Հայերեն   English   Русский  

Նավասարդ


  
դիտումներ: 1997

Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը,

Եվ առավոտը նավասարդյան,

Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,

Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,

Ինչպես օրենքն էր թագավորների…

Նավասարդը հայոց նոր տարին է: Նավասարդ ամիսը սկսվել է օգոստոսի11-ին և ավարտվել սեպտեմբերի 9-ին:

Նավասարդ տոնը հայտնի է նաև Նախրաթող անվամբ: Ըստ ավանդության` տոնի ժամանակ Նավասարդ անունով մի հովվի հանձնել են նախիրը` պահպանության: Բայց նախրապանը լքել է նախիրը` տոնին մասնակցելու համար: Դրանից հետո տոնը կոչվել է նաև Նախրաթող:

Նավասարդ նշանակում է նոր տարի: Այն Հայոց ձորում Հայկի և Բելի միջև տեղի ունեցած ճակատամարտի օրն է: Քրիստոնեության օրոք եկեղեցին այն հարմարեցրեց իր տոնացույցին և նշում էր որպես Արարատի գլխին Նոյյան տապանի հայտնվելու օր:

Նավասարդը երիտասարդների, հարսանյաց ծեսերի տոնն էր:

Առաջներում այն նշվում էր մեծ շուքով, տոնահանդեսով, արքունի և ժողովրդի մասնակցությամբ, զորահանդեսով, թատերական ներկայացումներով, ձիարշավներով, սուսերամարտով… Այն հայոց պետության գլխավոր տոնն էր: Նավասարդին զոհաբերություններ էին կատարում հայոց բոլոր աստվածներին: Տոնը նշվում էր ողջ Հայոց աշխարհում, բայց ամենամեծ տոնախմբությունները լինում էին գլխավոր տաճարներում` Բագավանում, Աշտիշատում, Նպատ լեռան լանջին…

Բոլոր առումներով Նավասարդը ճոխ տոն էր. նրանում գերիշխող էր հայոց հաղթող ոգին ու միասնության գաղափարը:

Նավասարդը հայոց մեջ հյուրասիրությունների տոն էր: Բոլորն անխտիր սեղաններ էին բացում, իրենց բերքից, ինչքից ու ունեցվածքից բաժին հանում մյուսներին: Նավասարդի սեղանների զարդը նույնպես քյաշկա հարիսան էր: Սակայն Նավասարդի հարիսային, որպես կանոն, շերեփ չպետք է կպչեր: Դա արվում էր նրա համար, որպեսզի «տարին անցնի առանց կռիվների»:

Նավասարդին ամեն ինչ պետք է առատ լիներ: Մեծ թվով զոհաբերություններ էին կատարվում: Անասունների եղջյուրները ներկում էին տարբեր գույներով և նրանց ընծայում հայոց աստվածների տաճարներին: Նավասարդի տոնի բուն խորհուրդը Ամանոր աստծուն էր պատկանում, որ իր մեջ պարունակում էր լիություն և զարթոնք: Ամանորի և Վանատուրի տոնակատարությունները միշտ միասին են նշվել: Վանատուրը Ամանորի եղբայրն է և հյուրասիրության, հյուրընկալության աստվածը, ճամփորդների և պանդուխտների հովանավորը: Վանատուրի պաշտամունքից է գալիս և այն, որ մինչ օրս հայերի ամանորյա սեղաններին միշտ հատուկ սպասք է դրված պանդուխտների ու տնից բացակայողների համար: Ագաթանգեղոս պատմիչը Վանատուրին տալիս է Ամանորաբեր անունը:

Այնքան սիրելի էր Նավասարդը հայոց մեջ, որ անգամ քրիստոնեությունը չկարողացավ արմատախիլ անել և վերափոխել այն: Դեռ ուշ միջնադարում Հայաստանի շատ գավառներում այն տոնվել է ու մեզ հասել:

Աշտիշատում, որտեղ գտնվում էին հայոց յոթ գլխավոր բագինները (Արամազդ, Անահիտ, Միհր, Նանե, Աստղիկ, Վահագն, Տիր), նույնպես Նավասարդը նշվում էր հանդիսավորությամբ ու ժողովրդական խաղերով: Այստեղ հասարակ մարդկանց մոտ իր հմտությունն էր ցուցադրում հայ ռազմիկը: Բանակը շքերթով անցնում էր արքունիքի և ժողովրդի առջևով, զինավառ երիտասարդները ռազմի խաղեր և մրցումներ էին կազմակերպում:

Քրիստոնեությունն այս տոնը վերափոխեց. արգելվեցին տոնական զվարճահանդեսները, զոհաբերությունները: Զանգվածային մեծ միջոցառումներն արգելվեցին, և Նավասարդը դարձավ ընտանեկան տոն:

Մի հետաքրքիր սովորույթ է պահպանվել Նավասարդից. տոնի գիշերը նշանված կամ ազատ աղջիկները կեսգիշերին ընդեղեն, նվերներ էին գլխաշորի մեջ կապած իջեցնում փեսացուի տան երդիկից: Փեսացուի տնեցիները ջանում էին բռնել աղջկան: Եթե հաջողվում էր, հյուրասիրում էին, նվերներով ճանապարհում: Եթե նշանված աղջիկ կամ տղա չէր լինում տանը, նվերներ ու ընդեղեն էին կախում բարեկամների տների երդիկներից:

Հարիսա

1 կգ գառան միս

3 բաժակ հաճար

1 բ. յուղ

3 սոխ

աղ

Գառան միսը եփել, ոսկրահան անել և կտրատել: Եռացող արգանակի մեջ լցնել հաճարը, ավելացնել միսը և շարունակել եփել մարմանդ կրակի վրա: Վերջում ավելացնել աղ: Մատուցել` վրան ավելացնելով յուղ:

Լոռվա գաթա

Խմորը

1 կգ ալյուր

2 բաժակ շաքարավազ

2 բաժակ կաթ

1 բ. հալած յուղ

2 թ. գդ. թթխմոր

աղ

Խորիզը

3 բաժակ ալյուր

1,5 բաժակ հալած յուղ

կես բաժակ շաքարափոշի

վանիլին

2 ձվի դեղնուց

Խմորը պատրաստել, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում: Միաժամանակ պատրաստել խորիզը. ալյուրը հալած յուղով տրորել, ավելացնել շաքարի փոշի, վանիլին և խառնել այնքան, մինչև փխրուն զանգված ստացվի: Պատրաստի խմորը սեղանին մեկ անգամ էլ հունցել, բաժանել կտորների: Գնդերը գրտնակել, բարակացնել: Բացած շերտերի վրա յուղ քսել, վրան` խորիզ, ապա խմորը գլանաձև փաթաթել:

Ձևավորված խմորագլանը բաժանել 400 գրամանոց կտորների: Խմորի կտորները երկու կողմից սեղմել, կլոր բլիթի ձև տալ: Բլիթի եզրերը վեր բարձրացնել, եզրանախշել: Նախշել նաև արտաքինից: Պատրաստի բլիթը դնել փայլաթիթեղի վրա կամ թավայի մեջ, վրան ձվի դեղնուց քսել, պատառաքաղով ծակել մի քանի տեղից և թխել ջեռոցում 30 րոպե:

Նազուկ` աղիմիջուկով

Խմորը

3,5 բաժակ ալյուր

2 թ. գդ. թթխմոր

1 բաժակ ջուր

աղ

Միջուկը

2 բաժակ ալյուր

1 բաժակ հալած յուղ

զաֆրան

աղ

1 ձու և 1 բաժակ յուղ

Հունցել խմորը, թողնել 2 ժամ` հանգստանա: Պատրաստել միջուկը:

Պատրաստի խմորը գրտնակել և բացել 2 սմ հաստությամբ շերտերով: Շերտի մակերեսին քսել յուղ, երկտակ ծալել, նորից գրտնակել, յուղ քսել և նորից երկտակել: Կրկնել չորս անգամ: Վերջին անգամ գրտնակել, ռուլետի ձևով փաթաթել, բաժանել 70 գրամանոց կտորների: Յուրաքանչյուր կտորը բացել 5-7 մմ հաստությամբ: Բացված խմորի կենտրոնում լցնել 50 գ միջուկ: Ապա միացնել խմորի եզրերը և կլոր տեսք տալ: Նազուկի հաստությունը պետք է լինի մինչև 2 սմ: Դնել յուղ քսած փայլաթիթեղի վրա, խմորի վրա քսել դեղնուց և ծակծկել պատառաքաղով: Թխել տաք ջեռոցում 30 րոպեի ընթացքում:

Հալվա

1 ճ. գդ. յուղ

1 ճ. գդ. մեղր

1 ճ. գդ. մանրացված ընկույզ

1 բաժակ ալյուր

Թավայի մեջ յուղը հալեցնել, ավելացնել ալյուր: Բովել, մինչև ստանա դարչնագույն երանգ: Շրջել ափսեի մեջ, ձևավորել, վրան լցնել մեղր և մանրացված ընկույզի միջուկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: