Հայերեն   English   Русский  

Այս պահին շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը. Երվանդ Վարոսյան


  
դիտումներ: 147

Այսօր Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդման գործընթացին՝ տեղեկացրել է, որ արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը:

«Հեռավոր կամ ոչ այնքան 2011 թվականին, առանց Վճռաբեկ դատարանի «դաբրոյի» դատավոր Սամվել Մնացականյանը մի մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել էր թույլատրելի։ Ու չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը մնաց ուժի մեջ, այնուամենայնիվ Արման Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը դադարեցնի այդ դատավորի լիազորությունները։

Ստորեւ մեկնաբանություններում ներկայացնում եմ գտածս նյութերը կատարվածի կապակցությամբ Հայաստանի շուրջ 100 փաստաբանների կազմակերպած բողոքի ակցիայի մասին։ Համոզված եմ, որ այդ ակցիայով մենք հասանք նրան, որ իշխանություններն այլեւս նման «պատժիչ» գործողության չգնացին։

Այսօր, սակայն, դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել էլ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատժելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին։ Կարծում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ։

Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։

Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի։

Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա»,-գրել է Վարոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: