Հայերեն   English   Русский  

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատներ


  
դիտումներ: 73

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Եղեգնաձոր, Գորիս, Վայք, իսկ օգոստոսի 6-ին՝ Հրազդան և Չարենցավան քաղաքներ:

Նախարար Ցոլակյանը շրջել է ԱԻՆ տարածքային ստորաբաժանումներում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է հրշեջ-փրկարարների հետ և հետաքրքրվել նրանց ունեցած խնդիրներով:

Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարներին ներկայացրել է արդեն կատարված և ընթացքում գտնվող ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները, հրշեջ-փրկարարական ջոկատների նյութական հագեցվածությունը, ինչպես նաև հիմնանորոգել փրկարարների կողմից զբաղեցված շենք-շինությունները:

Արդեն լուծված է փրկարարներին պարբերաբար տրվող նոր համազգեստի խնդիրը, մարտական հաշվարկները ապահովված են վառելիքի և այլ անհրաժեշտ պաշարներով:

Նախարար Ցոլակյանը նշեց, որ հնարավոր ամեն ինչ արվելու է ոչ միայն պարգևավճարների պարբերական վճարման, այլև աշխատավարձերի բարձրացման համար:

ԱԻ նախարարը փրկարարներին կոչ արեց համընդհանուր արձակուրդային շրջանում նույն պատասխանատվությամբ և զգոնությամբ շարունակել ծառայողական պարտականությունների կատարումը և միշտ բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը:

Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց Համահայկական խաղերի հետ կապված մշտական հսկողություն սահմանել Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի վրա:

Նախարարի աշխատանքային և ստուգողական այցերը կրում են շարունակական բնույթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: