Հայերեն   English   Русский  

«Էրդողանն ավանտյուրիստ է, նա հասկացել է, որ միջազգային հանրությունում ամեն մեկն իր շահն ունի և լավագույնս դրանից օգտվում է»


  
դիտումներ: 1055

Սիրիայի սահմանի երկայնքով անվտանգության գոտի են ուզում ստեղծել թե Թուրքիան, թե ԱՄՆ-ն, միայն թե երկու երկրների մոտեցումները չափազանց տարբերվում են անվտանգության գոտին վերահսկողների հարցում: Թուրքիային անվտանգության գոտին անհրաժեշտ է իբրև թե իր սահմանները քրդերից պաշտպանելու համար: Մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է, որ անվտանգության գոտին վերահսկեն քրդերը կամ ծայրահեղ դեպքում` քրդական և թուրքական ուժերը:

Տարաձայնություններով պայմանավորված` Թուրքիան հերթական անգամ հայտարարել է Սիրիայի տարածքում քրդերի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնելու մտադրության մասին: «Մենք այն ժամանակ դեռ ռազմական գործողության պլան էինք մշակել, որը, սակայն, սառեցրեցինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով: Հիմա այլևս սպասելու միտք չունենք, և եթե անվտանգության գոտու հարցը չլուծվի, հաստատակամ ենք անել հնարավորը՝ ինքներս մեզ պաշտպանելու համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` նկատի ունենալով նախորդ տարվա թուրք-ամերիկյան համաձայնությունը, ըստ որի քրդական ուժերն աստիճանաբար պետք է դուրս բերվեին սիրիական Մանբիջից, ինչպես նաև ԱՄՆ-ն պետք է հետ վերցներ քրդերից իր իսկ մատակարարած զենքերը:

Մինչ Թուրքիան սպասում էր, որ ԱՄՆ-ն իր խոստումները կկատարի, վերջերս ամերիկացի բարձրաստիճան զինվորականները պաշտոնական հանդիպում են ունեցել Սիրիայի քրդական դեմոկրատական ուժերի ներկայացուցիչների հետ: Տեղի ունեցածը բարկացրել է թուրքական իշխանություններին, իսկ Չավուշօղլուն հայտարարել է. «Դա վկայում է, որ Վաշինգտոնն անկեղծ չէ մեզ հետ»:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` քրդերը գործիք են ԱՄՆ-ի ձեռքում ինչպես Թուրքիային ճնշելու, այնպես էլ Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործում իր խոսքն ունենալու հարցում:

Սաֆրաստյանը նշում է` Սիրիայի ներկայիս քարտեզն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ նավթով հարուստ տարածքները, նավթահանքերը մեծամասամբ գտնվում են քրդերի վերահսկողության ներքո և այդ տարածքներում տեղակայված են նաև Արևմտյան կոալիցիայի ուժերը: «Այդ նավթահանքերն Արևմուտքը քրդերի միջոցով իր ձեռքում է պահում: Կարծում եմ, որ սա կարևոր գործոն է»,- ասում է Սաֆրաստյանը:

Սաֆրաստյան

Անդրադառնալով Սիրիական հակամարտության կարգավորման հեռանկարին` Սաֆրաստյանն ասում է, որ ներկայում գործող սիրիական սահմանադրությամբ քրդերը որևէ իրավունք չունեն, բայց նրանք Ասադից պահանջում են լայն ինքնավարություն: Նրա խոսքով` անգամ եթե Ասադի կառավարությունը համաձայնի քրդերի պահանջները բավարարել և նրանց լայն ինքնավարություն շնորհի, մի շարք կարևոր հարցեր էլի անհստակ են մնում: Օրինակ` ի՞նչ են անելու քրդերն այն տարածքները, որոնք իրենց վերահսկողության ներքո են, բայց որտեղ իրենք անգամ չեն էլ բնակվում:

«Այդ տարածքներում նրանք արդեն ունեն իրենց կառավարման համակարգը, մեծ քանակությամբ զենք են կուտակել»,- ասում է Սաֆրաստյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ քրդական գործոնը Սիրիական հակամարտության կարգավորման հարցում ճնշում գործադրելու միջոց է ԱՄՆ-ի համար:

Հարցին, թե իրատեսական համարում է արդյոք, որ Թուրքիան Մանբիջում ռազմական գործողություններ սկսի, որ Մանբիջն էլ արժանանա Աֆրինի ճակատագրին, Սաֆրաստյանը նշում է, որ այնտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր, ինչը հավանական չի դարձնում նման զարգացումը: Բայց, միևնույն ժամանակ, Սաֆրաստյանը նշում է, որ Թուրքիան ձգտում է տարածքներ գրավել Եփրատ գետից արևելք ընկած հատվածում, որտեղ ներկայում քրդական ինքնահռչակ պետությունն է:

Սաֆրաստյանը հիշեցնում է, որ 1920թ. Քեմալ Աթաթուրքի ջանքերով Թուրքիայի Ազգային մեծ ուխտն ընդունել է Նոր Թուրքիայի քարտեզը, որը ներառում էր Հյուսիսային Սիրիան, այդ թվում և Հալեպը, Հյուսիային Իրաքը, այդ թվում և Մոսուլը, Բալկանյան թերակղզու զգալի մասը, Կիպրոսը, ինչպես նաև Նախիջևանը և Բաթումը: Էրդողանը հայտարարել է, որ 2023-ին` Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակին, կհայտարարի նոր Թուրքիայի` իր Թուրքիայի մասին:

«Այդ նոր Թուրքիայի համար քաղաքական, գաղափարական, պատմական հիմնավորմամբ զբաղված է մի ողջ գիտական կենտրոն, որն այդպես էլ կոչվում է` Ենի Թուրքիե, այն պետությունից մեծ գումարներ է ստանում, նախկին փոխվարչապետերից մեկն է ղեկավարում: Էրդողանը սիրում է այդտեղ ելույթներ ունենալ, որտեղ ասում է այնպիսի բաներ, որ այլ տեղերում զգուշանում է ասել»,- ասում է Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշում է` թե Աֆրինում ընթացող թուրքականացման գործընթացը, թե քրդերի դեմ հետագա հնարավոր գործողությունները Էրդողանի նպատակի իրագործման մաս են կազմում: Բայց նա նաև շեշտում է, որ Թուրքիան չունի այն պոտենցիալը, որ ստեղծի հարյուր տարի առաջ քարտեզով հռչակված Նոր Թուրքիան:

Հարցին, թե արդյոք միջազգային հանրության պասիվ դիրքորոշումը, միայն հայտարարություններով սահմանափակվելը նպաստում է Թուրքիայի նվաճողական քաղաքականությանը, Սաֆրաստյանը դրական է պատասխանում. «Միանգամայն: Էրդողանն ավանտյուրիստ է, նա հասկացել է, որ միջազգային հանրությունում ամեն մեկն իր շահն ունի և լավագույնս դրանից օգտվում է: Աբդուլ Համիդի քաղաքականությունն է, որը հաջողությամբ իրագործում է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: