Հայերեն   English   Русский  

Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով․Ռոբերտ Քոչարյան


  
դիտումներ: 458

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին

- Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաև Հայաստանի ու Արցախի դեմ:

- Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ:

- Հասարակության մի մասի համար ընդդիմություն լինելը Քոչարյանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանությունների ապօրինություններին դիմադրելը արդյունավետ չի համարվում: Որքա՞ն եք մտադիր հետևել սպասողական մարտավարությանը և ո՞ր պահին կհնչեցնեք Ձեր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը: Հայտնի է, որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, և գործունակ այլընտրանքային քաղաքական բևեռ կարող է ձևավորվել Ձեր մասնակցությամբ ու Ձեր շուրջը:

- Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

- Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկա ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում` «ներքևից» դժգոհությունը կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը դարձյալ կլուծվի փողոցում, և մի պոպուլիստի փոխարեն իշխանության կգա մեկ ուրիշը: Ինչպե՞ս կանխել այդ վտանգը:

- Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

- Վրացական տնտեսության մեջ թուրք-ադրբեջանական գործոնի դերի մեծացումը և ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններում բարդությունները նոր որակի մարտահրավերներ են պարունակում Հայաստանի և Արցախի ապագայի համար: Տարածաշրջանը փոփոխվում է` սևեռելով գերտերությունների ուշադրությունը: Մեր երկիրը պատրա՞ստ է արդյոք դիմակայել այդ մարտահրավերներին, թե՞ մենք վերջնականապես կարող ենք կորցնել զարգացման հնարավորությունը:

- Պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարևանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու:

Մենք սեղմված ենք 4 երկրի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Իրանն ԱՄՆ-ի սև ցուցակում է, պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Վրաստանն ակտիվորեն ձգտում է դեպի այն աշխարհաքաղաքական դաշինքը, որը հակամարտում է Հայաստանի անդամակցած դաշինքի հետ, որից էլ մենք աշխարհագրորեն կտրված ենք Վրաստանի տարածքով: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսության էֆեկտից: Չորս հարևանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, և նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել են մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա և մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգված` տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերության զարգացման համար, անվերադարձ մսխվել է: Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփյուռքը ձուլվում է բնակության երկրներում ինչպես երկրորդ և երրորդ սերունդների օբյեկտիվ շարժառիթների, այնպես էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները: Ավելացրեք դրանց Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը:

Սա երկրի առջև ծառացած մարտահրավերների` դեռևս ոչ ամբողջական ցուցակն է:

Հնարավո՞ր է լուծել դրանք` հենվելով պոպուլիզմի և կարգախոսային դատարկաբանության վրա: Միանշանակ` ոչ․դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն ու գերկոմպետենտություն: Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, և պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում: Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը:

- Կիսո՞ւմ եք քաղաքագետների այն մտահոգությունը, որ, Ձեզ մեկուսացնելով և ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետևանքների մեղքը Ձեզ վրա բարդելու փորձ:

- Բացարձակապես հորինված մեղադրանքներով ինձ ամեն գնով մեկուսացնելու ջանասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եթե դա միայն սևեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, և նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում:

- Քաղաքագետները, այդ թվում` ռուսաստանցի, ավելի հաճախ են Ձեր կալանավորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տվել է արևմտյան վերնախավերին` ՀՀ-ում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ քաղաքական դիմակայության համատեքստում:

- Արտաքին քաղաքականության մեջ ընդունելի և ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Դա շատ է բարդացնում մի գիշերվա մեջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանությունների կյանքը: Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպես, ինչպես ժամանակին էին մտածում, սակայն ստիպված են ձևացնել, ձևական անկեղծություն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիությունը, աշխարհաքաղաքական լղոզված ուղենիշները, մշտական ձախողումները և, որպես հետևանք, գործընկերների հետ ոչ լիարժեք հարաբերությունները: Հնարավոր չէ հաջողությամբ անել մի բան, ինչին չես հավատում, ինչում համոզված չես:

- Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների քարոզարշավի ակնհայտ ֆալստարտ է: Հավատո՞ւմ եք Հայաստանից հեղափոխության արտահանմանը, ինչը կհանգեցնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների:

- Հուսով եմ` դա տեղի չի ունենա` չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ:

- Արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած իրավիճակում, և դա ազատության ու արդարության հասնելու ավելի կարճ ճանապարհ է, քան դատավարությունները, որոնք ընթանում են իշխանությունների կողմից դատավորների հանդեպ անթաքույց ճնշումների պայմաններում:

- Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ: «Դատական» նիստի ընթացքում մեղադրյալին հրապարակավ զրկել բոլոր իրավունքներից իրենց թույլ չէին տալիս անգամ միջնադարյան «արդարադատության» խավարամիտները: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ:

Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները և հնչեցրած արժեքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Դա չափազանց կարևոր է հասարակության մտածող մասի համար, և իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից:

Վլադիմիր ՄԱՆՈՒԿՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: