Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 258

Անցած շաբաթվա ընթացքում լրատվամիջոցների առաջին էջերում էին Ղրղզստանը, Հոնկոնգը, Հնդկաստանն ու Պակիստանը և իհարկե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Շաբաթի առաջին իսկ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց ամերիկացիներին միահամուռ դատապարտել ռասիզմը, անհանդուրժողականությունը և այն գաղափարախոսությունը, որը հռչակում է սպիտակ ռասայի գերազանցությունը:

Նախագահի ելույթն արձագանքն էր այն երկու զանգվածային սպանությունների, որոնք նախորդած հանգստյան օրերին ցնցեցին երկիրը: Գրոհը Տեխասի Էլ Պասո առևտրի կենտրոնի վրա և հրաձգությունը Օհայո նահանգի դելտոն քաղաքում գտնվող բարի առջև 30 մարդու կյանք խլեցին:

Թրամփը հայտարարեց, որ այս սպանությունների պատասխանը պետք է լինեն հանրապետականների և դեմոկրատների համատեղ ջանքերը հրազենի շրջանառության վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ, առաջարկեց այդ միջոցառումները կապել ներգաղթի բարեփոխումների հետ և մեղադրեց ԶԼՄ-ներին զանգվածային սպանություններ հրահրող ատելություն և ցասում սերմանելու մեջ:

Մինչդեռ նույն այդ լրատվամիջոցները գրում են, որ մարդիկ են մահանում ոչ միայն հրազենից, այլև Թրամփի քաղաքականության հետևանքով: ՄԱԿ-ը, օրինակ, պաշտոնապես հայտարարեց, որ Իրանում հասարակ քաղաքացիներ են մահանում սոսկ դեղորայքի անհասանելիության պատճառով, ինչը Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հետևանք է: Մամուլում հայտնվեցին նաև պատմություններ այն մասին, թե ինչպես է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը մարդկային կյանքեր խլում: Արտաքսվելով առողջական ծանր վիճակում՝ մարդիկ մահանում են ծագման երկրում առանց տանիքի, առանց բուժօգնության և սննդի:

Նույն երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես եկավ նաև Վլադիմիր Պուտինը՝ կապված Փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրի ավարտի հետ (ՓՄՄՄՊ): Պուտինը համոզված է, որ պայմանագրի վերացումը լրջագույն կերպով բարդացրել է իրավիճակն աշխարհում և հիմնարար վտանգներ առաջացրել բոլորի համար: Այդ կապակցությամբ նա հանձնարարություն տվեց համապատասխան գերատեսչություններին ամենաուշադիր կերպով հետևել ԱՄՆ-ի քայլերին փոքր և միջին հեռահարության հրթիռների մշակման, արտադրության և տեղադրման ուղղությամբ: Եթե ԱՄՆ-ի կողմից նման քայլեր նկատվեն, ապա Ռուսաստանը նույնպես կսկսի նման հրթիռների մշակումը: Ընդ որում, նա կրկնեց այս տարվա հունվարին ստանձնած պարտավորությունը, այն է՝ նման հրթիռներ չտեղադրել այն տարածաշրջաններում և այնքան ժամանակ, քանի դեռ չեն տեղադրվի նման ամերիկյան արտադրության հրթիռներ:

Ի դեպ, այս շաբաթ Թրամփը նոր խորհրդական նշանակեց Ռուսաստանի գծով՝ Թիմ Մորրիսոնին, որը Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու որևէ փորձ չունի: Այս անձնավորությունը հայտնի է միջազգային սպառազինության վերահսկողության վերաբերյալ միջազգային պայմանագրերից ԱՄՆ-ն դուրս բերելու մղումով: Մի բան, որ նրան հարազատ է դարձնում ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին: Մորրիսոնին նույնիսկ անվանում են «Անբեղ Բոլթոն»:

Ռուսաստանում այս շաբաթ ԱՄՆ-ի հասցեին ակնարկներ արվեցին նաև Մոսկվայում բարձրացած ընդվզման ալիքի կապակցությամբ:

Դաշնության խորհրդի անդամները, ընդհատելով արձակուրդը, շտապ կարգով պետական ինքնիշխանության պաշտպանության և Ռուսաստանի ներքին գործերին միջամտության կանխարգելման ժամանակավոր հանձնաժողովի նիստ գումարեցին և եկան այն եզրակացության, որ Ռուսաստանը ենթարկվում է ներխուժման, մոսկովյան ընդվզումները ղեկավարվում են արտերկրից, մասնավորապես՝ Վաշինգտոնից:

Անցած շաբաթ առանձնապես շիկացած էր իրավիճակը Հնդկաստանում և Պակիստանում:

Հնդկաստանը սահմանադրական փոփոխություն կատարեց և վերացրեց 370-րդ հոդվածը` զրկելով Ջամմու և Քաշմիր շրջաններն ինքնավարությունից, որոնց բնակչությունը հիմնականում մահմեդական է։ Սրանք Պակիստանի հետ վիճելի տարածքներ են, որի հետևանքով Հնդկաստանի և Պակիստանի միջև երկու անգամ պատերազմ է եղել և մեկ լուրջ բախում: Այժմ տարածաշրջանում մտահոգված են, որ այդ քայլը կրկին կսրի իրավիճակը: Անցած դարի երկրորդ կեսին եղել են ժամանակաշրջաններ, երբ լեռնային Քաշմիրի վերաբերյալ լուրերը չէին իջնում մամուլի առաջին էջերից: Այդ շրջանը 1947, 1965 և 1999 թթ. Հնդկաստանի և Պակիստանի չորս զինված հակամարտություններից երեքի պատճառն է եղել, ընդ որում 1999-ին երկու կողմն էլ արդեն միջուկային պետություն էին: Մնացած ժամանակներում նույնպես Քաշմիրում և նրա շուրջը իրավիճակը հեռու է եղել խաղաղությունից: Եվ այժմ ահա Հնդկաստանի քայլը կրկին ոտքի է հանել Պակիստանին և մահմեդական քաղաքական գործիչներին: Ի պատասխան Քաշմիրում ծայր են առել ձերբակալությունները, շրջանը լիակատար հաղորդակցական շրջափակման մեջ է. անջատված են հեռախոսագծերը և ինտերնեետը, մարդիկ չեն կարողանում շտապօգնություն կանչել կամ կապվել հարազատների հետ:

Ուժայինների և կառավարության անդամների հետ արտահերթ խորհրդակցությունում Պակիստանի վարչապետ Իմրան Խանը խոստացել է «լույս սփռել հնդկական դաժան, ռասիստական վարչակարգի վրա»: Պակիստանը մտադիր է ստեղծված ճգնաժամի լուծման գործում ներգրավել Միավորված ազգերի կազմակերպությանը, իսկ Պակիստանի բանակը բերվել է մարտական պատրաստության:

Ծանր իրավիճակ է նաև Հոնկոնգում, որտեղ ոստիկանությունը ստիպված ցուցարարներին քշելու համար արցունքաբեր գազ օգտագործել և զանգվածային ձերբակալություններ անել: Երկուշաբթի այստեղ համընդհանուր գործադուլ հայտարարվեց, օդանավակայանում ավելի քան 200 չվերթ չեղարկվեց, չէր գործում նաև օդանավակայան տանող երկաթուղին: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը հայտարարեց, որ ցույցի մասնակիցները խափանում են սկզբունքը, որով կառուցվել են Հոնկոնգի և Չինաստանի հարաբերությունները՝ «մեկ երկիր, երկու համակարգ»: Նրա խոսքով՝ քաղաքի բարգավաճումը և կայունությունը վտանգի տակ են:

Անցած շաբաթ աշխարհի ուշադրությունը սևեռվեց նաև Ղրղզստանի վրա, լուր տարածվեց, որ հատուկջոկատայինները գրոհել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տան վրա, որպեսզի ձերբակալեն նրան: Գրոհի ժամանակ կիրառվել են ռետինե փամփուշտներ և աղմկաձայնային նռնակներ, սակայն քաղաքական գործչի կողմնակիցները պաշտպանվել են քարերով։ Տուժել է 10 մարդ: Տեղեկացվեց, որ Աթամբաևը ձերբակալվել է, սակայն հետագայում հերքվեց այդ տեղեկությունը: Երկրորդ օրը կրկին նրան ձերբակալելու գործողություն կատարվեց, և Աթամբաևը հանձնվեց:

Բախումների ժամանակ ավելի քան 50 մարդ է վիրավորվել, մի հատուկջոկառային զոհվել է։ Ալմազբեկ Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-17 թթ.: Հունիսի 17-ին նրա դեմ 9 մեղադրանք է առաջադրվել: Հունիսի վերջին Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահին զրկել է անձեռնմխելիությունից: Աթամբաևը չի ընդունում մեղադրանքները և պնդում է, որ իր նախկին թիմակից, ներկայիս նախագահ Ժեենբեկովը քաղաքական հալածանք է սկսել իր դեմ:

Մեզ համար, անշուշտ, ուշագրավ էին այն հայտարարությունները, որոնք արեց Թուրքիան անցած շաբաթ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների խորհրդաժողովի ժամանակ անդրադարձավ արցախյան հարցին։ «Մենք մինչև վերջ կանգնելու ենք եղբայրական Ադրբեջանի կողքին, հատկապես Ղարաբաղի հարցում»,- ասաց նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ Բուրսայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողություններ ծավալելու մտադրության մասին, իսկ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում հավաստիացրեց, որ թուրքական պետությունը միշտ կաջակցի Ուկրաինայի անկախությանը: «Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի բռնակցումը», - ընդգծել է Էրդողանը: Նա նաև հավելել է, որ թուրքական կողմը կշարունակի պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները:

Եվս մի քանի ուշագրավ իրադարձություններ

Պաշտոնաթող եղավ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Սեյմի նախագահ Մարեկ Կուխցինսկին, և նոր խոսնակ ընտրվեց Էլժբետա Վիտեկը: Մարեկ Կուխցինսկին հեռացավ կառավարական ինքնաթիռը չարաշահելու հետ կապված սկանդալի պատճառով: Լրատվամիջոցները պարզել էին, որ Կուխցինսկին բազմիցս ծառայողական ինքնաթիռով թռել է իր ծննդավայրը՝ իր հետ հաճախ վերցնելով ոչ միայն ընտանիքին, այլև իշխող կուսակցության անդամներին և նրանց հարազատներին: 2018 թ. մարտից մինչև 2019 թ. մայիսը նա մոտ 100 այդպիսի թռիչք է կատարել, որոնք բյուջեի վրա նստել են 4 մլն զլոտի (ավելի քան 1 մլն դոլար): Ինքը՝ Կուխցինսկին այդ թռիչքները բացատրել է բնակչության հետ հանդիպումներով:

Իտալիայում մոտ ժամանակներս ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրություններ կլինեն: Որբաթ Իտալիայի իշխող «Լիգա» կուսակցությունը Ջուզեպպե Կոնտեի կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկություն արեց և պնդեց, որ վոտումը հնարավորինս արագ կազմակերպվի: Եթե Սենատը քվեարկի Կոնտեի կառավարությանը անվստահություն հայտնելու օգտին, ապա երկրի նախագահ Մատարելլան կփորձի փոխզիջում գտնել, եթե ոչ, ապա կորոշի արձակել խորհրդարանը և նոր ընտրություններ հայտարարել:

Շվեդիայի Էսկիլստուն քաղաքում օրինականացրել են մուրացկանությունը: Այստեղ պարտավորեցրել են մուրացկաններին երեք ամիսը մեկ իրենց գործունեության վճարովի թույլտվություն ձեռք բերել, հակառակ դեպքում խոշոր տուգանք կվճարեն:

Մոնիկա Լևինսկին դարձել է հանրաճանաչ «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի երրորդ սեզոնի պրոդյուսերներից մեկը, որը կրում է «Իմփիչմենթ. հանցագործությունների ամերիկյան պատմություն » անվանումը: Այն նվիրված է 1998 թ. սեքս սկանդալին, որի հետևանքով ԱՄՆ ժամանակի նախագահ Բիլ Քլինթոնը հայտնվել էր կործանման եզրին: Սերիալը նկարահանվելու է Ջեֆրի Թուբինի «Մեծ դավադրություն. իրական պատմություն սեքս սկանդալի մասին, որը քիչ մնաց ոչնչացներ նախագահին» գրքի հիման վրա: Սակայն, հեղինակների խոսքով, իրենք ցանկանում են այդ իրողությունը պատմել կնոջ տեսանկյունից: «Այդ պատմությունը շատ նրբերանգներ ունի, որոնց մասին մարդիկ չգիտեն: «Մարդկանց համար դա հատկապես հետաքրքիր կլինի նախագահական ընտրություններից առաջ, դա ցնցող շոու կլինի»,- ասել է FX հեռուստակայանի ղեկավար Ջոն Լանդգրաֆը: Պրեմիերան տեղի կունենա 2020 թ. սեպտեմբերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: