Հայերեն   English   Русский  

Տիգրանակերտ․ աշխարհի նորահայտ գանձը


  
դիտումներ: 4574

Արցախում է գտնվում Տիգրան Մեծի հիմնած Տիգրանակերտ անունով 4 քաղաքներից մեկը, որի մասին հեռևս 7-րդ դարում հիշատակել էին հայ պատմիչներ Սեբեոսն ու և Մովսես Կաղանկատվացին։

Տիգրանակերտը կառուցվել է մ․թ․ա 1-ին դարում և գոյություն ունեցել մինչև 14-րդ դար, որից հետո անցել է դարերի հողաշերտի տակ և հայտնաբերվել միայն տարիներ առաջ՝ 2005 թվականին։

Ներկայումս տարածքը պետական արգելոցի կարգավիճակ ունի, կոչվում է «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոց։ Ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար անտիկ այս տարածքը պատմամշակութային կարևոր մի հուշարձան է, որտեղ 2005 թվականից ի վեր շարունակում է բացահայտվել պատմահնագիտական հսկայական արժեքավոր նյութ։

Տիգրանակերտ

Այգիների մեջ թաղված սպիտակ քաղաքը

2005թ. քաղաքի հետքերը հայտնաբերել և նրա տարածքում հնագիտական պեղումներ է սկսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը` Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ։

Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Քաղաքը գտնվում է Ասկերանի շրջանում, Խաչենագետի հովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևելյան լանջին, Արքայական աղբյուրների հարևանությամբ՝ զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածք։

Պեղումների արդյունքում բացահայտվել են երբեմնի մեծ ու հզոր քաղաքի կառուցապատման և մշակութային հարուստ կյանքի մանրամասները: Գտնված կառույցներն ու նյութերը վկայում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծով և շինարարական տեխնիկայով կառուցված ընդարձակ բնակավայր։ Այն կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, իսկ ստորոտի հարթավայրում ունեցել է հզոր պարիսպներ և ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:

Համլետ Պետրոսյան

Յուրաքանչյուր տարի ամառվա ընթացքում 40-55 օր տարածքում կատարվում են պեղումներ։ Մեր այցելության պահին պեղումները վերսկսվել էին։ Արշավախումբն առավոտ ծեգին արթնանում է, ժամը 6-ին լինում պեղամասում։ Ուղիղ կեսօրին աշխատանքը դադարեցվում է, մինչև ժամը 16։00-ն արշավախմբի հանգստի ժամն է, որից հետո սկսում են գտածոները հաշվառել, լուսանկարել, խմբավորել ու մշակել։

«Անցյալ տարվանից արդեն պեղում ենք 2-րդ անտիկ թաղամասը, վաղ քրիստոնեական հրապարակը և ամենակարևորը՝ հյուսիսային պարսպապատը, որը սկսել ենք բացել դեռևս 2006 թվականից և մինչև հիմա բացել ենք մոտ 340 մետր»,-ասում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ հուլիսի 5-ից, ինչ սկսել են պեղումները, վաղ քրիստոնեական թաղամասում կարծես թե 12-13-դ դարերի կապիտալ կառույց են բացահայտել։

Դեռ վաղ է խոսել արժեքավոր գտածոների մասին, բայց հիշում է նախորդ տարվա է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի թաղման կարասը, որն անկրկնելի գտածո է։ Հսկայական կարասի վրա որսի տեսարան է պատկերված՝ նիզակներով զինված ձիավորներ, հետիոտներ և այլն։ Գտածոն այժմ ԵՊՀ հնագիտության լաբորատորիայում է։

«Այսօր Տիգրանակերտը Հայաստանի երևի թե ամենալավ ներկայացվող, մաքուր հնագիտական հուշարձանն է, բայց բոլոր դեպքերում մարդիկ ավելի շատ գալիս են թանգարան, մտնում ամրոց, նայում գտածոները և թողնում-գնում»,-ասում է Պետրոսյանը։

Ըստ նրա, այստեղ ամենաարժեքավորը Տիգրանի կառուցածն է, և պետք է հնարավորություններ ստեղծել, որպեսզի տուրիստները կարողանան այցելել նաև բուն պեղումների տարածք։

Տիգրանակերտ

«Ամբողջ աշխարհում դա արվում է, հատուկ տախտակամածերի միջոցով մարդիկ շփվում են այդ միջավայրի հետ։ Եթե մեր նպատակն է Տիգրանի քաղաքը ցույց տալ, այսօրվա հնարավորությունները դա թույլ չեն տալիս։ Իսկ նման հուշարձան ամբողջ տարածաշրջանում չկա։ Մարդիկ այստեղ կարող են տեսնել 6 մետր բարձրության պարիսպներ՝ սրբատաշ քարերով շարված, ծիծեռնակապոչ կապերով։ Սա հելլենիստական ամրաշինության էտալոնային, եզակի հուշարձան է, սրա հետ կարող է համեմատվել, ասենք հռոմեական Գառնին»։

Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ Տիգրանակերտի նկատմամբ այսօր մեծ հետաքրքրություն կա ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային գիտական հանրության շրջանում։ «Այնուամենայնիվ, մենք կարիք ունենք մշակութային ժառանգության հանդեպ ավելի քաղաքակիրթ լինելու։ Օրինակ, Տիգրանակերտի տարածքում օրումեջ խորոված են անում, ինչը մերժելի երևույթ է։ Մենք պետք է կարողանանք արևելյան ուտուշ-խմուշը չխառնել մշակութային ժառանգության հետ»։

Փոխարենը արշավախմբի ղեկավարը գոհ է Արցախի իշխանությունների հոգածությունից։ Ասում է՝ Հայաստանի որևէ արշավախումբ չունի այն պայմաններն, ինչ իրենք։ «Մեր բոլոր ծրագրերը ֆինանսավորում է Արցախի կառավարությունը»։

Տիգրանակերտի թանգարան 18-րդ դարի ամրոցի վերածնունդը


Տիգրանակերտ

Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010թ. ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը։ Այն տեղակայված է քաղաքի տարածքում գտնվող 18-րդ դարի ամրոցում, որը խորհրդային տարիներին վերածվել էր ադրբեջանական ռեստորանի։

Ամրոցի տարածքն այսօր մշակութային բացառիկ վայր է, որտեղ, ինչպես թանգարանի տնօրեն Անահիտ Լոռեցյանն է ասում, օրական միջինը 100 զբոսաշրջիկ է այցելում, մի մասը՝ օտարերկրացիներ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Գերմանիայից, Իսրայելից, Ճապոնիայից, Չինաստանից, Լեհաստանից և այլ երկրներից։

Թանգարանի հավաքածուն տարեցտարի համալրվում ու հարստանում է, քանի դեռ պեղումները շարունակվում են։ Հատկապես արժեքավոր է V-VII դարերին վերագրվող մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին՝ շրջանի մեջ, փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին՝ տղամարդու դիմապատկեր, հայերեն արձանագրությամբ։

Պեղածո նյութերի մեջ առանձնանում են մ.թ.ա. 1-ին-մ.թ. 1-ին դարերի գունազարդ, սև, մոխրագույն խեցեղենի օրինակները, ցլագլուխ եղջերագավաթները, կնքադրոշմները ու գեմման, երկմետաղ սուրը, որը պատկանում է մ․թ․ա․ 9-8-րդ դարերի, երկաթե ակնազարդ մատանիները, ոսկեզօծ ուլունքները, պարթևական արծաթյա դրախմաները, որոնք պատկանում են Միհրդատ երրորդին ու Որոդ երկրորդին և այլն։

Տիգրանակերտ

Թանգարանի ամենաուշագրավ գտածոներից է հսկայական թաղման կարասը․ «Հելլենիստական ժամանակաշրջանում հանգուցյալին նման կարասների մեջ են թաղել, կիսանստած վիճակում, այսինքն այն դիրքով, ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է գալիս»,-բացատրում է թանգարանի երիտասարդ էքսկուրսավարը։

Բացի գտածոներից, բազմաթիվ ցուցադրափեղկերում ներկայացված է նաև պեղումների ընթացքը, հայերեն, ռուսերեն, և անգլերեն լեզուներով տեղեկություններ տեղանքի պատմության, պեղումների ու գտածոների վերաբերյալ։

Թանգարանն այսօր դեպի Արցախ կազմակերպվող շրջագայությունների ամենակարևոր վայրերից մեկն է։ Մեկնել Արցախ ու չայցելել Տիգրանակերտի թանգարան, նշանակում է զրկվել աշխարհի հնագույն քաղաքակրթության հետ շփվելու բացառիկ հնարավորությունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: