Հայերեն   English   Русский  

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման և հետագա զարգացումների հետ կապված արդեն քրգործ է հարուցվել. Կառավարությունում այսօր քննարկել են առաջացած խնդիրները


  
դիտումներ: 81

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ հուլիսի 26-ին հուրգադայից Հայաստան են տեղափոխվել 132 ՀՀ քաղաքացիներ, իսկ հուլիսի 29-ին՝ 183 ՀՀ քաղաքացիներ, որից 8-ը մանկահասակ, սակայն 109 ՀՀ քաղաքացիներ դեռևս Հուրգադայում են, որոնք այսօր Երևանի ժամանակով 14.25-ին կտեղափոխվեն Երևան «Տարոն Ավիա» ընկերության օդանավով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ՀՀ կառավարության բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 47 մլն դրամ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: Ըստ նրա՝ Երեւան-Հուրգադա չվերթների եւ ՀՀ քաղաքացիների՝ Հուրգադայում մնալու պատճառներից մեկն այն է, որ կան բավական ազատական իրավակարգավորումներ:

«Տուրօպերատորին մեր օրենսդրությունը չի ներկայացնում այնպիսի պահանջներ, որոնք երաշխավորում են այդ կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը:Այժմ Տուրիզմի կոմիտեն եւ մեր նախարարությունն աշխատում են այլ երկրներում, մասնավորապես մեր նման երկրներում իրավակարգավորումների ուսումնասիրությամբ, որ հասկանանք, թե ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել Հայաստանի դեպքում»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ լավագույն եղանակը տուօպերատորների ստանձնած պարտավորությունները ապահովագրելու պահանջի ամրագրումն է: Այսինքն, եթե այդ կազմակերպությունն ինչ-ինչ պատճառներով չի կատարում իր պարտավորությունները, գործի ապահովագրության մեխանիզմը: Նրա խոսքով, պետք է մտածել եւ այնպիսի մեխանիզմ առաջարկել, որ դա շատ թանկ չարժենա սպառողների վրա:

Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները խելամիտ վճարի դիմաց կցանկանան ապահովագրված լինել հյուրանոցի սպասարահում գիշերելու ռիսկից»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Գեղամ Գեւորգյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն ուսումնասիրություն է սկսել դեպի Եգիպտոս ուղեւորափոխադրումների ծառայությունների շուկայում:

Նրա խոսքով, մայիսի 1-ից հուլիսի 31-ը Երեւան-Հուգադա, Երեւան-Շարշ էլ-Շեյխ եւ հակառակ ուղղությամբ տեղափոխվել է 29 333 ուղևոր:

«Ավիափոխադրումները եւ տուրփաթեթները փոխկապակցված շուկաներ են: Քանի որ ավիատոմսն ու հյուրանոցային ծառայություները մեկ փաթեթով են վաճառում, պետք է բացահայտել, թե արդյոք հյուրանոցի համար վճարները ներառում են ամբողջական բոլոր ծախսերը թե ոչ: Որովհետեւ շատ հաճախ մենք ունենք տեղեկատվություն, որ դրանք որոշակի հարկային պարտավորություններից խուսափելու միջոցով ստանում են մրցակցային առավելություններ, եւ այստեղ դեմպինգային որոշակի քաղաքականություն է տեղի ունենում»,-ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը:

Նա հավելեց, որ դիմել են տուրիստական ընկերություններին, որպեսզի հավաքագրեն գնի եւ ինքնարժեքի ձեւավորման, ծառայությունների մատուցման ամբողջական գործընթացի մասին տեղեկություններ:

Իր հերթին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման եւ հետագա զարգացումների հետ կապված արդեն քրգործ է հարուցվել:

«Այս պահին ոստիկանությունում նյութեր են հավաքվում»:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում էր մնացել ավելի քան 100 ՀՀ քաղաքացի: Խնդիրը կապված էր A&R ընկերության տուրօպերատորի հետ՝ ընկերությունը չեղարկել էր Հուրգադա–Երևան չվերթը` Orange to Fly հունական ավիաընկերության հանդեպ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: