Հայերեն   English   Русский  

Վ․ Մանուկյանը դիմել է Արդարադատության նախարարին՝ հայերեն թարգմանելու Ստամբուլյան կոնվենցիայի բացատրական հաշվետվությունը


  
դիտումներ: 466

Հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը դիմել է Արդրադատության նախարարին՝ առաջարկելով հայերեն թարգմանել Ստամբուլյան կոնվենցիայի բացատրական հաշվետվությունը և այն տեղադրել նախարարության կայքում։

«Քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը հասարակության շրջանում բանավեճերի և լարվածության ալիք է բարձրացրել՝ կապված Կոնվենցիայում առկա որոշ ձևակերպումների հետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ առաջարկելով նախարարությանը պաշտոնապես հայերեն թարգմանել Կոնվենցիայի բացատրական հաշվետվությունը (որը տեղադրված է ԵԽ կայքում և պարունակում է Կոնվենցիայի բոլոր տերմինների և եզրույթների պաշտոնական բացատրությունները՝ https://rm.coe.int/16800d383a…) և այն տեղադրել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ հանրությանն իրազեկելու և փորձագիտական քննարկումներ կազմակերպելու նպատակով»,-նշված է ՀԽ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը հուլիսի 25-ի լիագումար նիստին դեմ էր արտահայտվել Կոնվենցիայի վավերացմանը։

Դեմ արտահայտվելով բռնության ցանկացած դրսևորման՝ խորհուրդը գտել է, որ ՀՀ գործող օրենսդրությունը, մասնավորապես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որը քննարկվել և Ազգային ժողովի կողմից հաստատվել է նաև ՀԽ առաջարկների ընդունմամբ, կարգավորում է ոլորտի խնդիրները։ Իսկ եթե կան հարցեր, որոնք օրենքում ներառված չեն, սակայն ամրագրված են կոնվենցիայի որոշ դրույթներում և ընդունելի են, կարող են ՀՀ օրեսնդրական փոփոխությունների արդյունքում ներառվել գործող օրենքների մեջ։ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հիմնական տեսակետը եղել է այն, որ կոնվենցիան պարունակում է տարակարծությունների տեղիք տվող ձևակերպումներ, հասարակության և փորձագիտական շրջանակներում առկա են մտահոգություններ, չկան ամբողջական ու լիարժեք պարզաբանումներ ու վերլուծություններ կոնվենցիայի ընդունման հետևանքների կամ արդյունքների վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այն վավերացնելուց։ Խորհրդի անդամները բաց քվեարկության արդյունքում միաձայն դեմ են արտահայտվել կոնվենցիայի ընդունմանը և առաջարկել, որ ոլորտի մասնագետները քննարկեն կոնվենցիայի համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: