Հայերեն   English   Русский  

Արամ Հարությունյանը Հայաստանում է, և իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նրան, քանի որ լավ է թաքնվում. Սիլվա Համբարձումյան


  
դիտումներ: 246

Այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով դատավորությունը, ներկա էր նաև գործով տուժող, գործարար Սիլվա Համբարձումյանը։ Նա լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Արամ Հարությունյանը Հայաստանում է, և իրավապահները չեն կարողանում հայտնաբերել նրան, քանի որ լավ է թաքնվում։

«Գործով անցնող անձանցից 3-4–ը փախած են՝ այդ թվում Սուրեն Ավագյանը, «Սևանի» հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Գործով միայն մեկն է կալանավորված, մեկը ստորագրությամբ է շրջում Հայաստանում, իսկ կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին, չեն կարողանում գտնել։ Բոլորը պնդում են, որ Արամ Հարությունյանը Հայաստանում է։ Ես կարծում եմ, որ Արամ Հարությունյանին պետք է արագ բռնել»։

Ըստ գործարարի՝ երբ ուժի մեջ մտնի «Կոռուպցիոյով հարստացածների» մասին օրենքը, բոլոր դատավարություններն արագ կավարտվեն։

Անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանին պատասխանատվության ենթարկելու հարցին, գործարարը հույս հայտնեց, որ այդ գործն էլ մոտ ապագայում հանգուցալուծում կստանա։

«Սամվել Մայրապետյանն իրոք հիվանդ է, և ես կարծում եմ՝ նա Գերմանիայում կբուժվի, կվերադառնա, չեմ կասկածում, որ նա իսկապես հիվանդ է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: Դեռեւս նախորդ տարի գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: