Հայերեն   English   Русский  

Քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի. Արմեն Գրիգորյանը՝ Արցախի նախագահական ընտրությունների մասին


  
դիտումներ: 115

Այսօր կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ Հայաստանում փորձագետների որոշակի շրջանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթի ուղերձները ճիշտ չի ընկալել: Խոսելով Արցախում առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին՝ ասաց, որ Հայաստանը, ինչպես վարչապետն է հայտարարել, լինելու է Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ազատ ընտրությունների երաշխավորը։

«Մենք աջակցելու ենք Արցախում ազատ, արդար ընտրություններին, և սա է մեզ համար ամենաառաջնային խնդիրը», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե գործնականում ինչպե՞ս է արտահայտվելու Հայաստանի աջակցությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Քննարկվել ու այս պահին ընդունման վերջնական փուլում է Արցախում նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը։ Այդ ամբողջ գործընթացին մենք աջակցել ենք, որպեսզի հնարավորինս ժողովրդավարական մեխանիզմներ ներառվեն դրանում, որպեսզի լինի մեխանիզմ, որի օգնությամբ կանցկացվեն ազատ, արդար ընտրություններ Արցախում»։

Մյուս հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Արցախի Սահմանադրությունը փոխելու մասին Սամվել Բաբայանի նախաձեռնությանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ընդհանրապես, կարծում եմ, որ քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի։ Ես ինքս ամբողջ կյանքս պայքարել եմ որևիցե քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ և կյանքում որևէ նպատակի համար երբևիցե չեմ աջակցի ու նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ»։

Լրագրողը նկատեց, որ Հայաստանում իշխանությունները նախաձեռնում են սահմանադրական փոփոխություններ և այդ նպատակով 2020 թվականին աշխատանքային խումբ է ձևավորվելու և հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակով է դա արվելու։

«Հայաստանի արդարադատության ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծելու համար պահանջվում են նաև Սահմանադրական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների նպատակը արդարադատության համակարգում արդյունավետություն և բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է», -ի պատասխան ասաց Գրիգորյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: