Հայերեն   English   Русский  

Եթե Ստամբուլյան կոնվենցիան Սահմանադրական դատարանի թեթև ձեռքով հայտնվի Ազգային ժողովում, մենք դեմ ենք քվերակելու. Գևորգ Պետրոսյան


  
դիտումներ: 139

Այսօր՝ օգոստոսի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է խմբակցության դիրքորոշումը ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված:

««Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի (Ստամբուլյան) կոնվենցիայի հարցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի դիրքորոշում, իսկ որոշումը կկայացվի, եթե կոնվենցիան հայտնվի Ազգային ժողովի տիրույթում: Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այն ամենին, ինչ ուղղված է մեր արժեհամակարգի դեմ, ինչը սպառնալիք է մեր պետականության համար, մենք դեմ ենք լինելու։ Եթե կոնվենցիան Սահմանադրական դատարանի թեթեւ ձեռքով հայտնվի Ազգային ժողովում, մենք դեմ ենք քվերակելու։ Խմբակցությունը որոշում չունի դեռ, քանի որ այն չի հայտնվել Ազգային ժողովի օրակարգում, բայց դատելով մի շարք հանգամանքերից, այդ թվում՝ առաջին հերթին մեր կուսակցության ղեկավարի ավանդական հայացքներից, մեր պատգամավորների ելույթներից ու կարծիքներից, մենք դեմ ենք այն ամենին, ինչն ուղղված է մեր արժեհամակարգի դեմ»,-նշեց նա։

Գեւորգ Պետրոսյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանողներին խորհուրդ է տալիս ուշադիր ընթերցել ՀՀ սահմանադրությունը. «Արդարադատության նախարարին ու նրա տեղակալներին եւ բոլոր նրանց, ովքեր կրծքով պաշտպանում են այս կոնվենցիան, ես խորհուրդ կտամ ուշադիր կարդալ մեր երկրի սահմանադրությունը։ Մեր սահմանադրությամբ չի խրախուսվում բռնությունը, ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ կնքվող դաշինքն է, ընտանիք ասելով հասկանում ենք արական եւ իգական սեռերի միասնությամբ ստեղծվող միավորը»։

Պատգամավորը համոզված է՝ այս կոնվենցիան դեմ է մեր ավանդույթներին. «Կոնվենցիայում ասվում է կանայք եւ տղամարդիկ պետք է վերանայեն իրենց սոցիալական վիճակի, դերի կարծրատիպերը, այսինքն՝ ամուսինը դառնա՞ կին, կինը դառնա՞ ամուսին։ Սա մեզ հարիր չէ, բավական է մենք ձեւականորեն քայլենք Եվրոպայի ուղղությամբ, մենք որտեղ պետք է, եվրոպական արժեքները չենք ընդունում, որտեղ պետք է՝ եվրոպական քաղաքակրթության նվաճումները մեզ համար անհասանելի են, որովհետեւ բյուջե չունենք, մասնագետներ չունենք եւ այլն, բայց որտեղ պետք չէ, հղում ենք անում եվրոպական արժեքներին։ Մենք հայ ենք, ավանդապաշտ ազգ ենք, ունենք ավանդույթներ եւ չպետք է թույլ տանք, որ որեւէ մեկը թքի այդ ավանդույթների վրա, քայլի դրանց վրայով»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: