Հայերեն   English   Русский  

Բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ. Արայիկ Հարությունանը՝ ՀՊՏՀ դասախոսների բողոքի մասին


  
դիտումներ: 1130

Այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների ահազանգի մասին, ըստ որի դասախոսական կազմի մրցույթի արդյունքում 200 դասախոս կարող է զրկվել աշխատանքից, ասաց, որ տեղի է ունեցել մրցույթ, նոր կարգ է սահմանվել, ըստ որի լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել։

«Մրցույթի արդյունքների հարցով նրանք դիմել են դատարան, իրավական գործընթաց է, որոնք կկարգավորվեն օրենքի սահմաններում, որևէ խնդիր չեմ տեսնում»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ բուհում անառողջ մթնոլորտ է, նախարարն արձագանքեց. «Ես նման մթնոլորտ չեմ տեսնում բուհում, նորմալ գործընթացներ են գնում, եւ առողջացման գործընթաց է գնում, բնականաբար դա որոշակի դիմադրություն պետք է առաջանա, բայց եթե նրանք կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունն այդ կոնկրետ հարցերին կանդրադառնա»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ ցանկանում հանդիպել նրանց հետ, դասախոսները պնդում են, որ ուզում են հանդիպել եւ խնդիրը նախարարի հետ քննարկել, որին Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ախր հիմա որ ասեմ, կասեն ասում է, բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ, հիմա ռեկտորի պաշտոնակատար այլ մարդ է դարձել, այս ուղղությամբ են գնում»։

Նա, սակայն, բողոքող դասախոսների հետ հանդիպելու մասով հավելեց, որ կարող են գալ, ինքը որեւէ խնդիր չունի հանդիպելու հետ կապված։

Նախարարը նշեց, որ ռեկտորի պաշտոնակատարին համարում է տնտեսագիտության ոլորտի երիտասարդ ամենահեռանկարային մասնագետներից մեկը։

Իսկ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության վերաբերյալ ԲՈԿ–ի ղեկավարի հետ կխոսի, կպարզեն արտագրված է այն, թե այս լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

200 դասախոսի՝ բուհից դուրս մնալու մասով Արայիկ Հարությունյանն ասաց, որ նման տեղեկություն չունի. «Ես գիտեմ, որ տեղի է ունեցել մրցույթ, նոր կարգ է սահմանվել, ըստ այս նոր կարգի լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել»։

Նախարարը, սակայն, շեշտեց՝ բուհերում ունենք ուռճացված համակարգեր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: