Հայերեն   English   Русский  

​«Ապագա մտածողի» թանգարանում...


լուսանկարներ


  
դիտումներ: 1712

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Նիկոլայ Կոստանդյանի հետ:

-Պարոն Կոստանդյան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որ բացվել է 2015-ին, ՀՀ ամենաերիտասարդ թանգարաններից է, այն դեպքում, երբ այս տարի արդեն տոնում ենք Կոմիտասի 150-ամյա հոբելյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

-Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013 թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով: Իսկ պաշտոնապես թանգարանը բացվեց 2015-ի հունվարի 29-ին: Իհարկե, ցանկալի կլիներ, որ թանգարանն առավել վաղ ստեղծվեր, բայց խորհրդային տարիները, հոգևորական Կոմիտասի կերպարը, գուցե և այլ խոչընդոտներ պատճառ են դարձել, որ թանգարանի ստեղծումը հետաձգվի:

Բարեբախտաբար Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այսօր արդեն իրականություն է, որը մեզ հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել ոչ միայն որպես թանգարան, այլև գիտահետազոտական կենտրոն, որտեղ կատարվում են ամենատարբեր ուսումնասիրություններ միջնադարագիտության, կոմիտասագիտության և ընդհանրապես Կոմիտասի կյանքին ու ստեղծագործական ուղուն առնչվող բոլոր բնագավառներում: Ունենք նաև գրադարան, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու հնարավորություն: Առհասարակ մեր կատարած աշխատանքները շատ բազմաբնույթ են: Եվ մեզ այդ առիթը տալիս է ոչ միայն նորաստեղծ թանգարան լինելու հանգամանքը, այլև Կոմիտասի անձը, որ նոր գաղափարների ու մոտեցումների մի հսկա շտեմարան է: Նրա միջոցով մենք կարող ենք ներկայացնել ոչ միայն հայ ժողովրդի երաժշտական պատմությունը, այլև մի ամբողջ դարաշրջան: Թանգարանում կիրառում ենք ոչ միայն վիզուալ, այլև ձայնային որոշակի տեխնոլոգիաներ, ինտերակտիվ բնույթի ծրագրեր ու խաղեր, որ այցելուն ավելի դինամիկ ձևով ծանոթանա ցուցադրությանը, մասնակիցը լինի իր տեսածին ու լսածին: Ըստ էության՝ մեր մշտական ցուցադրության ողջ ընթացքում անցնում է Կոմիտասի կյանքի ժապավենը՝ կադր առ կադր յուրաքանչյուր այցելուի առջև բացելով հայտնի ու անհայտ շատ պատմություններ:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

-Ի՞նչ աջակիցներ եք ունեցել Կոմիտասին վերաբերող իրերի ու նյութերի հավաքագրման հարցում, և այսօր ինչպե՞ս է համալրվում թանգարանը նոր ցուցանմուշներով:

-Կոմիտասին վերաբերող արխիվային նյութերի մեծ մասը գտնվում էր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որտեղից և բերեցինք մեզ մոտ: Մշտական ցուցադրության գեղանկարչական հատվածը Ազգային պատկերասրահից տեղափոխվեց թանգարան, մի քանի նմուշներ էլ՝ Ազգային գրադարանից:

Թանգարանն առաջին նվիրատվությունն ունեցել է հենց 2015-ի հունվարի 29-ին: Բյուրեղապակյա թանաքամանով արծաթյա գրչակալը, որ երկրպագուները Կոմիտասին տվել են 1908-ին Բաքվում համերգներից մեկի ժամանակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը թանգարանի բացման օրը նվիրեց մեզ: 2015-ից առ այսօր նվիրատվությունները շարունակվում են:

-Ի՞նչ սրահների է բաժանված թանգարանը:

-Մենք ունենք ութ թեմատիկ սրահներ՝ «Ժամանակագրություն», «Կոմիտասը և իր ժամանակակիցները», «Կոմիտասի միտքը», «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը», «Կոմպոզիտոր Կոմիտասը», «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը», «Կոմիտասի ելույթները», «Կոմիտասից հետո»: Այս սրահներից յուրաքանչյուրում ներկայացվում է Կոմիտասի կենսագրական ու ստեղծագործական գործունեության որոշակի հատված:

-Ի՞նչ գիտական գործունեություն է ծավալում թանգարանը:

-Գիտական գործունեության մասով ունենք ձևավորված ավանդույթ. յուրաքանչյուր տարի հրապարակում ենք գիտական պարբերական, որտեղ զետեղված հոդվածները կոմիտասագիտության և միջնադարյան երաժշտության վերաբերյալ են: Ընդգրկված հեղինակներն ամբողջ աշխարհում հայտնի մասնագետներ են: Մեր գիտական հոդվածները հրատարակվում են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային պարբերականներում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Այս տարի երկլեզու հրատարակեցինք Կոմիտասի մանկական ստեղծագործությունները: Առհասարակ մեր հրատարակումները մեծամասամբ երկլեզու են, որ հասանելի լինեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Շատ ակտիվ են նաև թանգարան-ինստիտուտի գիտաշխատողները, որ հաճախակի մասնակցություն են ունենում Հայաստանում և արտերկրում կազմակերպված հեղինակավոր գիտաժողովներին:

Ամեն կերպ փորձում ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակները՝ թանգարանի գիտական գործունեության հատվածին առավել մեծ թափ հաղորդելու համար:

Կարևորում եմ նաև մեր գրադարանի գոյությունը, որը ծավալում է և´ ուսումնագիտական, և´ երաժշտական գործունեություն: 2018-ից մենք ներգրավվեցինք Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիային՝ որպես գրադարան, որի շրջանակներում երկկողմ հանդիպումներ և աշխատակիցների վերապատրաստումներ ենք իրականացնում: Նպատակ ունենք թվայնացնել եղած ձայնապնակային հատվածը: Ինչպես տեսնում եք, անելիքները շատ են:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

-Թանգարանի սրահները հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Արդյոք այս փաստը ծառայու՞մ է իր նպատակին: Եվ ընդհանրապես ի՞նչ քայլեր եք ձեռնարկում առավել մեծ թվով այցելուներ ունենալու համար:

-Այո, միանշանակ, դա մեր թանգարանի առավելություններից է: Ուրախալի է տեսնել, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ հանգիստ այցելում են մեզ: Բացի շենքային պայմաններից՝ իրականացնում ենք նաև հաշմանդամներին ներգրավող մի շարք ծրագրեր:

Ընդհանրապես մեր մեծ ցանկությունն է, որ թանգարան այցելեն հայեր ամբողջ աշխարհից, և, ինչու չէ, նաև շատ օտարերկյա քաղաքացիներ: Դրա համար մենք նպատակամղված աշխատում ենք թե´ մանկապարտեզների ու դպրոցների, թե´ միջազգային կառույցների և տուրիստական ընկերությունների հետ: Կրթական, ուսումնական ու գիտական ծրագրերն օգնում են թանգարանն առավել հասանելի և հետաքրքիր դարձնել հատկապես դպրոցահասակների ու երիտասարդների համար: Ունենք նաև ամառային դպրոց: Շատ կարևոր է, որ այս ամենի արդյունքում փոքրիկները հետագայում սիրով ու պատրաստակամորեն այցելեն թանգարան:

Անցկացրել ենք նաև միջազգային ֆորում Եվրոմիության պատվիրակության հետ համատեղ, որտեղ ներգրավված էին չորս եվրոպական երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանը: Կարելի է ասել՝ փորձում ենք առավելագույն ակտիվ ներգրավում ունենալ ու ներգրավել ավելի շատ մարդկանց:

-Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների բաժինն ի՞նչ ուղղվածությամբ է իրականացնում իր նախագծերը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

-Ժամանակավոր ցուցադրությունների բաժնում կազմակերպում ենք տարեկան մոտ 2-3 ցուցադրություն՝ ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից արվեստի ոլորտից: Այդ ցուցադրությունները որոշակիորեն պիտի առնչվեն նաև Կոմիտասի կյանքին ու գործունեությանը: Շատ հետաքրքիր ցուցահանդես ունենք այս պահին՝ «Կտոր-կտոր» խորագրով, որը Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակներում ներկայացնում է արվեստագետ Անուշ Ղուկասյանի խեցեգործական ինստալյացիան: Հախճապակե զարդադրվագները հիշեցնում են Կոմիտասի ծննդավայր Քյոթահիայի հայ վարպետների գործերը: Նաև մեկ ժամանակավոր ցուցադրություն՝ «Ապագայ մտածողը» խորագրով, կազմակերպեցինք թանգարանին հարակից Կոմիտասի անվան զբոսայգում` նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Աշխարհի տարբեր երկրների արվեստագետներն ու դիզայներներն իրենց յուրօրինակ անդրադարձը կատարեցին Կոմիտասին և նրա ապրած ժամանակաշրջանին։ Նման միջոցառումները նոր շունչ են հաղորդում թանգարանին և մեծացնում այցելուների թիվը:

Արդեն սեպտեմբերի 26-ին բացվելու է բավականին հետաքրքիր և բազմաժանր մի ցուցահանդես՝ «Ուսուցիչը» խորագրով՝ նվիրված Կոմիտասին և նրա աշակերտներին:

-Մի փոքր զրուցենք Կոմիտասի 150-ամյակի շրջանակներում իրականացվող միջոցառումներից:

-2015-ից ի վեր թանգարանի իրականացրած ծրագրերի մեջ շատ են այնպիսինները, որ իրենց տեսակի մեջ առաջինն են մեր իրականության մեջ: Նույն էլ վերաբերում է 150-ամյակի հետ կապված նախագծերին: 150-ամյա հոբելյանը լավ հնարավորություն է թանգարանի միջոցով ներկայանալ աշխարհին որպես մշակութային ժառանգություն ունեցող երկիր: Ամբողջ տարվա կտրվածքով նախատեսել ենք 250-300 միջոցառում և ամեն բան անում ենք աշխատանքները պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու համար: Նախագծերը և´ համերգային են, որոնց մասնակցում են հանրապետության լավագույն երաժիշտները, և´ գիտական: Այս տարի նույնպես «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի ութը (Կոմիտասի ծննդյան օրերը՝ հին ու նոր տոմարով): Փառատոնի ավարտից հետո այն կշարունակենք Գերմանիայի տարբեր կրթամշակութային օջախներում:

-Թանգարան-ինստիտուտի ՖԲ էջը թերթելիս հանդիպում ենք «Կոմիտասի այս օրը» խորագրով բավական գրավիչ շարքին:

-Դա հետաքրքիր և հավանության արժանացած ծրագիր է Կոմիտասի 150-ամյակի շրջանակներում՝ նախաձեռնված մեր թանգարանի աշխատակիցների կողմից: Ամեն օր ՖԲ օգտատերերը կարող են մեր էջում ծանոթանալ Կոմիտասի կյանքի այս կամ այն դրվագին՝ հաճախ հենց համընկնող տվյալ օրվա հետ:

-Ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

-Մենք աշխատող օրգանիզմ ենք, և բնական է, որ ունենանք նաև խնդիրներ, բայց ես չեմ սիրում բարձրաձայնել դրանք: Բոլորը պիտի հստակ իմանան՝ սա Կոմիտասի անունը կրող կրթամշակութային կենտրոն է, որը, անկախ բոլոր դժվարություններից, պատրաստ է իրագործելու առաջարկվող ցանկացած լավ նախաձեռնություն:

Այս թանգարան-ինստիտուտը համարում եմ առաջնային մշակութային ձեռքբերում: Այն հոգևոր և մտավոր արժեքների մեկտեղում է Կոմիտասի կյանքի ու գործունեության միջոցով: Այսպիսի թանգարան ունենալը մեծ պատասխանատվություն է: Յուրաքանչյուր թանգարան կարիք ունի դառնալու մեր ընդհանուր առօրյայի բաղկացուցիչը՝ մեզնից ստանալով թե´ նյութական, թե գաղափարական աջակցություն: Ուստի կուզեի խոսքս ուղղել մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս, եթե ունեք Կոմիտասի կյանքի ու գործունեության հետ որոշակի նյութեր, կապվեք թանգարանի հետ, որ միասին հարստացնենք բոլորիս կողմից արդեն շատ սիրված այս հրաշալի թանգարանը:

-«Ապագա մտածողը». այսպես Կոմիտասը ստորագրել է 1906-ին երաժիշտ Մարգարիտ Բաբայանին ուղղված նամակի վերջում: Արդյոք այսօր եկե՞լ է «ապագա մտածողի» ժամանակը:

-Թանգարանի ձևավորման ժամանակ սոցհարցում անցկացվեց, և ցավով պարզեցինք, որ շատ քիչ բան գիտենք Կոմիտասի մասին: Եվ թանգարանը հենց առաջնահերթ լծված է «ապագա մտածողի» կյանքի ու գործի հանրահռչակմանը: Այո´, Կոմիտասի գործունեությունն ամբողջությամբ ուղղված էր մատաղ սերնդին, ուղղված էր ապագային: Եվ մենք այսօր աստիճանաբար ենք հասու լինում Կոմիտասի մտքերին, գաղափարներին և ըստ այդմ էլ առաջնորդվում ենք նրա նախանշած ճանապարհով:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: