Հայերեն   English   Русский  

​5 միլիոն բնակչի պատրանքը և իրականությունը. Ավետիք Չալաբյան


Ֆեյսբուքյան գրառում


  
դիտումներ: 220

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած նպատակին, ըստ որի՝ 2050 թվականին ունենալու ենք 5 միլիոն բնակչություն, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2017 թ․ սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր նպատակն է 2040 թվականին Հայաստանում ունենալ 4 մլն բնակիչ։ Սա շատ անսովոր հայտարարություն էր, քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստանը պաշտոնապես ընդունել էր 3,106 հազար բնակչով, իսկ այդ պահին արդեն նրանց թիվը նվազել էր մինչև 2,973 հազար, այսինքն՝ ավելի քան 130 հազար բնակչով, իսկ արտագաղթը իր իշխանության տարիներին կազմել էր մոտ 245 հազար բնակիչ։ Թե ինչպես էր Սերժ Սարգսյանը հաջորդ 22 տարիների ընթացքում շրջելու այդ ընթացքը և երկրի բնակչությունը ավելացնելու ավելի քան 1 միլիոն մարդով, ոչ ոք պատկերացում չուներ, բայց կարևոր էր մեծ թիվ հայտարարել, ու այն անվանել "ազգային տեսլական"։

Իր նախորդին այս շաբաթ որոշեց գերազանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարեց իր էլ ավելի հավակնոտ "տեսլականի" մասին՝ 2050 թվականին Հայաստանում ունենալ 5 միլիոն բնակիչ։ Հրաշալի թիվ է, և թերևս ամեն հայ մարդ կուզենար Հայրենիքում այդպիսի հայահավաք իրականացնել, բայց փորձենք պատկերացնել՝ արդյոք այն հնարավորություն ունի իրականություն դառնալու։

Հայաստանի բնակչությունը վերջին հինգ տարիների ընթացքում տարեկան պաշտոնապես նվազում է մոտ 8-10 հազար մարդով, և այս պահի դրությամբ պաշտոնապես կազմում է մոտ 2,961 հազար մարդ։ Բնակչության նվազման այս տեմպը պահպանվել է նաև վերջին մեկ տարում, երբ իշխանության էր գտնվում Նիկոլ Փաշինյանը։ Եթե այս տեմպը պահպանվի առաջիկա տարիներին, ապա Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի լավագույն դեպքում 2,7 միլիոն մարդ, իսկ իրականում էլ ավելի քիչ, քանի որ բնական աճը տարեցտարի նվազում է, և մասնագետների կանխատեսումներով, հաջորդ տասնամյակի կեսից սկսած, բացասական է դառնալու։ Դա նշանակում է, որ 5 միլիոնի "տեսլականի" իրականացման համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում ապահովել մոտավորապես 2,3-2,4 միլիոն և կամ տարեկան միջինը 80 հազար բնակչի ներգաղթ։ Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ (չհաշված ցեղասպանության տարիները) դա ընդամենը մեկ անգամ է եղել, երբ 1949 թ․ Ստալինյան ռեժիմը մոտ 100 հազար հայերի Արևելյան Եվրոպայի երկրներից վերաբնակեցրեց Խորհրդային Հայաստանում, սակայն դա ավարտվեց աղետով. այդ մարդանց մեծ մասը հայտնվեց գետտոներում, ոմանք էլ՝ Սիբիրում, մեծ մասը չինտեգրվեցին Հայաստանին և լքեցին երկիրը հետագա տարիներին։

Որպեսզի այդ նույնը կրկնվի 30 տարի անդադար, ավելի քան գերմարդկային ջանքեր են պետք։ Օրինակ՝ ամեն տարի Հայաստանում պետք է կառուցվի Վանաձորի չափ մի քաղաք (ընդ որում ավելի բարեկարգ) և այնտեղ ներգաղթող բնակչությունը ապահովվի որակյալ աշխատանքով։ Սա մոտավորապես 10-12 միլիարդ ԱՄՆ դոլարի ծախս է պահանջելու ամեն տարի, այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն հիմա 3 միլիարդ դոլար է ու չի բավականացնում բազմաթիվ օրհասական կարիքների համար։ Կարելի է պնդել, որ ծախսերի մի մասը կհոգան իրենք՝ ներգաղթողները, մի մասն էլ՝ ներդրողները, սակայն նույնիսկ այս դեպքում պետությունը պետք է վիթխարի ծախսեր անի, որպեսզի ստեղծի նախնական պայմանները և նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ ներդրողներն էլ պետք է ստեղծեն բազմաթիվ նոր բիզնեսներ, որպեսզի մարդկանց որակյալ աշխատանքով ապահովեն։ Թեև այս ամենը տեսականորեն անհնար չէ, իրականությունն այն է, որ երեսուն տարի անընդմեջ ոչ մի երկիր ներգաղթի այդպիսի տեմպեր չի կարողացել ապահովել, և հիմք չկա պնդելու, որ հենց մենք ենք գտել այն կախարդական փայտիկը, որ թույլ կտա դա անել։

Իրականությունը նաև այն է, որ ունենալ տարեկան կայուն 10-15 հազար մարդու զուտ ներգաղթ, ներկայիս 20 հազարի արտագաղթի փոխարեն, արդեն հսկայական հաջողություն կլինի մեր երկրի համար։ Այն յուրաքանչյուրիցս մեծ աշխատանք է պահանջելու, քանի որ այսօր երկրում բնակչության մոտ 30%-ը դեռ ապրում է աղքատության մեջ և շարունակում է արտագաղթել, պաշտոնական գործազրկության մակարդակը դեռ 20%-ից ավելի է, և աշխատողներից շատերն էլ չունեն որակյալ աշխատանք, և այդ պայմաններում խոսել 5 միլիոն բարեկեցիկ բնակչի մասին, նշանակում է մարդկանց կերակրել պատրանքներով և շեղել իրականությունից։

Դրա փոխարեն, մեզ պետք է կառավարություն, որն առավոտից երեկո թեևերը քշտած գործ է անելու, լուծելու է հերթով երկրի առաջ կանգնած խնդիրները, արագացված զարգացնելու է տնտեսությունը, դրանով հայ մարդկանց մոտ ապագայի նկատմամբ վստահություն է ստեղծելու, և այդ դեպքում գուցե մի հրաշալի օր մենք իսկապես կտեսնենք, որ արտագաղթին փոխարինում է ներգաղթը, երիտասարդները վստահությամբ ընտանիքներ են կազմում, ընտանիքները սկսում են ավելի շատ երեխա ունենալ, երկրի բնակչությունն էլ վերջապես սկսում է աճել։

Մինչ այդ բոլորիդ լավ օր եմ ցանկանում, հավատով, որ արդեն մոտ ապագայում մենք այս ամենը կտեսնենք»։






Մեկնաբանություններ - 1

agob.k     11.08.2019 nikol asav nor hayastan 5. mlyon pnaqjutyun bidi unena qareli a u vstah a vorovhdev ink uni ir plan nahkan kan bidi haydarare hayastan L.K.P.D.qetron a voj te 5.mlyon ayl milyoner bidi huGen hayastan
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: