Հայերեն   English   Русский  

Օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին ելույթ կունենամ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում․Փաշինյան


  
դիտումներ: 341

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 6-ին ներկա է լինելու Ստեփանակերտում համահայկական խաղերի բացմանը և արցախցիների հետ ունենալու է կարևոր խոսակցություն։

Սևանա լճից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետը։

«Ինչպես տեղյակ եք, օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարեւոր մի իրադարձություն՝ համահայկական խաղերի բացումը։ Այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր հատվածների ներկայացուցիչները։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը եւ խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի, եւ նրա ստեղծած հնարավորությունների մասին, այդ հնարավորությունները ճշգրիտ եւ արդյունավետ օգտագործելու մասին։ Այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին ժամը 19։00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, եւ սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այդ օրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում Արցախի մեր բոլոր հայրենակիցներին, որովհետեւ նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել, եւ հույս ունեմ՝ այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով ունենալ շատ կարեւոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի եւ վաղվա անելիքների մասին»,- ասաց նա եւ նշեց, որ անդրադառնալու է նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք օրակարգին վերաբերվող առանձին հարցերի. «Ընդհանուր առմամբ, մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարեւոր արձանագրում անելը, եւ սրանից բխող հետեւություններ անելը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: