Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 249

Շոումենների ժամանակը

Շաբաթն սկսվեց Ուկրաինայում և Մեծ Բրիտանիայում Վլադիմիր Զելենսկու և Բորիս Ջոնսոնի հաղթարշավով, սակայն միջազգային հանրության հայացքը հիմնականում սևեռված էր բրիտանական իշխանափոխության վրա:

Հուլիսի 22-ին իշխող՝ Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրություններում հաղթեց Բորիս Ջոնսոնը և ըստ երկրի օրենսդրության՝ ինքնաբերաբար դարձավ վարչապետ՝ փոխարինելով Թերեզա Մեյին։ Նրա հաղթանակը պայմանավորված էր բրեքսիտով, քանի որ նրա նախորդը պաշտոնից հեռացավ այդ պատճառով: Փորձագետների մի մասը գուշակում է, սակայն, որ բերքսիտը կարող է փորձաքար դառնալ նաև Ջոնսոնի համար և տապավելու դեպքում կանխորոշել նրա կարիերայի ավարտը:

55-ամյա Բորիս Ջոնսոնը, որը նախկինում Լոնդոնի քաղաքապետն էր, մեղմացրել է իր դիրքորոշումը բրեքսիթի առնչությամբ, այնուամենայնիվ հայտարարել է, որ մինչև հոկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից:

Այսպես թե այնպես, ողջ շաբաթվա ընթացքում դիսկուրսում Բորիս Ջոնսոնի անձնավորությունն էր՝ նրա կենսագրությունը, ընդհուպ թուրք պապը, անձնական կյանքը, բնավորության գծերը և երկրի ղեկավարի համար ոչ սովորական պահվածքը: Շրջանառության մեջ մտավ «բրիտանական Թրամփ» հասկացությունը, ինչը ողջունեց ինքը՝ Թրամփը:

Այնուամենայնիվ այդ զուգահեռն անհիմն չէր, և որոշ լրատվամիջոցներ փորձեցին ապացուցել, որ այդ գործիչների նմանություններն էական են: Այսպես, երկուսն էլ շոումեն են, երկուսն էլ նշանավոր են դարձել հեռուստատեսային ելույթներով: Երկուսն էլ ստախոսի համբավ ունեն: Ջոնսոնը երկու անգամ ազատվել է անազնվության համար, իսկ Թրամփն իր հայտարարություններով ստիպում է օրնիբուն աշխատել հետաքննող լրագրողներին: Երկուսն էլ մաքուր չեն նաև անձնական կյանքում և հայտնի են արտամուսնական կապերով: Երկուսն էլ աչքի են ընկնում հանրության որոշ խմբերի հասցեին վիրավորական արտահայտություններով, իրենց երկրներում վերականգնել են տարաձայնությունները և ատելության հռետորաբանությունը՝ սերմանելով վախ ու նախապաշմունք «ուրիշների» նկատմամբ: Երկուսն էլ իրենց ստերի մեջ այնքան են առաջ գնում, որ հերքում են անգամ գիտական տվյալները: Այս առաջնորդները, որ ծնվել են հարուստ և արտոնություններ ունեցող ընտանիքներում, ներկայացնում են հասարակ մարդկանց շահերը և այլն:

Առանձնակի խոսքուզրույցի առիթ դարձավ Ջոնսոնի ծրագիրը՝ DUDE-ն: Dude խոսակցական բառը նշանում է «ախպեր», ուստի այն համեղ պատառ դարձավ լրատվամիջոցների համար, որոնք գրեցին՝ «Ախպեր կամ մահ» («Dude or Die!»), այսինքն՝ կա՛մ ախպեր դարձիր, կա՛մ հեռացիր: Իրականում DUDE-ն Ջոնսոնի ծրագրի չորս կետերի հապավումն էր՝ բրեքսիտ, երկրի միավորում, հաղթանակ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինի նկատմամբ և էներգիայի լիցք Բրիտանիային:

Համենայն դեպս պարծենկոտի և պալատական ծաղրածուի համբավ ունեցող Ջոնսոնը ռեկորդային թվով խոստումներ է տվել խորհրդարանում հուլիսի 24-ին իր պաշտոնը ստանձնելիս և հավաստիացրել, որ Մեծ Բրիտանիային «նոր ոսկե դար» է սպասում: «Մեր երեխաները և թոռներն ավելի երկար կապրեն, ավելի երջանիկ, առողջ և հարուստ կլինեն»,- խոստացել է Ջոնսոնը խոհրդարանականներին: Թե որքանով պալատական ծաղրածուն լուրջ քաղաքական գործիչ կդառնա, ցույց կտա ժամանակը:

Նույն բանը կարելի է ասել Վլադիմիր Զելենսկու մասին, որը խոստումներ տալու առումով հետ չի մնում Ջոնսոնից: Ուկրաինայում հուլիսի 21-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առավելագույն թվով ձայներ ստացավ երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը՝ 44.2 տոկոս։ Գերագույն ռադա, բացի «Ժողովրդի ծառայից», անցավ ևս չորս քաղաքական ուժ՝ «Ընդդիմադիր պլատֆորմը» (11.4%), «Եվրոպական համերաշխությունը» (8.8%), «Բատկիվշչինան» («Հայրենիք», 7.4%) և «Ձայնը» (Голос, 6․5%): Սակայն Զելենսկու «Ժողովրդի ծառան» իրավազոր է միայնակ ձևավորելու կառավարությունը:

Բայց ամեն տեղ չէ, որ հաղթանակ էին տոնում: Իսպանիայում հերթական քաղաքական փակուղին է առաջացել, խորհրդարանում երկու անգամ քվեարկության դրվեց Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար, կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչեսին վարչապետ ընտրելու հարցը, և երկու անգամ էլ նա անհրաժեշտ թվով ձայներ չստացավ: Դժվար է ասել՝ կհաջողվի՞ քաղաքական գործիչներին բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալ և խուսափել նորից արտահերթ ընտրություններից:

Ճապոնիայում էլ, թեպետ Սինձո Աբեի կոալիցիան հաղթեց խորհրդարանական ընտրություններում, բավականաչափ տեղեր չստացավ (չբավականացրեց ընդամենը 4 տեղ) Սահմանդրության փոփոխության ձեռնամուխ լինելու համար:

Ճապոնիայի հիմնական օրենքը գործում է 1947 թվականից և մինչ օրս որևէ փոփոխություն չի կրել: Վարչապետ Սինձո Աբեն և նրա Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ձգտում են փոփոխություն մտցնել Սահմանադրության 9-րդ հոդվածում, որով Ճապոնիան հրաժարվում է պատերազմից և բանակ ստեղծելուց: Աբեն առաջարկում է ամրագրել փաստաթղթում ինքնապաշտպանության ուժերի կարգավիճակը որպես պաշտոնական զինված կազմավորում:

Թետչերի ապարանջանը

Թետչերի ապարանջանը

Մեծ Բրիտանիայի իշխանափոխության օրերին խոսքուզրույցի առարկա դարձավ Թերեզա Մեյի դաստակին երևացող ապարանջանը: Շանտերը վստահ վկայեցին, որ դա Մարգարետ Թետչերի ապարանջանն է, որը նա նվեր էր ստացել ամուսնուց և կրել է կարևոր քաղաքական իրադարձությունների ժամանակ: Լրագրողների հետաքննությունը հանգեցրեց այն եզրակացության, որ դա իրոք այն ապարանջանն է, և Մեյը ժամանակին գաղտնի գնել է 40 հազար ֆունտ ստեռլինգով, երբ աճուրդի էին դրված Թետչերի իրերը: Այն ժամանակ տեղեկագրերում նշված էր, որ ապարանջանը ձեռք է բերել անանուն գնորդը: Թե ինչու էր Մեյը հատկապես այդ օրը կրել և ցուցադրել ապարանջանը՝ մնում է գրողների ու լրագրողների երևակայությանը:

Սպիտակ գիրքը

Հրաժարվել սպառազինության մրցավազքից

Անցած շաբաթ Չինաստանը հրապարակեց ազգային պաշտպանության ռազմավարությունը, որով նա ազգային անվտանգությունը պատրաստվում է ապահովել պաշտպանական քաղաքականությամբ և հրաժարվել միջուկային սպառազինությունից: Այդ մասին գրված է Սպիտակ գրքում, որը հրապարակվեց հուլիսի 24-ին: Նշված է, որ արդի աշխարհը նշանակալի փոփոխություններ է կրել, և այդ աշխարհի բնորոշ գծերն են բազմաբևեռությունը, տնտեսական գլոբալացումը, տեղեկատվական տարածությունը և մշակույթների բազմազանությունը: Միաժամանակ արձանագրված է, որ խաղաղության պահպանման, կայունության և զարգացման հռետորաբանությունը համընդհանուր է դարձել միջազգային ասպարեզում, այդուհանդերձ չի խանգարել տարածաշրջանային կոնֆլիկտների, տեղական պատերազմների և միջազգային ռազմավարական մրցակցության աճին:

Մոսկովյան ցույցեր

Բողոքի ցույցեր և ձերբակալվածներ Ռուսաստանի Դաշնությունում

Անցած շաբաթ բազմահազարանոց բողոքի ցույցեր էին ընթանում Մոսկվայում քաղաքի Պետական դումայի ընտրություններում թեկնածուներին չգրանցելու դեմ, որոնք ուղեկցվում էին ցուցարարների ձերբակալություններով: Հուլիսի 28-ի երեկոյան տվյալներով՝ ոստիկանությունը չհամաձայնեցված բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգի խախտման համար ձերբակալել է ավելի քան 1373 մարդու։ Ձերբակալվածների ցուցակում, ի դեպ, 22 հայի անուն կա:

գործադուլ Բարսելոնայում

Աղետներ, գործադուլներ և մահապատիժներ

Անցած շաբաթը նույնպես զերծ չմնաց աղետներից, մասնավորապես անտառների հրդեհներից և ջրհեղեղներից, որոնց գումարվեցին սաստիկ շոգերը: Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում բարձր ջերմաստիճանի ռեկորդներ գրանցվեցին, Գերմանիայում և Իսպանիայում նույնիսկ մարդիկ մահացան, իսկ Բելգիայում շոգին դիմանալու համար մարդիկ սուպերմարկետներում էին գիշերում: Զոհեր եղան Չինաստանում սողանքի պատճառով, մի ամբողջ բնակավայր հողին հավասարվեց, Միացյալ Նահանգներում լողափին հանգստացող մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում կայծակի հարվածի պատճառով: Բայց այստեղ մարդկային կյանքեր կընդհատվեն նաև մարդկանց որոշմամբ, քանի որ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները երկարատև ընդհանտումից հետո վերականգնում են մահապատիժների իրականացումը: Նախատեսվում է, սկսած դեկտեմբերի 9-ից, հինգ դատապարտյալի մահապատժի ենթարկել, որոնց պատիժը սահմանվել է սպանության համար:

Սաստիկ շոգը չխանգարեց, գուցեև խթանեց գործադուլների ալիքը եվրոպական օդանավակայաններում, որոնց աշխատակիցները աշխատավարձի բարձրացում էին պահանջում: Այս սաստիկ շոգ օրերին հազարավոր ուղևորներ տվայտում էին օդանավակայաններում տասնյակ չվերթների չեղարկման պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: