Հայերեն   English   Русский  

ՊՆ-ն ընդունում է, որ Ցոլակ Խաչատրյանին պահեստազոր արձակելու գործընթացում առկա են առերևույթ անճշտություններ և թերացումներ


  
դիտումներ: 298

Բազմիցս անդրադարձել ենք նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանի խնդրին, որ մի քանի անգամ հացադուլ էր սկսել Կառավարության դիմաց: Զինվորականը պահանջում է Պաշտպանության նախարարությունից իրեն վճարել ծառայության ընթացքում հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։

Ոտնահարված իրավունքների համար Խաչատրյանի երկարատև պայքարը կարծես դրական որոշ փոոխություններ է արձանագրում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս արձանագրել է, որ ՊՆ-ն բազմաթիվ բացթողումներ է թույլ տվել՝ կապված Խաչատրյանի զորացրման և նրան հասանելիք գումարի վճարման հետ, սակայն միայն օրեր առաջ է ՀՀ ՊՆ-ն հրապարակել իրենց ուսումնասիրության արդյունքները:

Ըստ այդ ուսումնասիրության՝ Ցոլակ Խաչատրյանի գործն ուսումնասիրվել է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կողմից, որը հանգել է այն եզրակացության, որ Ցոլակ Խաչատրյանին պահեստազոր արձակելու գործընթացում առկա են առերևույթ անճշտություններ և թերացումներ: Այս պահին ընթանում է ծառայողական քննություն՝ առկա թերացումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը, ինչպես նաև կարգը հստակեցնելու նպատակով:

Ցոլակ Խաչատրյան

Այս պահին Ցոլակ Խաչատրյանը սպասում է ծառայողական քննության վերջնական եզրակացությանը:

Մեզ հետ զրույցում նա նաև տեղեկացրեց, որ օրեր առաջ armlur.am կայքում հրապարակված նյութի վերաբերյալ ինքը դիմել է Գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ կայքում՝ «Ով է կառավարության շենքի դիմաց հացադուլ անող մայորը. ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնում» վերնագրով նյութ էր հրապարկվել, որտեղ, լրագրողի հարցմանն ի պատասխան, Պաշտպանության նախարարությունից ստացվել էր գրավոր պատասխան, որ մայոր Ցոլակ Խաչատրյանն իր ծառայության ընթացքում դրսևորել է վատ վարք և խախտումներ, ունեցել է 8 նկատողություն հրամանատարության կողմից և 5 անգամ դատապարտվել է:

Ըստ Խաչատրյանի, ՊՆ-ն լրատվամիջոցին նման տեղեկատվություն տրամադրելով, խախտել է անձնական տեղեկատվության գաղտնիության իրավունքը:

Նույն կայքում տեղ գտած մեկ այլ հրապարկման մեջ Խաչատրյանը իրավունքի խախտման վերաբերյալ հանցագործության մասին հայտարարություն էր տվել, որին, սակայն, իրավապահ մարմինները չեն անդրադարձել: Այդ պատճառով երեկ՝ օգոստոսի 12-ին, Խաչատրյանը դիմել է Գլխավոր դատախազություն:

Նախկին զինվորականն այժմ սպասում է, որ ի վերջո ՊՆ-ն կվճարի իրեն հասանելիք գումարը և կվերականգնվեն խախտված իրավունքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: