Հայերեն   English   Русский  

​Չի կարելի լռել, համակերպվել, չտեսնելու տալ․Էլինար Վարդանյան


  
դիտումներ: 145

Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նպատակ է ընտրված՝ համակարգը սեփական շահերին ծառայեցնելը:

Օր օրի սա ավելի նկատելի է դառնում, ստանալով բացահայտ ամենաթողության դրսևորումներ։ Առաջնորդվելով քաղաքական ցանկություններով, դատաիրավական բարեփոխումների քողի տակ իրականացվում է տոտալ ճնշում դատական համակարգի նկատմամբ: Այս պրոցեսը վտանգավոր է ոչ միայն իրավական համակարգի համար, այլ ընդհանրապես երկրի զարգացման: Չի կարող խոսք լինել երկրի հետագա զարգացման մասին, երբ դատական համակարգը հիվանդ է, իսկ իշխանությունները դեղամիջոց փնտրելու փոխարեն փորձում են այն պարզապես ծառայացնել իրենց շահերին՝ ճնշելով և ազդելով համակարգի վրա:

1. Դատավորի նկատմամբ «պատժիչ» գործողությունների իրականացում. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը ոչ այլ ինչ է, քան պատժիչ գործընթաց, որի միակ պատճառը իշխանության համար ոչ հաճո որոշման կայացումն էր, իսկ նպատակը՝ ազդել մյուս դատավորների որոշումների վրա։ Սա վտանգավոր գործընթաց է, որի խորացման դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել: Այս որոշումը ցուցիչ է, որ ցանկացած դատավորի կողմից գործադիր իշխանության համար ոչ ցանկալի դատական ակտը թիրախավորում է տվյալ դատավորին: Եվ պետք չէ համեմատականներ անցկացնել նախկին իշխանությունների և նախկին դատական համակարգի հետ, դա միայն լավ առիթ է սեփական անկարողությունն ու իրավական նիհիլիզմը արդարացնելու համար:

Ի՞նչ պետք է ակնկալել իրավաբանական համայնքից: Այստեղ պետք է գործի կոլեգիալ համերաշխության սկզբունքը: Իրավաբանական համայնքը պետք է հակազդի երկրի իրավական հիմքերը խարխլող այս գործընթացին։ Դատավորները պետք է հայտարարեն իրենց անհամաձայնությունը դատական իշխանության անկախությանը միջամտելու և դատավորներին նման աննախադեպ ճնշման ենթարկելու փորձերին: Հիմա լռելու ժամանակը չէ. գործող դատարավորների մեջ կան շատ գրագետ ու պարկեշտ անձիք, ովքեր իրենց ձայնը պետք է կոնսոլիդացված բարձրացնեն։ Դատավորները պետք է հաստատեն իրենց աջակցությունը դատավոր Գրիգորյանին և ցանկացած դատավորի, ով կենթարկվի իր մասնագիտական գործունեության հետ կապված հետապնդման։

2. Երկրում ընթացող իրավական պրոցեսները շատ վտանգավոր հետևանքներ են գուժում: Որևէ մեկը թող չկարծի, որ եթե ինքն այսօր չկա դատաիրավական պրոցեսում, վաղն այդ պրոցեսները իրեն չեն առնչվելու: Եթե մեկը այսօր տաքուկ տեղավորված է, և կողքից է հետևում այլոց հանդեպ կատարվող անարդարություններին և դատաիրավական ռեպրեսիվ մեքենային, ապա դա խիստ ժամանակավոր կոմֆորտ է։ Ռեպրեսիվ համակարգի ձևավորումն ունի խորը վտանգներ, որը բերելու է իրավական տեռորի, իրավական համակարգի կազմալուծման, որի տակ հայտնվելու են բոլորը։

3. Լիակատար կառավարելի համակարգերի ստեղծում. Պարզվում է բարեփոխման կարիք ունի միայն դատական համակարգը, իսկ ՀՔԾ-ն ու դատախազությունը, որոնք անում են քո ուզածը, արդեն բարեփոխված են, արդեն վստահելի են, արդեն նորն են, իսկ, օրինակ Սահմանադրական դատարանը՝ ոչ: Ծրագրավորվել են հատուկ քայլեր, «ճգնաժամեր», որոնք դատական իշխանության բարեփոխման անվան տակ ձգտում են կառավարելի դարձնել այն: Սա այնքան ակնհայտ ու անթաքույց է արվում, որ հուշում է իշխանության մեջ խորքային անվստահության ու տագնապների մասին։

Հետևություն.

Իրավական ռեպրեսիվ համակարգի ինտենսիվ ձևավորման միտումները մեզ չի թողնում հանգիստ մտածելու ժամանակ: Պետք է մշակվեն և իրականացվեն հստակ քայլեր, որոնք ուղղված կլինեն իրավական համակարգի դեմ քաղաքական ոտնձգությունների կանխմանը.

1. Նոր կառույցների ձևավորում՝ իրավական համակարգի ռեպրեսիային հակազդելու համար: Կառույցներ, որոնք կենտրոնացած կլինեն թե տոտալ խախտումերի փաստահավաք գործառույթով, թե հասարակության տարբեր խմբերի իրավական աջակցության գործում։

2. Իրավաբանական համայնքի կոնսոլիդացիա՝ անկախ քաղաքական հայացքներից: Զրոյական նշանակություն ունի, թե ինչպիսի քաղաքական հայացքներ ունեն իրավաբանները, փաստաբանները. Պարզապես չի կարելի մի կողմ քաշված լուռ հետևել, թե ինչպես է կազմալուծվում առանց այդ էլ իրապես բարեփոխման կարիք ունեցող համակարգը: Թե ինչպես է մի վատ համակարգից ձևավորվում նոր «Հրեշ»։

3. Արհմիությունների ձևավորում. Չափազանց կարևոր է այս փուլում անկախ արհմիությունների ձևավորումը, տեղերում սեփական իրավունքների ամենօրյա պաշպանության համար։ Դատավորների նկատմամբ պատժիչ գործողությունների ուղղակի ազդեցություններից մեկը լինելու է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների զանգվածային խախտումները: Իջևանյան դեպքերը ուղղակի կարող են դառնալ խաղի կանոն։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: