Հայերեն   English   Русский  

Դավիթ Տոնոյանը կարծում է, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողը մոլորվել է


  
դիտումներ: 97

Այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ

Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է։

«Դեռևս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,-նշեց նա։

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով՝ Տոնոյանը հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետևից, և չտարածել այդ տեղեկությունները. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»։

Հարցին՝ արդյոք քայլեր արվո՞ւմ են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են և համապատասխան միջազգային կառույցներին դիմել են:

ՊՆ նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցել է, թե ոչ. «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: