցին, իսկ բաժանմունքում արդեն փորձեցին արդարանալ, որ մենք անօրինական գործունեություն ենք իրականացրել, դրա համար են բերման ենթարկել, իսկ արդեն արձանագրության մեջ գրեցին, որ մենք չենք ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին»,- ասաց բերման ենթարկվածներից մեկը:

Բերման ենթարկվածների փաստաբան Վահե Եփրիկյանն էլ ասաց, որ Ոստիկանության բաժնում իրեն հայտնել են, որ Քոչարյանի աջակիցների նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում. «Մենք արդեն մի քանի անգամ խոսել ենք, ասել, որ պետք չի մարդկանց տանել, դեկլարատիվ բաների համար մի քանի ժամ պահել բաժնում: Ըստ էության, նրանք զբոսնում էին, ակցիայի իրականացումը չի մեկնարկել, քանի որ մարդիկ օբյեկտիվորեն հնարավորություն էլ չեն ունեցել իրականացնել ակցիան: Ամբողջ խնդիրն այն է, որ նոր Հայաստանում, Երեւան քաղաքում մարդիկ իրենց համար զբոսնում են, ու ոստիկանությունը նման գործելաոճ է նախընտրում: Ոստիկանության աշխատակցին ասել են` մի հատ ներկայացի, եղբայր, ինչի՞ համար ես բերման ենթարկում, ոչ ներկայանում է, ոչ բան, թեւերը ծալում է, ծեփում է ասֆալտին ու բերման ենթարկում Ոստիկանության մոտակա բաժին: Ի՞նչ օրինական պահանջի մասին է խոսքը, ճիշտ է՝ կա նման ձեւակերպում` ոստիկանի օրինական պահանջին ենթարկվելու անհրաժեշտություն, բայց ոստիկանը պետք է որեւէ բան պահանջի, իսկ այս դեպքում ոստիկանության գործողությունները խելամիտ չեն»:

Քոչարյանի աջակիցների խոսքով՝ բերման ենթարկվելու ժամանակ իրենք պաստառներն էին պատրաստում, որ բերեն այսօրվա ակցիային, և ոստիկանության գործողություններն ուղված են իրենց վախեցնելուն, սակայն դա իրենց վրա որևէ ազդեցություն չի թողել: Նշենք, որ առավոտյան բերման ենթարկվածներին ազատ են արձակել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: